ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈԳՈՆ

ՀԱԵԳԹԵԿ 3-ՐԴ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ և ԹԵՄԻ ՀՈԳևՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ... ԻՐ ԽՈՍՔՈՒՄ ՆՇԵՑ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցու դահլիճում ՀԱԵԳԹԵԿ անդամների հանդիպումը Սեպուհ սրբազանի հետ 2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ անդամների միասնական նկարը Գերաշնորհ Սրբազանի և թեմի Հոգևոր Դասի հետ (2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ Միությունների Ատենապետերի զեկույցների հանձնումը Բարձրաշնորհ Սեպուհ արք. Չուլջյանին (2011թ.)

Միասնական աղոթք բոլոր համայնքների ԵԵՄ-ների մասնակցությամբ Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցում (2011թ.)

четверг, 19 сентября 2013 г.

ՕՁ և ԱՂԱՎՆԻ /Մեկնություն/

Այսօր Հովհաննես ընթերցողի առաջարկով կծանոթանանաք ավետարանական` 
«Այսուհետև խորագե՛տ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման» 
խոսքի մեկնությանը: Հատվածը, որ գտնվում էՄատթեոսի Ավետարանի 10-րդ գլխում, ներկայացնում է Տիրոջ խորհուրդները և հրահանգները առաքյալներին` Բարի Լուրը քարոզելու գործում: Ուրեմն եկեք հորդորը նախ դիտենք այս համատեքստում: Պարզ է, որ առաջին դարում հասարակ հրեա առքյալների կողմից նոր ուսմունքի քարոզչությունը հսկայական խոչընդոտների ու խութերի պիտի հանդիպեր: Թերևս սրա լավագույն ապացույցներն են բոլոր առաքյալների (բացառությամբ Հովհաննես Աստվածաբան Ավետարանչի) նահատակությունը և մինչև 4-րդ դար քրիստոնեության հանդեպ ընդլայնված ու գազանաբարո հալածանքները Հռոմեական Կայսրությունում և դրա տարածքից դուրս: Ուստի ամենևին պատահական չէր, որ Փրկիչը աշակերտներին զգուշացնում էր` «Ահա ես ձեզուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ» (Մատթ. 10:16), ինչից հետո առաջադրում  «գայլերի» միջավայրում գործելու լավագույն լուծումը` քարոզչության մեջ այնքան կարևոր 2 կետ`

 Օձերի նման խորագետ լինել

  • Օձի «խորագիտությունը» հաճախ շփոթ է առաջացնում «խորամանկության» հետ` հավանաբար կապվելով Ծննդոց գրքի օձի հետ (Ծննդ. 3:1), սակայն ինչպես Հովհաննես Ծործորեցի վարդապետն է նշում` աշակերտներին քարոզչության ուղարկելիս Քրիստոս պատգամում է, որ ինչպես Եդեմի օձը գեղեցիկ խոսքրով կարողացավ Աստծուց հեռացնել և մեղքի մեջ գցել նախածնողներին, այնպես էլ առաքյալները պետք է կարողանան ճիշտ տեղին և ժամանակին ասված խորիմաստ խոսքով մարդկանց դեպի Աստված դարձնել:  
  • Պայքարի, պաշտպանության և հարձակման ժամանակ օձերը, որպես կանոն, պատրաստ են զոհաբերել միչև իսկ մարինը (պոչը)` միշտ ջանալով հնարավորինս անվնաս պահել գլուխը: Նույն կերպ Քրիստոս հորդորում է չարի դեմ պայքարում հաղթանակած դուրս գալու համար պատրաստ լինել զոհաբերելու հնարավոր ամեն բան, մինչև իսկ սեփական մարմինն ու կյանքը (հմմտ. Հովհ. 16:2Մատթ. 10:28 ), բայց ոչ միայն հավատքի գլուխը` Հիսուս Քրիստոսին, քանզի հենց Հիսուսի հաղթանակն է հանուն ճշմարտության այդ պայքարի նպատակն ու արդյունքը (հմմտ. Եփես. 4:15-16): 
  • Օձերի խորագիտությունը բնության մեջ արտահայտվում է նաև զգուշավորությամբ ու հարմարվողականությամբ: Նոր տարածքներ «ներխուժելիս» օձերը երբեք նախահարձակ չեն լինում, այլ արտաքնապես ձուլվելով շրջակա միջավայրի հետ սպասում են (հաճախ այդ սպասումը կարող է օրեր տևել) հարմար պահի` գրոհի և հաղթության համար: Այս օրինակով պատգամվում է առաքյալներին շտապողականության չդիմել և լավ ուսումնասիրել այն միջավայրը, որտեղ պատրաստում են տարածել Աստծո Խոսքը, որպեսզի հանդիպեն ոչ թե հակառակության, այլ շահեն մարդկանց սրտերը (հմմտ. Ա Կորնթ. 9:19-23): 
  • Եկեղեցու հայրերը առաջ են քշում գեղցիկ մի մեկնաբանություն ևս. ինչպես օձն է ժամանակի հետ հրաժարվում և իր վրայից նետում հին կաշին, այդպես էլ առաքյալները պարտավոր են քարոզել մարդկությանը մի կողմ նետել հին մարդուն իր մեղքերով և զգեստավորվել նոր, առաքինի, մեղքից զուրկ կյանքով (հմմտ. Եփես. 4:22-24): 

 Աղավնիների նման միամիտ լինել

  • Գաղտնիք չէ, որ մարդկության պատմության ու համաշխարհային մշկույթի մեջ աղավնիները պատկերացվում են որպես միամտության, ազնվության, խաղաղության և բարության խորհրդանիշներ: Ահա Տերը հորդորում է առաքյալներին լինել աղավնիների պես, այսինքն քարոզչության մեջ չմոռանալ քրիստոնեական առաքինության մասին և գործել միայն Աստծո օրենքներով` երբեք ու երբեք չչարանալով «գայլերի» հալածանքների դեմ (հմմտ. Հռոմ. 12:21): 
  • Աղավնիների միամտությունն արտահայտվում է նաև անհիշաչարության մեջ: Անկախ սպասվելիք հալածանքներից ու Աստծո Խոսքի հանդեպ խուլ լինելուց` Քրիստոս պատգամում է մնալ սիրո մեջ և վերստին դառնալ դեպի մեղավորները` անհիշաչարորեն շարունակելով Տիրոջ Ավետարանի սերմանումը (հմմտ. Բ Տիմ. 2:22-24): 
  • Աղվնիները մշտապես հավատարիմ են իրենց տերերին և որքան էլ հեռու չվեն ու ինչպիսի վտանգների մեջ էլ հայտնվեն, միևնույն է, վերադառնում են իրենց տերերի մոտ: Քրիստոս հորդորում է միշտ հիշել Տիրոջը և անկախ քարոզչության շրջանում առաջացած դվարություններից միշտ դառնալ դեպի Նա: 

Հետաքրքրական է, որ Քրիստոս օձի և աղավնու, թվում է թե իրարամերժ կերպարները զուգորդում է մեկ` քարոզիչ-առաքյալների գործելաոճի մեջ: Հովհաննես վարդապետ Ծործորեցին Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ այս առթիվ խրատում է. «...թողնելով օձի նենգությունը` առե՛ք նրա իմաստությունը և մի կողմ նետե՛ք աղավնու անմտությունը` վերցնելով նրա պարզամտությունը, որոնց խառնուրդից կազմվում է մի շատ գեղեցիկ առաքինություն, որով շատերին կարող եք հաղթել»:


Աղբյուր` http://www.sarkavagagirq.net/2012/05/blog-post.html 

Ալավերդու <Նարեկացի> ԵԵՄ անդամների հանդիպումը աշակերտների հետ

Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց Թեմի Երիտասարդական Կազմակերպության Ալավերդու <Նարեկացի> երիտասարդաց միությունը` հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Միքայել քհն Շաղոյանի հետ, կազմակերպել էին հանդիպումներ Ալավերդի քաղաքի թիվ 5 և թիվ 9 դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտների հետ: Հանդիպումների  նպատակն էր  աշակերտներին նախևառաջ հաղորդել որոշակի հոգևոր գիտելիքներ, ինչպես նաև ներկայացնել երիտասարդաց միության նպատակը և գործունեության մասին որոշակի ինֆորմացիա:   
Հանդիպումների ընթացքում միության ակտիվ երիտասարդները` ի դեմս Մաքսիմ Ղարդյանի և Արկադի Գորգինյանի, ներկայացրեցին միության հետագա ծրագրերը, խոսեցին եկեղեցում երիտասարդի դերի կարևորության մասին:   
Ինչպես նշում են վերջիններս` միությունում գտնվելու իրենց այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել են իրականացնել մի շարք ծրագրեր` ի շահ Մայր Եկեղեցու: 
 







