пятница, 30 августа 2013 г.

Աղոթք ՍԲ Հաղորդություն ստանալուց հետո

Դու, որ մեր տկար բնության փորձառությունը ունեցար, ո՜վ մեր քահանայապետը` Հիսուս, քեզ ենք նայում: Դու` որ մեզ համար մեղքի պատարագ եղար, որպեսզի մենք քեզ համար արդար լինենք: Դու` որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք քեզ համար երկնավոր լինենք: Դու` որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք քեզ ճաշակելով սրբվենք: Տո՛ւր վշտերով լեցուն քո մարմինը, որպեսզի բոլոր սրտերը քեզ ճաշակեն եւ սրբվեն: Մատռվակի՛ր վտակի պես կաթկթող քո անմեղ արյունը, որպեսզի մարդիկ անմեղությամբ հագենան: Երկարի՛ր փրկարար խաչդ` այս աշխարհի ծովում լողացողներիս, մեզ վեր` դեպի քեզ բարձրացնելու համար:
Շնորհքի՛ կարոտ ենք, սփռի՜ր, հոգնած ենք մեղանչելուց, քավի՛ր, խավարի մեջ ենք խարխափում, ճառագայթի՛ր. մեր հավատքից տապալվել ենք, հաստատի՛ր: Դո՛ւ ես հույսը, դո՛ւ ես լույսը, դո՛ւ ես կյանքը, դո՛ւ ես քավությունը, դու ինքդ ես անմահությունը: Քե՛զ ենք սպասում, քո շնորհի կռթնածներս, քեզնից փրկություն ստանալու կարոտ ենք, քո մարմնին միացածներս. քե՛զ որպես քավիչ քահանա ունենք. մենք` քո արյունով գնված հոտդ: Նայի՛ր բոլորիս, սփոփիր մեր տարակուսանքները քո փրկագործությամբ, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունները քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնած հոգիները քո օթեւանների մեջ, ուր դու գնացիր, ո՜վ Տեր, եւ նույնը մեզ խոստացար:
Եւ արժանացրո՛ւ մեզ` քեզ պատկանողներիս, որ փառավորենք քեզ, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին` հավիտյանս:
Ամեն:
Ս. Ներսես Լամբրոնացի

0 коммент.:

Отправить комментарий