воскресенье, 25 мая 2014 г.

ՀԻՇԻՐ ԱՐԱՐՉԻԴ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԴ ՕՐԵՐԻՆ




Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպությունը (ՀԱԵԳԹԵԿ) հիմնադրվել է թեմի ստեղծման հետ միասին` թեմակալ առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ: Ստորև ներկայացնում ենք ՀԱԵԳԹԵԿ Կենտրոնական խորհրդի անդամ Վահե-Դավիթ Խաչիկյանի հետ ունեցած հարցազրույցը:





- Ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱԵԳԹԵԿ-ը:
- ՀԱԵԳԹԵԿ կառույցն իր մեջ ընդգրկում է թեմի  11 համայնքների և Վանաձորի եկեղեցասեր երիտասարդաց միությունները: ՀԱԵԳԹԵԿ հոգևոր պատասխանատուն է Գուգարաց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոսպոս Չուլջյանը:  Յուրաքանչյուր միություն գործում է տվյալ համայնքի եկեղեցու անվամբ և տեղի հոգևորականի առաջնորդությամբ:
Ո՞րն է ՀԱԵԳԹԵԿ հիմնական նպատակը:
Հայաստանում եկեղեցասեր երիտասարդաց միությունները հիմնվել են 2001 թվականին: Գլխավոր համակարգող կառույցը համարվում է Հայ եկեղեցու երիտասարդաց միավորումը: ՀԱԵԳԹԵԿ առաքելությունը  թեմի  երիտասարդությանը քրիստոնեական  արժեքների  շուրջ համախմբելն  ու  միաբանելն էըստ Առաքելական եկեղեցու վարդապետության:
-  Երբվանի՞ց ես  ՀԱԵԳԹԵԿ անդամ:
-  2010 թվականի դեկտեմբերից անդամակցում եմ Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միությանը, իսկ 2011 թվականի օգոստոսից ՀԱԵԳԹԵԿ Կենտրոնական խորհրդի անդամ եմ:
-  Այդ ժամանակատահվածում ի՞նչ ծրագրեր է իրականացրել թեմի երիտասարդական կազմակերպությունը, և ըստ քեզ` ո՞րն է դրանցից ամենահաջողվածը:
-  Այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել: Առավել հաջողվածներից կարող եմ նշել, որ մի շարք համայնքներում երիտասարդաց միություններին կից պատանեկան թևեր են ձևավորվել, 2011թ. դեկտեմբերից սկսած` Վանաձորում և այլ համայնքներում «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի շրջանակներում օգնություն ենք ցուցաբերել մի շարք անապահով ընտանիքների, 2013 թվականի ամռանը թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարում կազմակեպեցինք հոգևոր-երիտասարդական ճամբար, որին մասնակցում էին ՀԱԵԳԹԵԿ անդամ երիտասարդաց միությունների  ներկայացուցիչները: Ծրագրերն իրականացվել են ՀԱԵԳԹԵԿ Կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ և դրանցից շատերը շարունակական բնույթ են կրում:
-  Քանի որ խոսք եղավ  «Ձեռք մեկնիր»  բարեգործական ծրագրից կցանկանայի, որ մի փոքր պատմեիր դրա մասին:
- «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրն իրականացվում է 2011 թվականից: Ծրագրի հիմնական նպատակն է օգնել թեմից ներս ապրող անապահով ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում ընտրում ենք  անապահով ընտանիքների, որոնք իսկապես օգնության կարիք ունեն, կազմակերպում ենք հանգանակություն, հագուստի և սննդի հավաքագրում: Հանգանակություններից հավաքված գումարով ձեռք ենք բերում սնունդ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլ իրեր, որոնք միառժամանակ քիչ, թե շատ  կբարելավեն այդ ընտանիքների սոցիալական վիճակը: Ծրագիրը մեծ արձագանք գտավ և հաջողություն ունեցավ, այդ իսկ պատճառով որոշեցինք այն դարձնել շարունակական: Այս պահին էլ ծրագիրն ընթացքի մեջ է:
-  Ծրագրերն իրականացնելիս, բացի հանգանակաություններից, ֆինանսական այլ օժանդակություն ստանու՞մ եք:
- Որևէ մշտական ֆինանսավորող աղբյուր չունենք: Ծրագրերը հիմանականում իրակացնում ենք ինքնաֆինանսավորմամբ  և Գուգարաց թեմի առաջնորդարանի օժանդակությամբ: Մեծ մասշտաբի ծրագրերի ժամանակ օժանդակություն են ցուցաբերում նաև եկեղեցիների խաչքավորները: Այստեղ չեմ կարող չնշել թեմակալ առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս  Չուլջյանի անունը, ում  մշտական  աջակցությունն ու հայրական խնամքը  անպակաս են մեր գործունեությունից:
- Այլ թեմերի երիտասարդաց միությունների հետ համագործակցու՞մ եք:
- Այո, իհարկե: Իրականացրել ենք մի շարք ծրագրեր  Շիրակի թեմի երիտասարդաց միության հետ, համագործակցում ենք նաև ՀԵԵՄ կենտրոնական գրասենյակի  հետ: Մենք, ընդհանրապես, շատ ենք կարևորում այլ թեմերի երիտասարդաց միությունների հետ համագործակցությունը, քանի որ կատարում ենք փորձի փոխանակում, ձեռք ենք բերում նոր գաղափարներ, որոնք իրականացնում ենք թեմում:
-  Ապագայում ի՞նչ ծրագրեր եք նախատեսում:
- Ամռանը նախատեսում ենք կազմակերպել «Հիշի´ր Արարչիդ երիտասարդությանդ օրերին»  խորագրով ծրագիրը, որի ընթացում կկազմակերպենք երիտասարդական ճամբար ՀԱԵԳԹԵԿ անդամ երիտասարդաց միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կվերաձևավորենք Կենտրոնական խորհուրդը և կմշակենք առաջիկայում իրականացվելիք ծրագրերի փաթեթ: Նշեմ նաև, որ ներկայումս ընթացքի մեջ է «Ձեռք մեկնիր եղբորդ» դրամահավաք ակցիան, որը նախաձեռնել է թեմակալ առաջնորդը: Ծրագրի ընթացքում տպագրվել են անվանական բացիկներ, որոնց վաճառքից գոյացած գումարով ձեռք է բերվելու բնակարան Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանում բնակվող Քալաշյան ընտանիքի համար:

-  Շնորհակալություն:




Նյութը` ՄԱՐԻԱՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ

0 коммент.:

Отправить комментарий