Ալավերդու <Նարեկացի> երիտասարդաց միության լրատվության բաժին


ԱՂՈԹՔ ՕՐՎԱ ԱՎԱՐՏԻ: ԱՂՕԹՔ ՀԱՆԳՍՏԵԱՆ ԺԱՄԻ



Փառք քեզ, Տէր Աստուած մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցանել: Մարդասէր Աստուած զառաջակայ գիշերս,որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց փրկեա, ի չարեաց ազատեա, եւ ի գործս բարիս առաջնորդեա: 
Առաւօտու օրհնութեանցն եւ փառաբանութեանցն արժանի արա զամենայն հաւատացեալս անուանդ քում սրբոյ եւ պահեա ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, տուր զքո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի, բարձ զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս:
Ողորմեա հարց եւ եղբարց մերոց կենդանեաց եւ հանգուցելոց:
Ողորմեա զեկեղեցի շինողաց, երախտաւորաց, պտղատուից, սպասաւորաց եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ եկեղեցւոյ են հանգուցեալ:
Տէր Աստուած, օգնեա թագաւորացն քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից, զօրաց եւ զաւակաց նոցին պահելով ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, պահեա զառաջնորդս եւ զեղբայրութիւնս մեր ամբողջ եւ անխռով ի կամս ողորմութեան քոյ:
Նշանաւ սուրբ եւ պատուական խաչիւ քոյ հալածեա զերեւելի եւ զաներեւոյթ թշնամին ի սահմանաց մերոց եւ ի բնակութենէս մերմէ:
Փրկեա զմեզ ի հրոյն յաւիտենից. եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն:
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից: Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին: Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում: Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին: Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները: Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից: Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս. ամեն:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Պատմական Եպիսկոպոսաց Ժողովին Ընդառաջ Հարցազրոյց Նարեկ Արք. Ալեէմէզեանի Հետ


