четверг, 19 сентября 2013 г.

ՕՁ և ԱՂԱՎՆԻ /Մեկնություն/

Այսօր Հովհաննես ընթերցողի առաջարկով կծանոթանանաք ավետարանական` 
«Այսուհետև խորագե՛տ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման» 
խոսքի մեկնությանը: Հատվածը, որ գտնվում էՄատթեոսի Ավետարանի 10-րդ գլխում, ներկայացնում է Տիրոջ խորհուրդները և հրահանգները առաքյալներին` Բարի Լուրը քարոզելու գործում: Ուրեմն եկեք հորդորը նախ դիտենք այս համատեքստում: Պարզ է, որ առաջին դարում հասարակ հրեա առքյալների կողմից նոր ուսմունքի քարոզչությունը հսկայական խոչընդոտների ու խութերի պիտի հանդիպեր: Թերևս սրա լավագույն ապացույցներն են բոլոր առաքյալների (բացառությամբ Հովհաննես Աստվածաբան Ավետարանչի) նահատակությունը և մինչև 4-րդ դար քրիստոնեության հանդեպ ընդլայնված ու գազանաբարո հալածանքները Հռոմեական Կայսրությունում և դրա տարածքից դուրս: Ուստի ամենևին պատահական չէր, որ Փրկիչը աշակերտներին զգուշացնում էր` «Ահա ես ձեզուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ» (Մատթ. 10:16), ինչից հետո առաջադրում  «գայլերի» միջավայրում գործելու լավագույն լուծումը` քարոզչության մեջ այնքան կարևոր 2 կետ`

 Օձերի նման խորագետ լինել

  • Օձի «խորագիտությունը» հաճախ շփոթ է առաջացնում «խորամանկության» հետ` հավանաբար կապվելով Ծննդոց գրքի օձի հետ (Ծննդ. 3:1), սակայն ինչպես Հովհաննես Ծործորեցի վարդապետն է նշում` աշակերտներին քարոզչության ուղարկելիս Քրիստոս պատգամում է, որ ինչպես Եդեմի օձը գեղեցիկ խոսքրով կարողացավ Աստծուց հեռացնել և մեղքի մեջ գցել նախածնողներին, այնպես էլ առաքյալները պետք է կարողանան ճիշտ տեղին և ժամանակին ասված խորիմաստ խոսքով մարդկանց դեպի Աստված դարձնել:  
  • Պայքարի, պաշտպանության և հարձակման ժամանակ օձերը, որպես կանոն, պատրաստ են զոհաբերել միչև իսկ մարինը (պոչը)` միշտ ջանալով հնարավորինս անվնաս պահել գլուխը: Նույն կերպ Քրիստոս հորդորում է չարի դեմ պայքարում հաղթանակած դուրս գալու համար պատրաստ լինել զոհաբերելու հնարավոր ամեն բան, մինչև իսկ սեփական մարմինն ու կյանքը (հմմտ. Հովհ. 16:2Մատթ. 10:28 ), բայց ոչ միայն հավատքի գլուխը` Հիսուս Քրիստոսին, քանզի հենց Հիսուսի հաղթանակն է հանուն ճշմարտության այդ պայքարի նպատակն ու արդյունքը (հմմտ. Եփես. 4:15-16): 
  • Օձերի խորագիտությունը բնության մեջ արտահայտվում է նաև զգուշավորությամբ ու հարմարվողականությամբ: Նոր տարածքներ «ներխուժելիս» օձերը երբեք նախահարձակ չեն լինում, այլ արտաքնապես ձուլվելով շրջակա միջավայրի հետ սպասում են (հաճախ այդ սպասումը կարող է օրեր տևել) հարմար պահի` գրոհի և հաղթության համար: Այս օրինակով պատգամվում է առաքյալներին շտապողականության չդիմել և լավ ուսումնասիրել այն միջավայրը, որտեղ պատրաստում են տարածել Աստծո Խոսքը, որպեսզի հանդիպեն ոչ թե հակառակության, այլ շահեն մարդկանց սրտերը (հմմտ. Ա Կորնթ. 9:19-23): 
  • Եկեղեցու հայրերը առաջ են քշում գեղցիկ մի մեկնաբանություն ևս. ինչպես օձն է ժամանակի հետ հրաժարվում և իր վրայից նետում հին կաշին, այդպես էլ առաքյալները պարտավոր են քարոզել մարդկությանը մի կողմ նետել հին մարդուն իր մեղքերով և զգեստավորվել նոր, առաքինի, մեղքից զուրկ կյանքով (հմմտ. Եփես. 4:22-24): 

 Աղավնիների նման միամիտ լինել

  • Գաղտնիք չէ, որ մարդկության պատմության ու համաշխարհային մշկույթի մեջ աղավնիները պատկերացվում են որպես միամտության, ազնվության, խաղաղության և բարության խորհրդանիշներ: Ահա Տերը հորդորում է առաքյալներին լինել աղավնիների պես, այսինքն քարոզչության մեջ չմոռանալ քրիստոնեական առաքինության մասին և գործել միայն Աստծո օրենքներով` երբեք ու երբեք չչարանալով «գայլերի» հալածանքների դեմ (հմմտ. Հռոմ. 12:21): 
  • Աղավնիների միամտությունն արտահայտվում է նաև անհիշաչարության մեջ: Անկախ սպասվելիք հալածանքներից ու Աստծո Խոսքի հանդեպ խուլ լինելուց` Քրիստոս պատգամում է մնալ սիրո մեջ և վերստին դառնալ դեպի մեղավորները` անհիշաչարորեն շարունակելով Տիրոջ Ավետարանի սերմանումը (հմմտ. Բ Տիմ. 2:22-24): 
  • Աղվնիները մշտապես հավատարիմ են իրենց տերերին և որքան էլ հեռու չվեն ու ինչպիսի վտանգների մեջ էլ հայտնվեն, միևնույն է, վերադառնում են իրենց տերերի մոտ: Քրիստոս հորդորում է միշտ հիշել Տիրոջը և անկախ քարոզչության շրջանում առաջացած դվարություններից միշտ դառնալ դեպի Նա: 

Հետաքրքրական է, որ Քրիստոս օձի և աղավնու, թվում է թե իրարամերժ կերպարները զուգորդում է մեկ` քարոզիչ-առաքյալների գործելաոճի մեջ: Հովհաննես վարդապետ Ծործորեցին Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ այս առթիվ խրատում է. «...թողնելով օձի նենգությունը` առե՛ք նրա իմաստությունը և մի կողմ նետե՛ք աղավնու անմտությունը` վերցնելով նրա պարզամտությունը, որոնց խառնուրդից կազմվում է մի շատ գեղեցիկ առաքինություն, որով շատերին կարող եք հաղթել»:


Աղբյուր` http://www.sarkavagagirq.net/2012/05/blog-post.html 

0 коммент.:

Отправить комментарий