понедельник, 16 сентября 2013 г.

Եկեղեցական կարգ ու կանոնի և ապաշխարության վեճեր


Ekxecakan karg u kanoni vecher
 Տարբեր էին հասկացողութիւնները նաև մեղքի թողութեան սկզբունքների մասին: Յետ-առաքելական շրջանում դեռ ևս տիրապետող էր նախնի քրիստոնէական խստութիւնը, որի համաձայն համայնքի մէջ մտնող ամեն մի անդամ իբրև եղբայր և սուրբ ի Քրիստոս պարտաւոր էր իւր բարոյական կեանքով ցոյց տալ համայնքի մէջ գործող հոգին: Սովորական թեթև յանցանքների համար մշտական ապաշխարութիւնն (Բ. Կղեմէս) և մեղքի թողութիւնը թոյլատրելի էր համայնքի առաջ և համայնքի կողմից. բայց ուր համայնքի մէջ գործող հոգու դէմ պարզ կերպով յանցանք էր գործուած, անհրաժեշտ էր դառնում արտաքսումը (հմմտ. դեռ Ա. Կորնթ. Ե): Բայց դեռ ևս որոշ չէր այդպիսի դէպքերի սահմանը: Այնուամենայնիւ սկսում են տարբերել ծանր ու թեթև յանցանքները: Միւս կողմից սահմանափակւում է շնորհքի գործունէութիւնը. միայն մի անգամ, մկրտութեան առթիւ կատարած նախկին մեղքերի ապաշխարութիւնից յետոյ, շնորհուել են հեթանոսական մեղքերը: Մկրտութեան վրայ են կենդրոնանում թէ ապաշխարութիւնը և թէ շնորհքը: Այն անհատը, որ այնուհետև կորցրել է ապահով փրկութեան հաղորդակցութիւնը, նրա համար եկեղեցին այլ ևս միջոց չունի հաղորդակցութիւնը վերանորոգելու համար: Արտաքսուածի հետ նա այլ ևս յարաբերութիւն ունենալ չէր կարող. թէև Աստուծոյ ողորմածութիւնը նրան դուրսն էլ օգնել կարող է, բայց համայնքի համար նա մեռած է արդէն (Ա. Յովհ. Ե. 16., Եբր. Զ. 4-6 Ժ. 26. Տերտուլիանոս. հմմտ. Մատթ. ԺԸ. 17., Ա. Կորնթ. Ե. 5. 11): Այս հասկացողութիւնը շատ խիստ էր նաև այն պատճառով, որ կազմակերպուած կաթուղիկէ եկեղեցու մէջ մի համայնքից արտաքսելը նշանակում էր ամբողջ եկեղեցուց արտաքսել:
Այս դաժան սկզբունքներին հակասում էր իսկական իրականութիւնը: Քրիստոնէութեան տարածման հետ միասին և հալածանքների պատճառով սկսում են աւելի յաճախ դառնալ հեթանոսավայել գործերը, ինչպէս օրինակ անառակութիւն, սպանութիւն և ուրացութիւն: Րոպէական թուլութիւնից ուրացողները և այդ պատճառով արտաքսուածները, զղջմամբ նորից ընդունուել էին կամենում և բնական էր, որ սկզբունքների մէջ մեղմութիւն մտնէր այսպիսիների համար եկեղեցու մէջ: Այդպիսի մեղմ սկզբունքների առաջին անգամ պատահում ենք Հերմասի Հովուականի մէջ. նա թոյլ է տալիս մի Բ. ապաշխարութիւն` գլխաւորապէս անառակութեան համար, բայց միայն մի վերջին անգամ, որովհետև Տիրոջ գալուստը մօտ է, որ այդ պէտք է եկեղեցական օրէնք դառնայ, ամենևին չի մտածում Հերմասը: Բայց այս դէպքում էլ թոյլ է տալիս նա մեղաւորին միայն ցմահ ապաշխարել եկեղեցու գաւթում: Լուգդունումի և Վիեննի համայնքների թղթի համաձայն (Եւս. Ե. 1 և այլն) միայն այնպիսի անկեալներն են նորից ընդունւում, որոնք հէնց հալածանքի ժամանակ քաւել են իրենց յանցանքը:
Տերտուլիանոսի ժամանակ, որը այս հարցերը առանձին գրութիւնների նիւթ է դարձնում, ծանր յանցանքներն տեսնում ենք երկուսի բաժանուած` ներելի և աններելի: Առաջիններն այդպիսով մօտենում են թեթև մեղքերին, որոնք համայնքի մէջ ներւում են. տարբերութիւնը միայն այն է, որ այս յանցանքների համար պատժելու, և ոչ թէ դատապարտելու նպատակով ժամանակաւորապէս մերժում են համայնքի հաղորդակցութիւնից: Աններելի յանցանքները միայն հետևեալ երեքն են` սպանութիւն, անառակութիւն, ուրացութիւն: Վերջին դէպքերում էլ զղջմամբ լի յանցաւորները իրաւունք են ստանում, թէև յաւիտենական ապաշխարութեան համար, գաւթում մնալու: Այսպիսով եկեղեցու մէջ կազմւում է մի ամբողջ սանդուխք ապաշխարութեան և պատիժների, սկսած ամենօրեայ սովորական թողութեան խնդիրքից (Ե. խնդրուածք) և թեթև մեղքերի ներելուց մինչ— ծանր յանցանքներն ու համայնքից արտաքսելը ևլն. կարճ` դաստիարակչական մի ամբողջ սիստեմ:
Ինչ որ առաջին անգամ մկրտութիւնն էր արել, այն այժմ կատարում է ապաշխարութիւնը և այստեղ մեծ նշանակութիւն են սկսում ստանալ բացի ներքին փոփոխութիւնից, նաև արտաքին ճգնական գործողութիւնները. ժուժկալութիւնը, կամաւոր յանձնառութեամբ կրած պատիժները ևլն: Եթէ առաջ սոցա նպատակն էր ցոյց տալ զղջման լրջութիւնը, այժմ սոքա միջոց են դառնում վիրաւորուած Աստծուն բաւականութիւն տալու համար (Տերտուլիանոս): Իսկ որովհետև համայնքը Աստուծոյ տաճարն էր, միևնոյն ժամանակ բաւականութիւն էր տրւում նաև համայնքին: Աստուծոյ ներելուց կախուած էր սկզբում ի հարկէ համայնքի ներելը, բայց հետզհետէ եկեղեցու փրկութեան միջնորդ դառնալով` յարաբերութիւնը փոխւում է. համայնքի մէջ ընդունելն` համարւում է անհրաժեշտ, իսկ Աստծուն մնում է վերջին խօսքը: Մեղքի թողութեան արտաքին գործողութիւնը կատարում է համայնքի ամբողջութիւնն իբրև Ս. Հոգու ներկայացուցիչ. բայց ինչպէս մի ժամանակ առաքեալներն ու մարգարէները (Ա. Կորնթ. Ե. 3. շար.), այնպէս էլ այժմ նահատակներն ու խոստովանողներն են նոյն հոգու ներգործութեան արտայայտիչները, որոնք իրենց մէջ բնակուող հոգու զօրութիւնն ապացուցել են դէպի մահ դիմելով. այդ պատճառով էլ նոքա իրաւունք ունին թողութիւն տալու մեղքերին և համայնքների առաջ էլ միջնորդելու ուրիշների համար (Եւս. Ե. 1): Նահատակութիւնը ոչ միայն սեպհական ամենածանր մեղքերն է ջնջում, այլ և մեծ քանակութեամբ աւելի վաստակ է հանդէս բերում, որից բաժին ստանալ կարող են խեղճերը (Եւս. Ե. 2): Այս