Երեքշաբթի, 24 սեպտեմբերէն ուրբաթ, 27 սեպտեմբեր 2013-ին, Ս. Էջմիածնի մէջ պիտի գումարուի Հայ եկեղեցւոյ եպիսկոպոսաց ժողով, որուն մասնակցելու հրաւէր ուղղուած է Հայ եկեղեցւոյ բոլոր եպիսկոպոսներուն:
Այս առթիւ «Ազդակ» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական յանձնախումբի անդամ  Նարեկ արք. Ալեէմէզեանի հետ:
«ԱԶԴԱԿ».- Սրբազան հայր, Անթիլիասի մայրավանքէն ստացուած լրատուութենէն իմացանք, թէ 28-29 օգոստոսին մասնակցած էք Ս. Էջմիածնի մէջ կայանալիք Հայ եկեղեցւոյ եպիսկոպոսաց Ժողովի Նախապատրաստական յանձնախումբի ժողովին. կրնա՞ք մեր ընթերցողներուն բացատրել, թէ ի՞նչ է Եպիսկոպոսաց ժողովը:
ՆԱՐԵԿ ԱՐՔ. ԱԼԵԷՄԷԶԵԱՆ.- 2010-ին Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը նշանակեցին Հայ եկեղեցւոյ եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական յանձնախումբը, որ կը բաղկանայ չորս անդամներէ` Խաժակ արք. Պարսամեան (Ս. Էջմիածին), Օշական արք. Չոլոյեան (Անթիլիաս), Միքայէլ եպս. Աջապահեան (Ս. Էջմիածին) եւ Նարեկ արք. Ալեէմէզեան (Անթիլիաս): 28-29 օգոստոսին գումարած մեր վերջին ժողովին ճշդեցինք մեր նախկին ժողովներու ընթացքին բիւրեղացած Հայ եկեղեցւոյ եպիսկոպոսաց ժողովի գումարման թուականը, օրակարգը եւ ժամանակացոյցը:
Ժողովրդավար հոգեւոր եւ աշխարհիկ կազմակերպութիւններ ունին իրենց առաքելութիւնը սահմանող օրէնքներ, ուր նաեւ ժողովական կեանքը յստակօրէն բանաձեւուած է: Հայ եկեղեցւոյ նուիրապետական չորս Ս. Աթոռները եւս` Ս. Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, Երուսաղէմի հայոց պատրիարքութիւնը եւ Պոլսոյ հայոց պատրիարքութիւնը ունին իրենց կանոնագրութիւնները, որոնց համաձայն, կը վարեն իրենց կեանքն ու աշխատանքը: Հայ եկեղեցին, սկզբունքով, հոգեւորականներէ եւ աշխարհականներէ կազմուած մէկ մարմին ըլլալով, նաեւ իր վարչական կազմով, ժողովականութեամբ եւ գործելակերպով այս միութիւնը կը ցոլացնէ: Հայ եկեղեցին բոլոր եկեղեցիներուն մէջ ամէնէն ժողովրդավարը եղած է եւ այդպէ՛ս ալ պէտք է մնայ:
Աստուծոյ կամքով, Հայ եկեղեցւոյ այս պատմական Եպիսկոպոսաց ժողովը պիտի գումարուի Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի օրհնութեամբ եւ ներկայութեամբ, 24-27 սեպտեմբեր 2013-ին, Ս. Էջմիածինի մէջ: Անհրաժեշտ կը նկատեմ երկու հիմնական կէտեր ընդգծել. Առաջին, Եպիսկոպոսաց ժողովը մնայուն կառոյց չէ. ան անհրաժեշտութեան պարագային կը գումարուի: Երկրորդ, Եպիսկոպոսաց ժողովը վարչական հարցերով զբաղելու իրաւասութիւն չունի, այլ, ինչպէս յիշեցի, միայն աստուածաբանական, դաւանաբանական, ծիսական, եկեղեցաբանական ու ընկերա-բարոյական հարցեր կը քննարկէ ու կը յղէ վեհափառ հայրապետներուն` առ ի պատշաճ տնօրինութիւն:
«Ա.».- Հայ եկեղեցւոյ բոլոր եպիսկոպոսներուն մասնակցութեամբ Եպիսկոպոսաց ժողով գումարելու գաղափարը ինչպէ՞ս ծագեցաւ եւ Եպիսկոպոսաց ժողովին օրակարգը ի՞նչ պիտի ըլլայ:
Ն. Ա. Ա.-  Գիտէք, թէ 1441-էն ի վեր հայ եկեղեցին ունի երկու կաթողիկոսութիւններ եւ Ամենայն Հայոց կաթողիկոսութեան ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միջեւ միշտ յարաբերութիւններ պահուած են ու` ժողովական հանդիպումներ տեղի ունեցած: Հայ եկեղեցւոյ սրբազան առաքելութեան առաւել ծաղկման ու ներքին միասնականութեան առաւել ամրապնդման առաջադրանքով, Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի բարձր տնօրինութեամբ, Ամենայն հայոց կաթողիկոսութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան չորս եպիսկոպոսներէ եւ չորս աշխարհականներէ բաղկացած երկու պատուիրակութիւններ խորհրդակցական ժողով մը գումարեցին ու ընդհանուր ուղեգիծ ճշդեցին «Հայ եկեղեցւոյ վերանորոգութեան հրամայականը» թեման եւ համապատասխան օրակարգի նախագիծ պատրաստեցին: Այս ժողովէն բխեցաւ յանձնախմբային աշխատանքով Հայ եկեղեցւոյ վերանորոգութեան նախաձեռնելու գաղափարը եւ կազմուեցան սրբադասման յանձնախումբն ու ծիսական յանձնախումբը: Այս յանձնախումբերը մինչեւ այսօր Ս. Էջմիածնի եւ Անթիլիասի մէջ կը հանդիպին, կանոնաւորաբար կը տեղեկագրեն Վեհափառ հայրապետներուն, կը ստանան անոնց հայրական յանձնարարութիւնները եւ ըստ այնմ կը շարունակեն իրենց աշխատանքը:
Յանձնախումբերուն կատարած աշխատանքը որոշ արդիւնքի մը հասած ըլլալով` վեհափառ հայրապետները յարմար նկատեցին, որ սրբադասման յանձնախումբը եւ ծիսական յանձնախումբը Եպիսկոպոսաց ժողովի ընթացքին զեկուցեն բոլոր եպիսկոպոսներուն, լսեն անոնց կարծիքը, որդեգրեն յանձնախումբերուն կատարած աշխատանքին արդիւնքը եւ ապա զայն յղեն վեհափառ հայրապետներուն` պարտն ու պատշաճը տնօրինելու համար. որովհետեւ, այս յանձնախումբերուն եզրայանգումները Հայ եկեղեցւոյ վերանորոգութեան շրջագիծին մէջ կ՛իյնան, ամբողջ Հայ եկեղեցւոյ կը պատկանին եւ հայ եկեղեցւոյ բոլոր հաւատացեալներուն կը վերաբերին:
Ահա ա՛յս պատճառով վեհափառ հայրապետները հրաւիրեցին սեպտեմբերի Եպիսկոպոսաց ժողովը, որուն օրակարգը երեք կէտեր պիտի ընդգրկէ: Առաջին, Հայոց ցեղասպանութեան զոհերու սրբադասման աշխատանքներու ներկայացում: Երկրորդ, Ս. Մկրտութեան խորհուրդի բնագիրի, կանոնական եւ բարեպաշտական հարցերու ուղեցոյցի եւ խրատական-ուսուցողական ձեռնարկի քննարկում: Երրորդ, Հայ եկեղեցւոյ այժմէական մարտահրաւէրներու լոյսին տակ յաջորդ Եպիսկոպոսաց ժողովին քննարկուելիք նիւթերուն վերաբերեալ առաջարկներու ներկայացում:
«Ա.».- Ի՞նչ է այս ամիս կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին մասնայատկութիւնը: Ի՞նչ արդիւնքներ կ՛ակնկալուին:
Ն. Ա. Ա.- Ուրախ եմ հաստատելու, որ այս Եպիսկոպոսաց ժողովով Հայ եկեղեցին իր վերանորոգութեան քայլերուն շօշափելի արտայայտութիւն պիտի տայ: Դիտենք մեր շուրջը. այսօր ամէն տեղ բարեփոխութիւններ եւ բարեկարգութիւններ տեղի կ՛ունենան: Մարդկային ընկերութիւնը լճացման չի՛ հանդուրժեր: Անոնք, որոնք Հայ եկեղեցին որպէս քարացած կառոյց կը տեսնեն, չարաչար կը սխալին: Ս. Հոգին մի՛շտ կը ներգործէ եկեղեցւոյ մէջ եւ կը վերանորոգէ զայն: Եպիսկոպոսաց ժողովը այդ ներգործօն վերանորոգութեան կարգ մը բնագաւառները լուսարձակի տակ պիտի բերէ եւ անոնց քննարկումներէն բխած գործնական քայլերու պիտի դիմէ: Հայ եկեղեցւոյ վերանորոգութիւնը այս Եպիսկոպոսաց ժողովով չէ, որ պիտի սկսի. ան դարերէ ի վեր տեղի կ՛ունենայ: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անդրադառնալով`, վերջին տարիներուն կատարուած վերանորոգութեան  քանի մը պարագաներ կրնամ թուել. օրինակ` ծիսական գիրքերու գրաբար եւ աշխարհաբար հրատարակութիւն, խորհուրդներու գրաբար եւ աշխարհաբար կատարում, քրիստոնէական դաստիարակութեան եւ երիտասարդական ծրագիրներու մշակում, ժամերգութիւններու եւ սուրբ պատարագի երգեցողութեան հաւատացեալներու մասնակցութիւն, Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի ուխտագնացութեան ժողովրդային կազմակերպում:
Այսպիսի Եպիսկոպոսաց ժողովի մը գումարումը 1441-էն ի վեր նորութիւն է եւ սկիզբ: Եպիսկոպոսաց ժողովին մասնայատկութիւնը երեք երեւոյթներու մէջ կը կայանայ. առաջին, Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի օրհնութիւնն ու ներկայութիւնը եւ հայ եկեղեցւոյ եպիսկոպոսաց դասուն մասնակցութիւնը: Երկրորդ, աղօթական եւ խորհրդակցական եղբայրական մթնոլորտի մէջ համայնական հարցերու ներկայացումը, քննարկումն ու որդեգրումը: Երրորդ, Հայ եկեղեցւոյ վերանորոգութեան աշխատանքներուն նոր տեսիլքով եւ ծրագրաւորումով շարունակականութիւնը:
Անշուշտ, պէտք է աւելցնեմ, որ երբ Եպիսկոպոսաց ժողովին տուած որոշումները հաստատուին վեհափառ հայրապետներուն կողմէ, մեր ժողովուրդը քրիստոնէական հնազանդութեան ոգիով զանոնք գործադրութեան պիտի դնէ` Հայ եկեղեցւոյ շինութեան համար:
«Ա.».- Վերջերս Հայ եկեղեցւոյ եւ եկեղեցականներու մասին ժխտական թէ դրական շատ բան կարդացինք: Ի՞նչ ունիք ըսելիք այս մասին:
Ն. Ա. Ա.-  Կ՛ապրինք համացանցային շրջանառութեան դրուած գրութիւններով ողողուած ընկերութեան մը մէջ, ուր ամէն բան կ՛ըսուի եւ կը տարածուի: Վերջին ամիսներուն Հայ եկեղեցւոյ եւ հայ հոգեւորականներու մասին թեր ու դէմ շատ բան գրուեցաւ եւ կը շարունակուի գրուիլ: Ինչպէս մարդկային եւ հայկական ընկերութեան բոլոր կառոյցներուն մէջ, նաեւ հայ եկեղեցւոյ մէջ կան հարցեր, որոնք վերատեսութեան կը կարօտին: Ամէն յայտնուած կարծիք ճիշդ չէ. սակայն Հայ եկեղեցին պարտաւոր է ինքզինք վերանորոգելու: Ինչպէս ըսի, Եպիսկոպոսաց ժողովը այս վերանորոգութեան նախաքայլը պիտի առնէ, անշուշտ` առանց ամէն բան չորս օրուան մէջ լուծելու յաւակնութիւնը ունենալու:
«Ա.».- «Հայ Եկեղեցւոյ դիմագրաւած այժմէական մարտահրաւէրներու լոյսին տակ յաջորդ Եպիսկոպոսաց ժողովին քննարկուելիք նիւթերու վերաբերեալ առաջարկներ» օրակարգը ի՞նչ կէտերու կրնայ ակնարկել. ի՞նչը հրատապ հարց կրնայ նկատուիլ ժողովական հայրերուն կողմէ:
Ն. Ա. Ա.- Եպիսկոպոսաց ժողովի օրակարգին երրորդ կէտը նկատի առնուած է երկու մտահոգութեամբ. առաջին, Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական հանգրուաններուն բազմաթիւ եպիսկոպոսներ ըսին, թէ բաւարար չէ միայն սրբադասումն ու մկրտութեան խորհուրդը քննարկել, այլ պէտք է նաեւ Հայ եկեղեցւոյ այսօրուան առաքելութեան անդրադառնալ. առաւել, հարց տուին, թէ ի՞նչ պիտի ըլլայ յաջորդ Եպիսկոպոսաց ժողովին օրակարգը, ո՞վ պիտի ճշդէ զայն եւ եպիսկոպոսներ առիթ պիտի ունենա՞ն այդ մասին կարծիք յայտնելու:
Երկրորդ, յաջորդ Եպիսկոպոսաց ժողովին օրակարգը պէտք է բխի Հայ եկեղեցւոյ դիմագրաւած մարտահրաւէրներէն. որովհետեւ, Հայ եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինն է եւ անցեալի արժէքներու, ներկայի առաքելութեան ու յաւիտենական կեանքի թելերով հիւսուած է:
Վստահ եմ, որ իւրաքանչիւր եպիսկոպոս իր սպասաւորութեան փորձառութեամբ, Հայ եկեղեցւոյ վերաբերեալ եւ իր թեմին մասնայատուկ բազմաթիւ այժմէական մարտահրաւէրներ պիտի թուէ. պիտի քննարկենք զանոնք եւ առաջնահերթութեան կարգով յաջորդ Եպիսկոպոսաց ժողովի օրակարգը պիտի ճշդենք:  Որպէս եզրափակում ըսեմ, որ ես խորապէս կը հաւատամ, թէ Աստուած կը խնամէ Հայ եկեղեցին, որ Իր տիեզերական եկեղեցւոյ հարազատ մասնիկն է: Եպիսկոպոսաց ժողովը աստուածահրաւէր, աստուածակոչ, սրբագումար ժողով մըն է: Եպիսկոպոսներս այսպէ՛ս պէտք է ընդառաջենք այս ժողովին: Ակնարկեցիք Հայ եկեղեցւոյ մասին շրջան ընող գրութիւններուն: Եպիսկոպոսաց ժողովին մասին եւս շատ բան կը կարդանք այս օրերուն. մարդիկ ակնկալութիւններ ունին այս ժողովէն. կան արդար եւ անարդար ակնկալութիւններ: Իմ յանձնարարութիւնս այն պիտի ըլլայ, որ սահմանուած օրակարգին կէտերը գերազանցող ակնկալութիւններ չունենայ մեր ժողովուրդը այս առաջին Եպիսկոպոսաց ժողովէն: Այս Եպիսկոպոսաց ժողովը առաջին փորձ է. աղօթեցէք, որ արդիւնալից ըլլայ, ու եպիսկոպոսներս կարենանք մեր կատարած քննարկումներու եւ տուած որոշումներուն գծով առաքելական օրերու Երուսաղէմի ժողովին մասնակցողներուն պէս ըսել մեր ժողովուրդին. «Սուրբ Հոգին եւ մենք յարմար դատեցինք» (Գրծ 15.28), ականջալուր Պօղոս առաքեալի Եփեսոսի երէցներուն ուղղած պատգամին. «Հսկեցէ՛ք ձեր անձերուն եւ ձեր ամբողջ հօտին, որուն տեսուչ կարգեց ձեզ Սուրբ Հոգին: Հովուեցէ՛ք Տիրոջ եկեղեցին, որ ան իր արիւնով գնեց» (Գրծ 30.28):

среда, 18 сентября 2013 г.

