вторник, 17 сентября 2013 г.

Վրաց ուղղափառ եկեղեցին սեփականաշնորհում է Սամցխե-Ջավախքի հայկական վանքերն ու մատուռները


Վրաց ուղղափառ եկեղեցին որպես իր ունեցվածք գրանցել է Սամցխե-Ջավախք նահանգի Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա (որոշ աղբյուրներում՝ Տամալա) գյուղի հայկական Վանք եկեղեցին: Այս տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Ախալցխայի հոգևոր տեսուչ, քահանա Տեր Հակոբ Սահակյանը:
Տեր Հակոբը նաև հայտնեց, որ սա առաջին դեպքը չէ, և վրացական եկեղեցին արդեն գրանցել է նաև Ախալցխայի հարավ-արևմտյան ծայրամասում գտնվող երկու մատուռները, որոնք տեղացի հայերն անվանում են Քրոջ և Եղբոր վանքեր:
Ախալցխայի բնակիչներից «Հետքը» ահազանգ ստացավ, որ վերջերս վրացի հոգևոր հայրերը սկսել են ուխտագնացություններ և ծիսակարգային այլ արարողություններ կազմակերպել այդ մատուռներում, մինչդեռ մինչ օրս դրանք լքված էին, և միայն տեղացի հայերն են այցելել կամ ուխտագնացություններ կազմակերպել:  
Քրոջ և Եղբոր մատուռները
«Մինչև հիմա այդ մատուռները միշտ հայ ժողովուրդն է գնացել, վրացիները չեն գնացել, ուղղակի վերջերս հաղորդում տվեցինք այդ մատուռներում, իրենք, չգիտեմ ինչպես, որոշեցին, որ դա իրենցն է, ու իրենք էլ պիտի գնան»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալցխայի հոգևոր տեսուչ, քահանա Տեր Հակոբ Սահակյանը: 
Տեր Հակոբը նաև նշեց, որ Քրոջ և Եղբոր մատուռներում պահպանվել է բարձր խորանը, ավազանը և հայկականությունը վկայող այլ մասունքներ: 
Վանք եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից, հարավ-արևելքից, մուտքը
հսկող վիշապի քանդակը, 
սյունասրահի կամարաշար մուտքը և
կոթողների պատվանդանները: 

Լուսլ՝ Ս. Կարապետյանի «Ջավախք» գրքից
Տեր Հակոբ Սահակյանի խոսքով, Դամալա գյուղի Վանք եկեղեցում գյուղի տոնին մշտապես տեղացիները այցելում և մեծ արարողություններ են կատարում: Բացի դրանից, տեղացիների վկայությամբ, Վանքի հայկական լինելում երբևէ կասկած չի եղել: 
Դամալայի Վանքը, հուշարձանագետ, «Ջավախք» գրքի հեղինակ Սամվել Կարապետյանի աշխատության համաձայն, պահպանվել է 10-11-րդ դարից: Որպես հայկական եկեղեցի «Վանքը» հիշատկավել է «Մեղու Հայաստանի» թերթում: 
«Հարավից և արևմուտքից կից սրահով, միանավ եկեղեցին, որը գրեթե նույնությամբ կրկնում է Ազավրեթ, Բուռնաշեթ և Խանդո գյուղերում պահպանված համանման հուշարձանների հորինվածքային առանձնահատկությունները, ակնհայտորեն ի սկզբանե եղել է քաղկեդոնական և միայն, հավանաբար, 14-15-րդ դարերում վերստին օծվել է հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով»,- գրել է Սամվել Կարապետյանը: Ավելին, ըստ հեղինակի, Վանքի շուրջ և հատկապես նրա հարավային կողմում տարածվում է 15-17-րդ դարերի հարազատ ոճավորում ունեցող հայկական տապանաքարերով գերեզմանոցը:  
Տեր Հակոբ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցի շուրջ դիմումներ են գրել Վրաստանի մշակույթի նախարարություն, տեղյակ են պահել նաև ՀՀ մշակույթի նախարարությանը: 
ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման մտահոգություն ստացել են Ախալցխայի հոգևոր հովիվից: Ըստ Հակոբ Սիմոնյանի` պետք է լուրջ արշավախումբ գնա և տեղում խնդիրն ուսումնասիրի: Այդ հարցով դիմել են Վրաստանի կառավարությանը, սակայն դեռևս արձագանք չեն ստացել: 
Հակոբ Սիմոնյանը հայտնեց, որ մատուռների հայկական կամ վրացական լինելու մասին պատմական տվյալներ իրենց մոտ չկան: «Պետք է գնալ նայել եկեղեցու կառուցվածքը, որոշակի տարբերություններ կան հայկական և վրացական եկեղեցիների միջև»,- հավելեց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենը:


0 коммент.:

Отправить комментарий