пятница, 30 августа 2013 г.

Ամեն տեսակ խնդրանքների կատարման զորավոր աղոթք Սբ. Գրիգոր Նարեկացուց

Կենդանի Աստուծո Որդի, օրհնյալ` ամեն բանի մեջ, դու` ահավոր Հոր անքննելի ծնունդ, Քեզ համար անկարելի բան չկա:
Երբ քո փառավոր ներկայության
Անստվեր նշույլները ծագեն`
Մեղքերը կը հալվեն,
Դեւերը կը հալածվեն,
Հանցանքները կը ջնջվեն,
Կապանքները կը խզվեն,
Շղթաները կը փշրվեն,
Մահացածները նոր ծնունդով
Կը կենդանանան,
Հարվածները կը բժշկվեն,
Վերքերը կ՛առողջանան,
Ապականությունը կը վերանա,
Տխրությունը տեղի կտա,
Հեծությունը կը նահանջի,
Խավարը կը փախչի
Մշուշը կը մեկնի,
Մառախուղը կը հեռանա,
Մռայլը կը փարատվի,
Աղջամուղջը կը սպառվի, 
Մութը կը վերանա,
Գիշերը կը մեկնի,
Տագնապը կը տարագրվի,
Չարիքները կը չքանան,
Հուսահատությունը կը հալածվի
Եւ քո ամենակարող ձե՛ռքը
Կը թագավորի,
Ո՛վ քավիչ բոլորի:
Դու, որ չեկա՛ր մարդկանց հոգիները կորցնելու, այլ` փրկելու, քո անսահման ներողամտությամբ ների՛ր իմ անթիվ չարիքները, որովհետեւ միայն դո՛ւ ես երկնքի մեջ անճառելի եւ երկրի վրա անքննելի, որ ներկա ես գոյություն ունեցող յուրաքանչյուր տարրի մեջ եւ աշխարհի բոլոր կողմերում. դու ամեն բանի սկիզբը, ամեն բանի մեջ ներկա, որ կատարելապես օրհնաբանվում ես բարձունքներում. Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին` փա՜ռք Քեզ` հավիտյան:
Ամեն:
Մատյան Ողբերգության, գլ. ԽԱ

0 коммент.:

Отправить комментарий