ՀՂԻ ԿՆՈՋ ԱՂՈԹՔՆ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ

ՀՂԻ ԿՆՈՋ ԱՂՈԹՔՆ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ

Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր, օգնության հասիր ինձ իմ բոլոր տկարությունների ու վտանգների պահին, որոնց մեջ մանուկ են ծնում Եվայի բոլոր դուստրերը։ Ո՜վ Օրհնյալդ կանանց մեջ, հիշիր, թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության շտապում քո ազգական Եղիսաբեթին` իր հղիության ժամանակ, և ինչ սքանչելի եղավ քո այցը մոր և մանկան համար։ Քո անսպառ բարեսիրությամբ նաև ինձ` նվաստ աղախնուս էլ պարգևիր բարեհաջող որդեծնության շնորհը, որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ գտած բալիկս, զգայություն առնելով, մանուկ Հովհաննեսի նման ուրախությամբ ու խայտալով ցնծա Փրկիչ Աստծով, Ով մեղավորներիս հանդեպ անսահման սիրուց մղված` չխորշեց մեզ պես մարդանալուց եւ Մանուկ լինելուց։ Այն անանց ուրախությունը, որով լցվեց կուսական սիրտդ` նորածին Քո Մանկանն ու Տիրոջը հայելիս, թող սփոփի նաև ինձ և թեթևացնի ծննդաբերությանս ծանրությունը։ Իմ Փրկիչն ու Կյանքն աշխարհի, որ մարմին առավ և ծնվեց քեզանից, թող պահպանի ինձ հոգու և մարմնի բոլոր վտանգներից, իսկ դեռ լույս աշխարհ չեկած մանկանս դասի Աստծո ընտրյալների մեջ։ Լսի՛ր խոնարհ աղաչանքներս ո՜վ Երկնային Ամենասուրբ Թագուհի եւ շնորհընկալ հայացքդ ուղղիր ինձ ու հովանի եղիր, թող ամոթով չմնա քո մեծ բարեգթությանն ապավինած հույսս։ Տիրոջ անունը բոլոր կրողների օգնական, ապաքինող բոլոր հիվանդություններից ու տկարություններից, թող ես էլ համոզվեմ, որ Դու ես Մայրը գթության և միշտ փառավորեմ քեզանից ծնված Աստծո Որդուն և Աստծո Մայրությունդ, որ չի մերժում իրեն աղաչողներին և ազատում է վշտերի ու հիվանդությունների մեջ իրեն կանչողներին. Ամեն:

Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր, օգնության հասիր ինձ իմ բոլոր տկարությունների ու վտանգների պահին, որոնց մեջ մանուկ են ծնում Եվայի բոլոր դուստրերը։ Ո՜վ Օրհնյալդ կանանց մեջ, հիշիր, թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության շտապում քո ազգական Եղիսաբեթին` իր հղիության ժամանակ, և ինչ սքանչելի եղավ քո այցը մոր և մանկան համար։ Քո անսպառ բարեսիրությամբ նաև ինձ` նվաստ աղախնուս էլ պարգևիր բարեհաջող որդեծնության շնորհը, որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ գտած բալիկս, զգայություն առնելով, մանուկ Հովհաննեսի նման ուրախությամբ ու խայտալով ցնծա Փրկիչ Աստծով, Ով մեղավորներիս հանդեպ անսահման սիրուց մղված` չխորշեց մեզ պես մարդանալուց եւ Մանուկ լինելուց։ Այն անանց ուրախությունը, որով լցվեց կուսական սիրտդ` նորածին Քո Մանկանն ու Տիրոջը հայելիս, թող սփոփի նաև ինձ և թեթևացնի ծննդաբերությանս ծանրությունը։ Իմ Փրկիչն ու Կյանքն աշխարհի, որ մարմին առավ և ծնվեց քեզանից, թող պահպանի ինձ հոգու և մարմնի բոլոր վտանգներից, իսկ դեռ լույս աշխարհ չեկած մանկանս դասի Աստծո ընտրյալների մեջ։ Լսի՛ր խոնարհ աղաչանքներս ո՜վ Երկնային Ամենասուրբ Թագուհի եւ շնորհընկալ հայացքդ ուղղիր ինձ ու հովանի եղիր, թող ամոթով չմնա քո մեծ բարեգթությանն ապավինած հույսս։ Տիրոջ անունը բոլոր կրողների օգնական, ապաքինող բոլոր հիվանդություններից ու տկարություններից, թող ես էլ համոզվեմ, որ Դու ես Մայրը գթության և միշտ փառավորեմ քեզանից ծնված Աստծո Որդուն և Աստծո Մայրությունդ, որ չի մերժում իրեն աղաչողներին և ազատում է վշտերի ու հիվանդությունների մեջ իրեն կանչողներին. Ամեն:

ԽԱՉՎԵՐԱՑԸ՝ ԽԱՉԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՏՈՆԸ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

Հայ առաքելական եկեղեցին կիրակի օրը տոնեց 5-րդ տաղավար և խաչին նվիրված չորս տոներից մեկը` Խաչվերացի տոնը: Կիրակի առավոտյան ալավերդցիների համար Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում տոնին նվիրված պատարագ մատուցվեց:



вторник, 17 сентября 2013 г.

Վրաց ուղղափառ եկեղեցին սեփականաշնորհում է Սամցխե-Ջավախքի հայկական վանքերն ու մատուռները


Վրաց ուղղափառ եկեղեցին որպես իր ունեցվածք գրանցել է Սամցխե-Ջավախք նահանգի Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա (որոշ աղբյուրներում՝ Տամալա) գյուղի հայկական Վանք եկեղեցին: Այս տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Ախալցխայի հոգևոր տեսուչ, քահանա Տեր Հակոբ Սահակյանը:
Տեր Հակոբը նաև հայտնեց, որ սա առաջին դեպքը չէ, և վրացական եկեղեցին արդեն գրանցել է նաև Ախալցխայի հարավ-արևմտյան ծայրամասում գտնվող երկու մատուռները, որոնք տեղացի հայերն անվանում են Քրոջ և Եղբոր վանքեր:
Ախալցխայի բնակիչներից «Հետքը» ահազանգ ստացավ, որ վերջերս վրացի հոգևոր հայրերը սկսել են ուխտագնացություններ և ծիսակարգային այլ արարողություններ կազմակերպել այդ մատուռներում, մինչդեռ մինչ օրս դրանք լքված էին, և միայն տեղացի հայերն են այցելել կամ ուխտագնացություններ կազմակերպել:  
Քրոջ և Եղբոր մատուռները
«Մինչև հիմա այդ մատուռները միշտ հայ ժողովուրդն է գնացել, վրացիները չեն գնացել, ուղղակի վերջերս հաղորդում տվեցինք այդ մատուռներում, իրենք, չգիտեմ ինչպես, որոշեցին, որ դա իրենցն է, ու իրենք էլ պիտի գնան»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալցխայի հոգևոր տեսուչ, քահանա Տեր Հակոբ Սահակյանը: 
Տեր Հակոբը նաև նշեց, որ Քրոջ և Եղբոր մատուռներում պահպանվել է բարձր խորանը, ավազանը և հայկականությունը վկայող այլ մասունքներ: 
Վանք եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից, հարավ-արևելքից, մուտքը
հսկող վիշապի քանդակը, 
սյունասրահի կամարաշար մուտքը և
կոթողների պատվանդանները: 

Լուսլ՝ Ս. Կարապետյանի «Ջավախք» գրքից
Տեր Հակոբ Սահակյանի խոսքով, Դամալա գյուղի Վանք եկեղեցում գյուղի տոնին մշտապես տեղացիները այցելում և մեծ արարողություններ են կատարում: Բացի դրանից, տեղացիների վկայությամբ, Վանքի հայկական լինելում երբևէ կասկած չի եղել: 
Դամալայի Վանքը, հուշարձանագետ, «Ջավախք» գրքի հեղինակ Սամվել Կարապետյանի աշխատության համաձայն, պահպանվել է 10-11-րդ դարից: Որպես հայկական եկեղեցի «Վանքը» հիշատկավել է «Մեղու Հայաստանի» թերթում: 
«Հարավից և արևմուտքից կից սրահով, միանավ եկեղեցին, որը գրեթե նույնությամբ կրկնում է Ազավրեթ, Բուռնաշեթ և Խանդո գյուղերում պահպանված համանման հուշարձանների հորինվածքային առանձնահատկությունները, ակնհայտորեն ի սկզբանե եղել է քաղկեդոնական և միայն, հավանաբար, 14-15-րդ դարերում վերստին օծվել է հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով»,- գրել է Սամվել Կարապետյանը: Ավելին, ըստ հեղինակի, Վանքի շուրջ և հատկապես նրա հարավային կողմում տարածվում է 15-17-րդ դարերի հարազատ ոճավորում ունեցող հայկական տապանաքարերով գերեզմանոցը:  
Տեր Հակոբ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցի շուրջ դիմումներ են գրել Վրաստանի մշակույթի նախարարություն, տեղյակ են պահել նաև ՀՀ մշակույթի նախարարությանը: 
ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման մտահոգություն ստացել են Ախալցխայի հոգևոր հովիվից: Ըստ Հակոբ Սիմոնյանի` պետք է լուրջ արշավախումբ գնա և տեղում խնդիրն ուսումնասիրի: Այդ հարցով դիմել են Վրաստանի կառավարությանը, սակայն դեռևս արձագանք չեն ստացել: 
Հակոբ Սիմոնյանը հայտնեց, որ մատուռների հայկական կամ վրացական լինելու մասին պատմական տվյալներ իրենց մոտ չկան: «Պետք է գնալ նայել եկեղեցու կառուցվածքը, որոշակի տարբերություններ կան հայկական և վրացական եկեղեցիների միջև»,- հավելեց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենը:


