воскресенье, 22 сентября 2013 г.

Սուրբ Հովհան Մանդակունի – ԹՈՒՂԹ ՊԱՀՔԻ ՊՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (մեջբերումներ)

Եվ ինչպես որ աղբոտ հողն է խառնիխուռն բույսեր բուսցնում և աճեցնում, այդպես էլ կերակուրի աղբով փափկացած որովայններն են մշտապես աղտեղի խորհուրդներ վեր հանում։ Քանզի որդերին գեջ հողն է սնում, իսկ պիղծ ախտերը՝ գիջացած որովայնը։
Եվ որովհետև մեր բնության համար խիստ կարևոր է պահքի առաքինությունը, և բազում թերություններ շտկվում են պահքի խոնարհությունից, այն ժամանակվանից իսկ, երբ մարդուն ստեղծեց, [Աստված] պահքի պնդությամբ պարսպեց մեր բնությունը և առաջին մարդու համար իբրև առաջին պատվիրան դրեց ամուր պահքը՝ չճաշակել ծառից։ Քանզի եթէ [առաջին մարդը] պահեր պահքի պատվիրանը, կժառանգեր անախտ, անմահ ու անմեղ կյանքը և երկնքում՝ երկնային բարիքները։ Քանզի շատերը, ովքեր պահեցին պահքի պնդությունը, բազում նեղություններից փրկվեցին։
Սույնով իսկ՝ պահքի պնդությամբ, և Մովսեսն ընդունեց աստվածադիր օրենքները, որովհետև քառասնօրյա պահքի մաքրությամբ արժանի դարձավ մոտենալու Մաքուրին. և խոսում էր Նրա հետ՝ իբրև բարեկամի (տե՛ս Ելք ԻԴ 12-18)։
Դրանով նաև առաջին հայրերն առաքինացան և անմարմին հրեշտակների վարքը մարմնի մեջ ցույց տվեցին. երկրում մեռցրին երկրավոր ցանկությունները և երկնքում կենդանացրեցին իրենց հոգիները, մերժեցին անցողիկ հաճույքները, որպեսզի ընդունեն անանցանելի բարիքները, հեռացան տնից ու ստացվածքներից, չարչարվեցին բազում նեղություններից և չարչարվելով՝ ամբողջովին մեռցրեցին իրենց անձերը քաղցով, ծարավով ու նվաստ հագուստներով։ Նրանցից շատերը բավականացան խոտեղեն կերակուրով, ոմանք էլ միայն միրգ ուտելով անցկացրին իրենց կյանքը։ Ոմանք միայն ծառերի ծայրերն ու բույսերի արմատներն էին ուտում, ոմանք սակավ հունդերով էին ժուժկալում, ոմանք՝ ժամանակ առ ժամանակ երեք նուկի հացով, ոմանք՝ նկանակի մեկ չորրորդ մասով, և ուրիշները՝ մեկ վեցերորդ մասով, ոմանք ցորենի թեփը իրենց կերակուր դարձրին, ոմանք խոզերի ուտելիքով՝ եղջերենու պտղով էին դադարեցնում քաղցի պատճառած նեղությունը։ Ոմանք օրվա հոգևոր կերակուրներին հաղորդությունն էին բավական համարում մարմնի կարիքների համար և ուրիշ կերակուրների վայելքը ամբողջովին մերժված էր նրանց կողմից։ Ոմանք ժամանակ առ ժամանակ էին ճաշակում, ոմանք՝ երկու, ոմանք էլ՝ երեք օրը մեկ անգամ, ոմանք եօթ օր հետո, և որ ավելին է, հիշում էին կերակուրի անհրաժեշտությունը և կշռով էին այն ճաշակում, նաև ջուր էին չափով խմում։ Անդադար հեծությամբ աղոթում և ծառայությունն էին կատարում, ողջ գիշերն արտասուքով ու ողբով էին անցկացնում և ողբալի խնդրվածքներով ու հառաչանքներով հաշտեցնում էին Աստծուն։ Ոմանք պարաններով կապված էին ննջում, ոմանք ոտքի վրա տքնելով էին գիշերն անցկացնում, ոմանք քիչ նստելով, ոմանք մինչև առավոտ ձեռքները վեր բարձրացրած էին պահում, ոմանք, իրենց պարանոցը խոնարհեցրած, մինչև լուսանալը ժուժկալում էին, ոմանք հարյուրավոր աղոթքներ էին ընդօրինակում։ Ոմանք լռում էին, ոմանք խոսում էին միայն սաղմոսներ, ոմանք առանց իրենց հարցնելու չէին բարբառում, ոմանք ընտրությամբ միայն ընկերոջ օգուտի համար էին խոսում։
Չափով էին պահում իրենց մարմինը և իրենց խորհուրդների վրա սանձ էին դնում և այնպես զանազան և մեծ նեղություններով պահքի պնդություններ հորինում։
Ոչ միայն կերակուրներից [հրաժարումն է] պահք անվանվում, այլ նաև բոլոր մեղքերից հեռանալը, որովհետև պահք են նաև բերանի լռությունը և անհարկի՝ առանց իրեն հարցնելու խոսելը։
Պահք է խոնարհելն աչքերը՝ անամոթ չնայելու, ականջները՝ [անամոթություններ] չլսելու, սիրտը՝ պիղծ խորհուրդներ [չխորհելու]։
Մանավանդ հարկ է, որ պահքի օրերին որովայնիցդ զրկելով՝ աղքատներին տաս այն, որպեսզի դու քաղցես, իսկ քաղցողը կշտանա …
Մեջբերումները արված են սբ. Հովհան Մանդակունու «Թուղթ պահքի պնդության մասին» թղթից, ամբողջությամբ այն ընթերցելու համար այցելեք Լուսամուտ.net:


0 коммент.:

Отправить комментарий