համոզումն էր պատճառը, որ Բ. դարում անկեալների ընդունելութիւնը մարտիրոսների և խոստովանողների միջոցով Աստուծոյ կամքի արտայայտութիւն էր համարւում: Բայց հէնց նոյն Բ. դարու ընթացքում այդ իրաւունքն էլ կամաց կամաց դուրս է գալիս ազատ շնորհքի ներկայացուցիչների ձեռքից և կենդրոնանում է հաստատուն պաշտօնէութեան` եպիսկոպոսի ձեռքում: Եպիսկոպոսն է համայնքի օրգանը և նրա բերանով է համայնքը մէկին թողութիւն շնորհում կամ արտաքսում համայնքից: Այդպէս էր արդէն Տերտուլիանոսի ժամանակ: Թէև ըստ Տերտուլիանոսի բանալիների իրաւունքը ամբողջ համայնքինն է, բայց առանձնապէս առաքեալների եպիսկոպոս յաջորդներին են վերաբերում Յովհ. Ի. 23 — Մատթ. ԺԶ. 19, ԺԸ. 18. Տիրոջ խօսքերը: Զարգացման այս ուղղութիւնը պատճառ դարձաւ, որ հետզհետէ բարձրացաւ եպիսկոպոսական պաշտօնի առարկայական նշանակութիւնը, այն ինչ նրա բարոյական մաքրութիւնն սկսեց թուլանալ:
Մոնտանական շարժումը անյաջող կերպով ընդդէմ դուրս եկաւ այս զարգացմանը, կամենալով հաստատուն պահել նախնի քրիստոնէութեան խիստ սկզբունքները: Տերտուլիանոսի մէջ էլ դեռ ևս հին մոնտանական տրամադրութիւններն են խօսում, երբ նա ծանր յանցանքների շարքն է դնում համայնքի` իբրև Աստուծոյ տաճարի դէմ գործուած բոլոր յանցանքները, և ասում է թէ` եկեղեցին յիրաւի իրաւունք ունի մեղքեր ներելու, որովհետև նրա մարգարէների մէջ է հոգին, բայց նա այդ չէ անում դաստիարակչական իմաստութիւնից դրդուած: Բայց սկզբնական մոնտանականութեան այս խիստ սկզբունքներն արդէն յաղթուել էին և Տերտուլիանոսը ներկայացնում է մեզ այդ թուլացած աստիճանը: Նա էլ աններելի է համարում կռապաշտութիւնը, անառակութիւնն ու սպանութիւնը, նա էլ դոցա համար արտաքսում է համայնքից, բայց չէ զրկում ապաշխարութեան իրաւունքից. զղջացողները իրաւունք ունին մինչև իրենց կեանքի վերջը եկեղեցու գաւթում ապաշխարելու: Տերտուլիանոսն էլ ընդունում է, որ եպիսկոպոսն իբրև համայնքի ներկայացուցիչ իրաւունք ունի թեթև յանցանքները, այնպիսիք, որոնք յիշեալ երեքի կարգին չեն պատկանում, ներել:
Մոնտանականութիւնը թէև չկարողացաւ շարժման առաջն առնել, բայց մի հիմնական տրամադրութիւն ստեղծեց, մինչև անգամ Հռովմում ու Կարթագենում Գ. դարու սկզբին, որ հին սկզբունքները պահպանել կամենալով, այլ ևս չէր ուզում զարգացման հետ յառաջ գնալ: Թէ ինչքան էր առաջ գնացել խնդիրը, երևում է այն հանգամանքից, որ խելքեսայիտներն ընդունելութիւն են գտնում նաև Հռովմում անշուշտ իրենց կրկին մկրտութիւնների պատճառով, մեղքերի թողութեան համար: Մինչև անգամ Հռովմի եպիսկոպոսը Կալլիստոսը նրանց հետ ունեցած յարաբերութիւնների պատճառով կասկածի տակ ընկաւ, թէ նրանց կողմն է անցել: Բայց Կալլիստոսը յիրաւի օգտուեց հանգամանքից և կրօնական վէճերով պառակտուած համայնքի մէջ իրեն համար հաստատուն հող գտնելու համար որոշեց զիջողութիւններ անել դիսցիպլինի նկատմամբ, մանաւանդ որ այդ մի միջոց էր միայն եպիսկոպոսական իշխանութեան հեղինակութիւնը բարձրացնելու:
Կալլիստոսը 217/8-ին մի էդիկտով յայտարարեց վճռական կերպով, որ ինքը եպիսկոպոսական իշխանութեամբ մինչև իսկ մահացու մեղքերը, ինչպէս օրինակ անբարոյականութիւն ներել կարող է: Այդ բանը գայթակղութիւն յառաջ բերեց, մանաւանդ որ նրա հեղինակը մի խաբեբայութեան համար փախած և ապա Սարդինիա աքսորուած նախկին հեթանոսական ստրուկ էր եղել (Հիպպոլիտ), և պատճառ դարձաւ ծանր վէճերի և Հիպպոլիտի հերձուածի Հռովմում, որ մինչև 235թ. տևեց ու վերջացաւ երկու հակառակ եպիսկոպոսների էլ աքսորմամբ:
Մեծ զայրոյթ առաջ բերեց այս կոնդակը նաև Աֆրիկայում, ուր մանաւանդ Տերտուլիանոսը լաւ հասկանում էր թէ ինչ էր ցանկանում դրանով եպիսկոպոսական պաշտօնը ձեռք բերել: Այս առաջին մեզ ծանօթ պապական բուլլան իւր մէջ ունի արդէն բոլոր հետևեալ բուլլաների քաղաքական բնաւորութիւնը: Տերտուլիանոսը կծու խօսքերով հասկացնում է իւր հակառակորդին, թէ ինչպէս որ եպիսկոպոսները առաքեալների մարգարէական ու հրաշքներ գործելու շնորհքը չունին, այնպէս էլ զուրկ են առաքեալների իրաւունքներից, որոնք աւելի մոնտանական մարգարէներին են պատկանում: Կալլիստի նուիրապետական ձգտումներն աւելի պարզ կլինին մեզ համար, եթէ ի նկատի առնենք նրա կարծիքները, որ նախ` եպիսկոպոսները, եթէ նոյն իսկ մահացու մեղք էլ գործած լինին, չեն կարող աթոռազուրկ լինել և Բ. մեղաւորներն անհրաժեշտ մասն են կազմում քրիստոնէական եկեղեցու, այնպէս ինչպէս որ ցորենի հետ փուշ ու տատասկ էլ է բուսնում: Սրբերի համայնքն այստեղ արդէն դառնում է «Փրկութեան դպրոց». եկեղեցին մի դաստիարակչական գործ ունի կատարելու այդ մեղաւոր անդամների նկատմամբ իւր եպիսկոպոսների միջոցով:
Եպիսկոպոսներն են ուրեմն, իբրև առաքեալների յաջորդներ, համայնքի թէ ուսուցիչները և թէ դատաւորները. և Հռովմն է Ա. անգամ այս գաղափարը որոշ կերպով արտայայտողը: Առաջին անգամ Կալլիստոսն է Մատթ. ԺԶ. 18. Տիրոջ խօսքը Հռովմի աթոռին վերագրում և այդպիսով Հռովմի առաջնակարգ դիրք ստանալը քրիստոնէական եկեղեցու մէջ նախապատրաստում: Pontifex maximus, quod est episcopus episcoporum-թէ և ծաղրական կերպով է գործ ածում Տերտուլիանոսը Հռովմի եպիսկոպոսի համար, բայց այդ հեգնութիւնն իսկապէս մի գուշակութիւն էր ապագայի համար:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ


0 коммент.:

Отправить комментарий