Արքության պատիվ՝ Աբրահամ և Փառեն Սրբազաններին

arqutyun
 Սեպտեմբերի 15-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Պատարագից հետո մասնավոր արարողության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը արքության պատիվ շնորհեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին և Մայր Աթոռի միաբան Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանին՝ ի գնահատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում իրենց նվիրյալ ծառայության և տարիների վաստակի:
 Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեցին Հայրապետական Սրբատառ կոնդակները: «…Գնահատանքով ենք անդրադառնում տասնամյակների Ձեր ծառայությանը: Դուք քաջեռանդությամբ արդյունավորել եք Ձեր սպասավորությունը` նոր սերնդի եկեղեցականաց պատրաստության կարևոր գործին գովելի ավանդ բերելով ճեմարանում դասավանդությամբ, Մայր Աթոռի պաշտոնական «Էջմիածին» ամսագրում ժրաջան աշխատանքով: Ձեր տերունապատվեր ծառայությունը բարեզարդել եք հատկապես Քրիստոնեական քարոզչության կենտրոնի տնօրենի պաշտոնում, նախանձախնդրությամբ ու նվիրումով ջանքեր բերելով նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, մեր ժողովրդի մեջ սրբազան արժեքների հանդեպ հավատարմությունն առավել զորացնելու առաքելության մեջ: Առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում, որ հանրակրթական դպրոցների համար «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի պատրաստման աշխատանքը կյանքի կոչվեց Ձեր գովելի ջանքերով և նախանձախնդրությամբ:
 Նվիրյալ եկեղեցականիդ ծառայության վաստակը հավելվեց առաջնորդական քաջեռանդ գործունեությամբ Սյունյաց թեմում, ուր բոլորանվեր ծառայություն բերեցիք թեմի կարգավորությանն ու շինությանը, հոգևորականաց սպասավորության արդյունավորմանը, հավատացյալ հայորդյաց հոգևոր խնամքի բարվոք իրականացմանը: Այսօր Դուք` որպես Վայոց ձորի թեմի առաջնորդ, շարունակում եք նույն նվիրումով պատասխանատու գործունեություն իրականացնել` ի փառս Աստուծո, ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու», – ասված է Աբրահամ Սրբազանին ուղղված Հայրապետական կոնդակում:
 «…Ավելի քան հինգ տասնամյակ առաջ Ձեր սրտում զգացիք Երկնավոր մեր Տիրոջ սպասավորը լինելու բարձր կոչումը և ձեռնադրվեցիք կուսակրոն քահանա: Աստուծո կամոք և օրհնությամբ հետագային հովվական ծառայության մեկնեցիք ԱՄՆ Հայոց Արևելյան Թեմ, ուր նախանձախնդիր ու նվիրյալ ոգով սպասավորեցիք Վաշինգտոնի, Միչիգանի, Չիկագոյի, Իլինոյիսի և Դիթրոյթի ծուխերում: Տիրոջ խոսքը հավատացյալ հայորդիներին մատակարարելու կարևոր առաքելության հետ զուգահեռաբար` Դուք նաև Ձեր ուսումնառությունը ամբողջացրեցիք ԱՄՆ բարձրագույն համալսարաններում: Ձեր տերունապատվեր ծառայությունը արգասավորել եք հատկապես Դիթրոյթի հոգևոր հովվի պաշտոնում, ուր Ձեր ազնիվ ջանքերով և անձնական հավաքածուի նվիրաբերումով` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից հիմնեցիք «Ալեք Մանուկյան» թանգարանը:
 Գնահատանքով ենք անդրադառնում Ձեր ծառայության արդյունքներին նաև Հայաստանում: Դուք քաջեռանդությամբ բարեզարդել եք Ձեր սպասավորությունը Շիրակի թեմում` իբրև թեմակալ Առաջնորդ, գովելի ավանդ բերելով Շիրակի ընծայարանում` նոր սերնդի եկեղեցականաց պատրաստության կարևոր գործին: Առանձնակի ուրախություն է Մեզ համար, որ Մեր գահակալության շրջանին Դուք Ձեր նվիրյալ ծառայությունը բերեցիք Մայր Աթոռում` Թանգարանների և Վարչատնտեսական բաժնի տնօրենի պաշտոններում: Այսօր Սուրբ Էջմիածնում Ձեզ հատուկ նվիրումով և նախանձախնդրությամբ Դուք շարունակում եք Ձեր ջանադիր ծառայությունը` ի շինություն և ի պայծառություն Մայր Աթոռի:
 Ազնիվ եկեղեցականիդ վաստակը ամբողջանում է Ձեր անձնական միջոցներով իրականացվող որբերի հովանավորության աստվածահաճո ծրագրով, որով ուրախություն եք բերում ծնողական խնամքից զրկված կարիքավոր երեխաների կյանքում», – ասված է Փառեն Սրբազանին ուղղված Հայրապետական Սրբատառ կոնդակում:
 Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարին Աստված Ամենախնամ Իր Սուրբ Աջով պահի ու պահպանի Գերաշնորհ Աբրահամ և Փառեն արքեպիսկոպոսներին և զորացնի նրանց քրիստոսապատվեր իրենց առաքելության մեջ՝ շնորհելով արևշատություն և նորանոր հաջողություններ:


Եկեղեցին ոչ ես եմ, ոչ դու ես, ոչ էլ կաթողիկոսն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը
 -Սրբազան, սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռում տեղի կունենա եպիսկոպոսների ժողով, որտեղ կքննարկվի նաև Հայոց Մեծ եղեռնի զոհերի հնարավոր սրբադասման հարցը: Ըստ Ձեզ, որքանո՞վ է այդ խնդիրը ակտուալ: Ո՞րն է ժողովի աննախադեպությունը:
 -Հայոց եղեռնի զոհերի սրբացման պահանջը հասարակության մեջ վաղուց կա, հետևաբար կա հասարակական պահանջ, և եկեղեցու ավանդությանն ու աստվածանաբանությանը դա չի հակասում, քանի որ Քրիստոսի համար զոհված ամեն մարդ սուրբ է, իսկ Եղեռնի ժամանակ զոհերի ճնշող մեծամասնությունը վստահաբար զոհվեցին նաև Քրիստոսի հավատի համար: Այս ժողովը կլինի նախադեպ, կկայանա իբրև ինստիտուտ, թեև միշտ եղել է, բայց չի գործել պատմական վերջին հարյուրամյակի ընթացքում, և հիմա անկախության պայմաններում նման հնարավորություն է ընձեռվել:
  -Այս ժողովին մասնակցելու է նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Տարիներ շարունակ նա տկարացած եկեղեցու մասին բազմիցս արտահայտվել է:
 -Տկարացած եկեղեցին վերաբերում է նրան, որ սովետական տարիներին, այո, եկեղեցին տկարացել է, ոչ թե վերջին հինգ կամ տասը տարիների ընթացքում տկարացավ:
 -Բայց վերջին տարիներին հատկապես խոսում են եկեղեցու տկարության, կաթողիկոսի կամայականությունների մասին: Դուք չե՞ք հետևում լուրերին:
 -Ի՞նչ տկարություն, եկեղեցին տկա՞ր է: Եկեղեցին ոչ ես եմ, ոչ դու ես, ոչ էլ կաթողիկոսն է: Եկեղեցին ամենից առաջ Քրիստոս է: Քրիստոսի եկեղեցին չի կարող տկարանալ: Եթե հավատացյալ եք և հավատք ունեք Քրիստոսի հանդեպ, չեք կարող ասել, որ եկեղեցին երբևէ կարող է տկարանալ: Եկեղեցականները տկարանալ կարող են, եկեղեցին՝ ոչ:
 -Բազմիցս  եկեղեցում սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին է խոսվում, կարծես ստեղծվեց հանձնաժողով տարիներ առաջ, բայց կյանք չունեցավ:
 -Հիմա սահմանադրությունն ինչ-որ իդեա ֆիքս չէ: Կարող է լինել, կարող է չլինել: 1700 տարի է՝ եկեղեցին առանց սահմանադրության ապրել է, բայց դա չի նշանակում, որ սահմանադրություն չունի: Ունի իր կանոնները, կանոնական իրավունքը, դարեր շարունակ տարբեր ժողովներով սահմանված կարնոնները, ավանդությունը, այդ ամենն էլ ապրում է: Ուղղակի պետք է այդ բոլոր կանոններն ի մի բերել, ժամանակակից տեսքի վերածել ու անվանել սահմանադրություն: Կարելի է անել, կարելի է չանել: Ունենալով կամ չունենալով չէ, որ եկեղեցին ուժեղ է կամ տկար: Եթե 1700 տարի չի ունեցել, նշանակում է՝ եկեղեցին 1700 տարի տկա՞ր է եղել:  Եկեղեցին սահմանադրությամբ չէ, որ եկեղեցի է: Քրիստոս սահմանադրություն չտվեց, Ավետարան տվեց: Այն ավելի բարձր է, քան ցանկացած սահմանադրություն: Մենք առաջնորդվում ենք Ավետարանով, ոչ թե սահմանադրությամբ:
 -Շատ է խոսվում այն մասին, որ այս կաթողիկոսի ժամանակաշրջանում  հարյուրից ավելի կարգալույծ հոգևորականներ ունեցանք: Մինչդեռ եթե դա կարգավորվեր օրենքով, չէինք ունենա այսքան կարգալույծ հոգևորականներ, և չէր նշվի, որ սա կաթողիկոսի կամայականության դրսևորում է:
 -Եկեղեցին դեմոկրատական հաստատություն չէ, եկեղեցին նվիրապետական հաստատություն է: Ցանկացած կարգալույծ եղած հոգևորական ուխտ անելիս իմանում է, որ ուխտ է անում ի հնազանդություն հայրապետի ու հետևաբար հայրապետին անհնազանդություն անելու իրավունք չունի: Դա ի՞նչ կարգուկանոնով, ի՞նչ սահմանադրությամբ պետք է ղեկավարվի: Ի վերջո, ամենամեծ սահմանադրությունը հնազանդության սկզբունքն է: Չկա հնազանդության սկզբունք, չկա եկեղեցի: Բնականաբար, որևէ կարգալույց եղած հոգևորական, բնական է, չի ասելու՝ ես էի սխալ, որ ինձ կարգալույծ արեցին: Նա պետք է արդարանա: Այդ արդարանալու ատյանը չկա, բայց լավ է, որ լինի: Կարծես թե ստեղծվում է նման կարգապահական հանձնախումբ, որը քննում է այդպիսի հարցերը, և ինքն իր կարծիքը ներկայացնում է վեհափառ հայրապետին նույնությամբ: Բայց երբևիցե չի կարելի ասել, որ նվիրապետական կառույց ունեցող համակարգում ինչ-որ մեկը կամայականություններ է թույլ տալիս: Նախ՝ այդ ինչ-որ մեկը ինչ-որ մեկը չէ, Ամենայն հայոց հայրապետն է, որն ունի լիակատար ու լիարժեք իշխանություն: Որևիցե մեկը կարող է դա կամայականություն անվանել, մեկը՝ մի այլ բան, բայց դա նշանակում է նվիրապետական իշխանություն, և  յուրաքանչյուր եկեղեցական այդ իշխանությանը կապված է հնազանդությամբ: Չկա հնազանդություն, ուրեմն չի կարող լինել որևէ այլ արդարացում:
 -Վերջին շրջանում Երուսաղեմի հայոց պատրիարքի հայտարարությունը կաթողիկոսի հոգևոր ու նյութական արժեքների մասին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի՝ իր լիազորությունները դադարեցնելը մի՞թե չեն հուշում , որ այսօր խնդիրներ կան եկեղեցում:
 - Առկա խնդիրներ եկեղեցին միշտ ունեցել է և միշտ կունենա: Քրիստոսի ժամանակից ի վեր առկա խնդիրներ են եղել: Քրիստոս 12 առաքյալներ ընտրեց, 12-ից մեկը Հուդան դուրս եկավ, ուրեմն խնդիրներ կային նաև 12 առաքյալների միջև: Ուրեմն եկեղեցու մեջ միշտ խնդիրներ կլինեն, դրանում ոչ մի արտառոց բան չկա: Միշտ էլ հայր և որդի, եղբայր եղբայր հարաբերության մեջ կլինեն լարվածություններ: Այսինքն՝ ուռճացնելը, ֆետիշացնելը, ճգնաժամի անուն շոշափելն ավելորդ է, որովհետև այդպիսի թվացյալ լարվածություններ նվիրապետական աթոռների միջև, այսպես թե այնպես, և այսպիսի թվացյալ լարվածություններ միշտ էլ եղել են, և դրանք բոլորը լուծվել են, հասարակությունը անգամ տեղյակ չի եղել: Ուղղակի հիմա համացանց կա, երբեմն անզգուշաբար որոշակի նյութեր են տարածվում, հասարակության քննարկման առարկա են դառնում, հասարակությունն էլ կարծում է, թե այսօր եկեղեցին ճգնաժամի մեջ է: Դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա: Ամենայն հայոց կաթողիկոս, թեմի առաջնորդ, Երուսաղեմի պատրիարք հարաբերությունների ծիրի մեջ ոչ մի արտառոց բան չկա, խնդիրներ կլինեն, կհարթվեն կգնան, դրա մեջ որևէ բան փնտրել պետք չէ: Եղբայրների մեջ խնդիրներ չե՞ն լինում, հայր և որդու միջև խնդիրներ չե՞ն լինում: Այս խնդիրներն էլ կհարթվեն, կանցնեն:
 -Ի՞նչ եք կարծում, կաթողիկոսի և Երուսաղեմի հայոց պատրիարքի հարաբերություննե՞րն էլ կհարթվեն: Որևէ հայտարարություն չեղավ:
 -Դա մեր խնդիրը չէ, և իրենք էլ պարտավոր չեն հայտարարությամբ հանդես գալու, որպեսզի դուք էլ իմանաք, թե դա ինչպես է լուծվում: Խոսքը ամենաբարձր նվիրապետական աստիճանների մասին է՝ Ամենայն հայոց կաթողիկոս և Երուսաղեմի պատրիարք, և մեզանից որևէ մեկն այդ տարածքում չի տեղավորվում և տեղավորվելու տեղ էլ չունի: Հետևաբար, այդ հարցը իրենց խնդիրն է, և իրենք կկարգավորեն: Ի՞նչ է, կարծում եք, որ այդ հարցը չի՞ կարգավորվի: Երկու ամենաբարձրաստիճան հոգևորականները չե՞ն կարողանա խնդիրը լուծել: Ինչպե՞ս կարող է հասարակությունը մտածել, որ այս խնդիրը չի լուծվի: Եկեղեցական դարավոր փորձը, դարավոր իմաստնությունը ի վերջո կհուշեն, որ լավագույն ճանապարհը կգտնվի, և այդ հարցը կլուծվի, և չարախնդացողներն էլ ի վերջո կմնան հուսախաբ:
 -Սրբազան, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչն է պատճառը, որ մենք  շատ քիչ սրբեր ունենք, իսկ Գրիգոր Տաթևացուց այս կողմ այլևս չունենք:
 -Սա մեր եկեղեցու խստապահանջ մոտեցումն է, այդ է պատճառը, որ մենք Գրիգոր Տաթևացուց այս կողմ սրբադասված սրբեր չենք ունեցել: Դա չի նշանակում, որ եկեղեցին սրբեր չունի, եկեղեցին միշտ ունի սրբեր, բայց սրբադասումն այլ բան է, սրբեր ունենալն այլ բան է: Սրբադասումն այն է, երբ եկեղեցին հրապարակավ ճանաչում է սրբությունը, հայտարարում է և սահմանում տոնացույց  այդ սրբի համար: Սրբադասումն այլ հարց է, սրբեր ունենալ-չունենալը՝ այլ: Գրիգոր Տաթևացուց հետո մենք հազարավոր սրբեր ունեցել ենք, ունենք և կունենանք: Դա խոսում է եկեղեցու ծայրահեղ խստապահանջ մոտեցման մասին: Կաթոլիկները կարող են ամեն ամիս ինչ-որ մեկին սրբացնել, մեր եկեղեցին շատ ավելի խստապահանջ է, և դրա համար դուք ուրախ պետք է լինեք, տխրելու առիթ չունեք:
 -Դուք ասեցիք, որ եկեղեցին դեմոկրատական կառույց չէ: Քրիստոնեությունը հենց ժողովրդավարական արժեքներ տարածողն է, արդյո՞ք եկեղեցին ինքն էլ պետք է այդ կառույցը չլիներ:
 -Երբ ասում եմ՝ դեմոկրատական կառույց չէ, ես որոշակի համատեքստում եմ ասում. դա վերաբերում է եկեղեցականությանը: Եկեղեցականությունից դուրս՝ ամենադեմոկրատը մեր եկեղեցին է: Եթե կարողանանք գտնել ավելի դեմոկրատական եկեղեցի, կբերեք ցույց կտաք: Մեր մոտ աշխարհական տարրը ամենամեծն է, նվիրապետությունն ունի, բայց եկեղեցական կարգի, նվիրապետության մեջ դեմոկրատիա չկա: Երբ մենք մտնում ենք միաբանական ուխտի մեջ, դեմոկրատիան վերջանում է:


ԴՐԱԽՏՆ ՈՒ ԴԺՈԽՔԸ (առակ)

Մի անգամ ռաբբին Աստծու հետ զրուցում էր Դրախտի և Դժոխքի մասին:
— Ես քեզ ցույց կտամ Դժոխքը,— ասաց Աստված և ռաբիին տարավ մի սենյակ: Սենյակը լիքն էր հյուծված և հուսահատված մարդկանցով: Մարդիկ նստած էին մեծ, կլոր սեղանի շուրջը, իսկ սեղանի կենտրոնում ծխարձակող հսկայական կաթսա էր դրված: Կաթսայում այնքան շատ խաշած միս կար, որ լիուլի կբավականացներ բոլորին: Միսն այնպիսի հիասքանչ բուրմունք էր արձակում, որ ռաբբիի բերանը լցվեց թքով: Չնայած դրան՝ ոչ ոք մսին ձեռք չէր տալիս: Սեղանի շուրջ նստածներից յուրաքանչյուրը ձեռքին չափազանց երկար պոչով մի գդալ ուներ: Գդալի պոչը բավականաչափ երկար էր կաթսայից լիքը գդալ միս հանելու համար, բայց այն նաև չափազանց երկար էր միսը բերանը հասցնելու համար: Ռաբբին հասկացավ, որ այդ մարդկանց տառապանքներն իրոք որ սոսկալի էին և կարեկցաբար գլուխը հակեց ներքև:
— Իսկ հիմա ես քեզ ցույց կտամ Դրախտը,— ասաց Աստված, և նրանք մեկ ուրիշ սենյակ մտան: Սենյակը նախորդի ճիշտ պատճենն էր՝ նույն մեծ, կլոր սեղանը, մսով լի նույն հսկայական կաթսա
ն, չափազանց երկար պոչերով նույն գդալները: Բայց այստեղ ուրախության մթնոլորտ էր տիրում. բոլորը կուշտ էին, կերած և կարմրաթուշ: Ռաբբին տարակուսանքով նայեց Աստծուն:
— Ամեն ինչ շատ հասարակ է,— բացատրեց Աստված.— ընդամենը որոշակի հմտություն է պահանջվում: Բանն այն է, որ այս սենյակի մարդիկ սովորել են կերակրել մեկը մյուսին:

понедельник, 16 сентября 2013 г.

ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ԽԱՉԵՐԹ` ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՑ

 Սեպտեմբերի 14-ին Շահումյան համայնքի <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը կազմակերպել էր մոմերով խաչերթ դեպի Վանաձորի Ս. Կիրակի մատուռ: Համանյքի նորակառույց Ս. Հակոբ եկեղեցում միասնական աղոթք հնչեցնելուց հետո, ուխտավորները շարժվեցին դեպի արդեն հարազատ դարձած սրբավայր: Խաչերթին մասնակցում էին միության անդամները, կիրակնօրյա դպրոցի սաները և բարձր դասարանների աշակերտներ: Ճանապարհին ուխտավորներին միացան նաև Գուգարքի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը և Վանաձոր քաղաքի հավատավոր բնակիչներ: Սրբավայրում տեր Սողոմոնը ներկաներին բացատրեց օրվա խորհուրը, ապա երիտասարդներին հորդորեց ավելի ուշադիր և հոգատար լինեն սրբավայրերի նկատմամբ, ինչի արդյունքում երիտասարդները որոշեցին մոտակա օրեին մասնակցել Ս. Կիրակի մատուռի մաքրման աշխատանքներին:











 Սեպտեմբերի 15-ին <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միության անդամները և համանուն կիրակնօրյա դպրոցի սաները մասնակցեցին << Նարեկացի>>  եկեղեցասեր երիտասարդական միության կազմակերպած Խաչերթին:







Նյութը և ֆոտոշարքը` Անահիտ Գագինյանի 

Եկեղեցական կարգ ու կանոնի և ապաշխարության վեճեր


Ekxecakan karg u kanoni vecher
 Տարբեր էին հասկացողութիւնները նաև մեղքի թողութեան սկզբունքների մասին: Յետ-առաքելական շրջանում դեռ ևս տիրապետող էր նախնի քրիստոնէական խստութիւնը, որի համաձայն համայնքի մէջ մտնող ամեն մի անդամ իբրև եղբայր և սուրբ ի Քրիստոս պարտաւոր էր իւր բարոյական կեանքով ցոյց տալ համայնքի մէջ գործող հոգին: Սովորական թեթև յանցանքների համար մշտական ապաշխարութիւնն (Բ. Կղեմէս) և մեղքի թողութիւնը թոյլատրելի էր համայնքի առաջ և համայնքի կողմից. բայց ուր համայնքի մէջ գործող հոգու դէմ պարզ կերպով յանցանք էր գործուած, անհրաժեշտ էր դառնում արտաքսումը (հմմտ. դեռ Ա. Կորնթ. Ե): Բայց դեռ ևս որոշ չէր այդպիսի դէպքերի սահմանը: Այնուամենայնիւ սկսում են տարբերել ծանր ու թեթև յանցանքները: Միւս կողմից սահմանափակւում է շնորհքի գործունէութիւնը. միայն մի անգամ, մկրտութեան առթիւ կատարած նախկին մեղքերի ապաշխարութիւնից յետոյ, շնորհուել են հեթանոսական մեղքերը: Մկրտութեան վրայ են կենդրոնանում թէ ապաշխարութիւնը և թէ շնորհքը: Այն անհատը, որ այնուհետև կորցրել է ապահով փրկութեան հաղորդակցութիւնը, նրա համար եկեղեցին այլ ևս միջոց չունի հաղորդակցութիւնը վերանորոգելու համար: Արտաքսուածի հետ նա այլ ևս յարաբերութիւն ունենալ չէր կարող. թէև Աստուծոյ ողորմածութիւնը նրան դուրսն էլ օգնել կարող է, բայց համայնքի համար նա մեռած է արդէն (Ա. Յովհ. Ե. 16., Եբր. Զ. 4-6 Ժ. 26. Տերտուլիանոս. հմմտ. Մատթ. ԺԸ. 17., Ա. Կորնթ. Ե. 5. 11): Այս հասկացողութիւնը շատ խիստ էր նաև այն պատճառով, որ կազմակերպուած կաթուղիկէ եկեղեցու մէջ մի համայնքից արտաքսելը նշանակում էր ամբողջ եկեղեցուց արտաքսել:
Այս դաժան սկզբունքներին հակասում էր իսկական իրականութիւնը: Քրիստոնէութեան տարածման հետ միասին և հալածանքների պատճառով սկսում են աւելի յաճախ դառնալ հեթանոսավայել գործերը, ինչպէս օրինակ անառակութիւն, սպանութիւն և ուրացութիւն: Րոպէական թուլութիւնից ուրացողները և այդ պատճառով արտաքսուածները, զղջմամբ նորից ընդունուել էին կամենում և բնական էր, որ սկզբունքների մէջ մեղմութիւն մտնէր այսպիսիների համար եկեղեցու մէջ: Այդպիսի մեղմ սկզբունքների առաջին անգամ պատահում ենք Հերմասի Հովուականի մէջ. նա թոյլ է տալիս մի Բ. ապաշխարութիւն` գլխաւորապէս անառակութեան համար, բայց միայն մի վերջին անգամ, որովհետև Տիրոջ գալուստը մօտ է, որ այդ պէտք է եկեղեցական օրէնք դառնայ, ամենևին չի մտածում Հերմասը: Բայց այս դէպքում էլ թոյլ է տալիս նա մեղաւորին միայն ցմահ ապաշխարել եկեղեցու գաւթում: Լուգդունումի և Վիեննի համայնքների թղթի համաձայն (Եւս. Ե. 1 և այլն) միայն այնպիսի անկեալներն են նորից ընդունւում, որոնք հէնց հալածանքի ժամանակ քաւել են իրենց յանցանքը:
Տերտուլիանոսի ժամանակ, որը այս հարցերը առանձին գրութիւնների նիւթ է դարձնում, ծանր յանցանքներն տեսնում ենք երկուսի բաժանուած` ներելի և աններելի: Առաջիններն այդպիսով մօտենում են թեթև մեղքերին, որոնք համայնքի մէջ ներւում են. տարբերութիւնը միայն այն է, որ այս յանցանքների համար պատժելու, և ոչ թէ դատապարտելու նպատակով ժամանակաւորապէս մերժում են համայնքի հաղորդակցութիւնից: Աններելի յանցանքները միայն հետևեալ երեքն են` սպանութիւն, անառակութիւն, ուրացութիւն: Վերջին դէպքերում էլ զղջմամբ լի յանցաւորները իրաւունք են ստանում, թէև յաւիտենական ապաշխարութեան համար, գաւթում մնալու: Այսպիսով եկեղեցու մէջ կազմւում է մի ամբողջ սանդուխք ապաշխարութեան և պատիժների, սկսած ամենօրեայ սովորական թողութեան խնդիրքից (Ե. խնդրուածք) և թեթև մեղքերի ներելուց մինչ— ծանր յանցանքներն ու համայնքից արտաքսելը ևլն. կարճ` դաստիարակչական մի ամբողջ սիստեմ:
Ինչ որ առաջին անգամ մկրտութիւնն էր արել, այն այժմ կատարում է ապաշխարութիւնը և այստեղ մեծ նշանակութիւն են սկսում ստանալ բացի ներքին փոփոխութիւնից, նաև արտաքին ճգնական գործողութիւնները. ժուժկալութիւնը, կամաւոր յանձնառութեամբ կրած պատիժները ևլն: Եթէ առաջ սոցա նպատակն էր ցոյց տալ զղջման լրջութիւնը, այժմ սոքա միջոց են դառնում վիրաւորուած Աստծուն բաւականութիւն տալու համար (Տերտուլիանոս): Իսկ որովհետև համայնքը Աստուծոյ տաճարն էր, միևնոյն ժամանակ բաւականութիւն էր տրւում նաև համայնքին: Աստուծոյ ներելուց կախուած էր սկզբում ի հարկէ համայնքի ներելը, բայց հետզհետէ եկեղեցու փրկութեան միջնորդ դառնալով` յարաբերութիւնը փոխւում է. համայնքի մէջ ընդունելն` համարւում է անհրաժեշտ, իսկ Աստծուն մնում է վերջին խօսքը: Մեղքի թողութեան արտաքին գործողութիւնը կատարում է համայնքի ամբողջութիւնն իբրև Ս. Հոգու ներկայացուցիչ. բայց ինչպէս մի ժամանակ առաքեալներն ու մարգարէները (Ա. Կորնթ. Ե. 3. շար.), այնպէս էլ այժմ նահատակներն ու խոստովանողներն են նոյն հոգու ներգործութեան արտայայտիչները, որոնք իրենց մէջ բնակուող հոգու զօրութիւնն ապացուցել են դէպի մահ դիմելով. այդ պատճառով էլ նոքա իրաւունք ունին թողութիւն տալու մեղքերին և համայնքների առաջ էլ միջնորդելու ուրիշների համար (Եւս. Ե. 1): Նահատակութիւնը ոչ միայն սեպհական ամենածանր մեղքերն է ջնջում, այլ և մեծ քանակութեամբ աւելի վաստակ է հանդէս բերում, որից բաժին ստանալ կարող են խեղճերը (Եւս. Ե. 2): Այս համոզումն էր պատճառը, որ Բ. դարում անկեալների ընդունելութիւնը մարտիրոսների և խոստովանողների միջոցով Աստուծոյ կամքի արտայայտութիւն էր համարւում: Բայց հէնց նոյն Բ. դարու ընթացքում այդ իրաւունքն էլ կամաց կամաց դուրս է գալիս ազատ շնորհքի ներկայացուցիչների ձեռքից և կենդրոնանում է հաստատուն պաշտօնէութեան` եպիսկոպոսի ձեռքում: Եպիսկոպոսն է համայնքի օրգանը և նրա բերանով է համայնքը մէկին թողութիւն շնորհում կամ արտաքսում համայնքից: Այդպէս էր արդէն Տերտուլիանոսի ժամանակ: Թէև ըստ Տերտուլիանոսի բանալիների իրաւունքը ամբողջ համայնքինն է, բայց առանձնապէս առաքեալների եպիսկոպոս յաջորդներին են վերաբերում Յովհ. Ի. 23 — Մատթ. ԺԶ. 19, ԺԸ. 18. Տիրոջ խօսքերը: Զարգացման այս ուղղութիւնը պատճառ դարձաւ, որ հետզհետէ բարձրացաւ եպիսկոպոսական պաշտօնի առարկայական նշանակութիւնը, այն ինչ նրա բարոյական մաքրութիւնն սկսեց թուլանալ:
Մոնտանական շարժումը անյաջող կերպով ընդդէմ դուրս եկաւ այս զարգացմանը, կամենալով հաստատուն պահել նախնի քրիստոնէութեան խիստ սկզբունքները: Տերտուլիանոսի մէջ էլ դեռ ևս հին մոնտանական տրամադրութիւններն են խօսում, երբ նա ծանր յանցանքների շարքն է դնում համայնքի` իբրև Աստուծոյ տաճարի դէմ գործուած բոլոր յանցանքները, և ասում է թէ` եկեղեցին յիրաւի իրաւունք ունի մեղքեր ներելու, որովհետև նրա մարգարէների մէջ է հոգին, բայց նա այդ չէ անում դաստիարակչական իմաստութիւնից դրդուած: Բայց սկզբնական մոնտանականութեան այս խիստ սկզբունքներն արդէն յաղթուել էին և Տերտուլիանոսը ներկայացնում է մեզ այդ թուլացած աստիճանը: Նա էլ աններելի է համարում կռապաշտութիւնը, անառակութիւնն ու սպանութիւնը, նա էլ դոցա համար արտաքսում է համայնքից, բայց չէ զրկում ապաշխարութեան իրաւունքից. զղջացողները իրաւունք ունին մինչև իրենց կեանքի վերջը եկեղեցու գաւթում ապաշխարելու: Տերտուլիանոսն էլ ընդունում է, որ եպիսկոպոսն իբրև համայնքի ներկայացուցիչ իրաւունք ունի թեթև յանցանքները, այնպիսիք, որոնք յիշեալ երեքի կարգին չեն պատկանում, ներել:
Մոնտանականութիւնը թէև չկարողացաւ շարժման առաջն առնել, բայց մի հիմնական տրամադրութիւն ստեղծեց, մինչև անգամ Հռովմում ու Կարթագենում Գ. դարու սկզբին, որ հին սկզբունքները պահպանել կամենալով, այլ ևս չէր ուզում զարգացման հետ յառաջ գնալ: Թէ ինչքան էր առաջ գնացել խնդիրը, երևում է այն հանգամանքից, որ խելքեսայիտներն ընդունելութիւն են գտնում նաև Հռովմում անշուշտ իրենց կրկին մկրտութիւնների պատճառով, մեղքերի թողութեան համար: Մինչև անգամ Հռովմի եպիսկոպոսը Կալլիստոսը նրանց հետ ունեցած յարաբերութիւնների պատճառով կասկածի տակ ընկաւ, թէ նրանց կողմն է անցել: Բայց Կալլիստոսը յիրաւի օգտուեց հանգամանքից և կրօնական վէճերով պառակտուած համայնքի մէջ իրեն համար հաստատուն հող գտնելու համար որոշեց զիջողութիւններ անել դիսցիպլինի նկատմամբ, մանաւանդ որ այդ մի միջոց էր միայն եպիսկոպոսական իշխանութեան հեղինակութիւնը բարձրացնելու:
Կալլիստոսը 217/8-ին մի էդիկտով յայտարարեց վճռական կերպով, որ ինքը եպիսկոպոսական իշխանութեամբ մինչև իսկ մահացու մեղքերը, ինչպէս օրինակ անբարոյականութիւն ներել կարող է: Այդ բանը գայթակղութիւն յառաջ բերեց, մանաւանդ որ նրա հեղինակը մի խաբեբայութեան համար փախած և ապա Սարդինիա աքսորուած նախկին հեթանոսական ստրուկ էր եղել (Հիպպոլիտ), և պատճառ դարձաւ ծանր վէճերի և Հիպպոլիտի հերձուածի Հռովմում, որ մինչև 235թ. տևեց ու վերջացաւ երկու հակառակ եպիսկոպոսների էլ աքսորմամբ:
Մեծ զայրոյթ առաջ բերեց այս կոնդակը նաև Աֆրիկայում, ուր մանաւանդ Տերտուլիանոսը լաւ հասկանում էր թէ ինչ էր ցանկանում դրանով եպիսկոպոսական պաշտօնը ձեռք բերել: Այս առաջին մեզ ծանօթ պապական բուլլան իւր մէջ ունի արդէն բոլոր հետևեալ բուլլաների քաղաքական բնաւորութիւնը: Տերտուլիանոսը կծու խօսքերով հասկացնում է իւր հակառակորդին, թէ ինչպէս որ եպիսկոպոսները առաքեալների մարգարէական ու հրաշքներ գործելու շնորհքը չունին, այնպէս էլ զուրկ են առաքեալների իրաւունքներից, որոնք աւելի մոնտանական մարգարէներին են պատկանում: Կալլիստի նուիրապետական ձգտումներն աւելի պարզ կլինին մեզ համար, եթէ ի նկատի առնենք նրա կարծիքները, որ նախ` եպիսկոպոսները, եթէ նոյն իսկ մահացու մեղք էլ գործած լինին, չեն կարող աթոռազուրկ լինել և Բ. մեղաւորներն անհրաժեշտ մասն են կազմում քրիստոնէական եկեղեցու, այնպէս ինչպէս որ ցորենի հետ փուշ ու տատասկ էլ է բուսնում: Սրբերի համայնքն այստեղ արդէն դառնում է «Փրկութեան դպրոց». եկեղեցին մի դաստիարակչական գործ ունի կատարելու այդ մեղաւոր անդամների նկատմամբ իւր եպիսկոպոսների միջոցով:
Եպիսկոպոսներն են ուրեմն, իբրև առաքեալների յաջորդներ, համայնքի թէ ուսուցիչները և թէ դատաւորները. և Հռովմն է Ա. անգամ այս գաղափարը որոշ կերպով արտայայտողը: Առաջին անգամ Կալլիստոսն է Մատթ. ԺԶ. 18. Տիրոջ խօսքը Հռովմի աթոռին վերագրում և այդպիսով Հռովմի առաջնակարգ դիրք ստանալը քրիստոնէական եկեղեցու մէջ նախապատրաստում: Pontifex maximus, quod est episcopus episcoporum-թէ և ծաղրական կերպով է գործ ածում Տերտուլիանոսը Հռովմի եպիսկոպոսի համար, բայց այդ հեգնութիւնն իսկապէս մի գուշակութիւն էր ապագայի համար:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