воскресенье, 25 января 2015 г.

Ո՞րն է կրոնական հանդուրժողականությունը

Հարց.
Ո՞րն է կրոնական հանդուրժողականությունը։
Արդյոք դա մուսուլմանի հանդեպ հանդուրժողականությունն է, թե կրոնական այս կամ այն կազմակերպության անդամի։


Պատասխան.

Ինձ թվում է, որ կրոնական հանդուրժողականությունն այն է, երբ քրիստոնյան հարգում է դիմացինի կրոնական ուղղվածության ընտրությունը, սակայն նա հաստատուն է ի՛ր հավատքի մեջ: Քրիստոնյան վստահ է, որ փրկության միակ ճանապարհը Քրիստոսն է, որն ասաց «Ես եմ դուռը…» ուրիշ ոչ մեկը դա չասաց… այդ իսկ պատճառով, երբ առաջին դարերում ընդունված եւ սովորական բան էր ուրիշ աստվածների ներմուծումը հռոմեական աստվածների պանթեոնի մեջ, միակը քրիստոնյաներն էին, որ ասացին. – Մեր Աստվածը միակ կենդանի Աստվածն է, եւ նա է մեր փրկության ճանապարհը, մի խառնեք ձեր կուռքերի հետ..- այս պատճառով էլ քրիստոնյաները դարձան հալածման թիրախ հեթանոսների մեջ: Սովորական դարձան նրանց կոտորածները Հռոմում եւ նրա կրկեսներում՝ վայրի կենդանիների հոշոտման առարկա դառնալով, սակայն այնքան պարզ եւ այնքան վստահ էին իրենց հավատքի մեջ քրիստոնյաները, որ անգամ այդ դեպքում ամբողջ ընտանիքներով գնում էին նահատակության… ուրախությամբ… իսկ հանդիսատեսը լսելով կենդանիների ատամների տակ ճայթող նրանց ոսկորների ձայնը՝ ինքն իրեն հարց էր տալիս… իսկ եթե նրանք ճիշտ են… ու հարյուրներով քրիստոնյա էին դառնում…

Վերեւում ասացի, ցանկացած կրոնական ուղղվածության, այդ թվում նաեւ մուսուլմանների, իսկ ինչ վերաբերվում է աղանդավորական կազմակերպություններին, որոնք գործում են մեր երկրում, ապա դա այսօրվա մեր պայքարի հրամայականն է… իսկ ինչպե՞ս պայքարել… Նախ ասեմ, որ աղանդավորական կազմակերպությունների գոյությունը մեր երկրում միտում ունի քայքայել մեր հասարակությունը եւ ըստ այդմ հանդիսանում է մեր երկրի անվտանգությանը սպառնացող մի հանգամանք: Եւ քանի որ անիմաստ է ուժի միջոցով պայքարել դրանց դեմ, ապա մնում է միակ, շատ դժվար բայց ամենաճիշտ տարբերակը… մենք՝ հոգեւորականներս պետք է մեր գործն ավելի լավ եւ ավելի եռանդուն կատարենք, ամեն տեղ քայլող քարոզ պիտի լինենք, եւ մեր հոգածության ամենաառաջին առարկան հենց աղանդավորը պետք է լինի, վերջ ի վերջո նա մեր մոլորված եղբայրն է… ո՛չ մի բռնության գործադրում… միայն խոսքով… եւ եթե չեն հասկանա խոսքով, ապա ուղղակի պետք է հեռանալ նրանցից եւ առավել եռանդով շարունակել ուրիշների հետ… ով հասկանա եւ դառնա, նա գոնե փրկված կլինի, եւ կդադարի աշխատել հօգուտ դրսի ինչ-ինչ ուժերի…

Հարցին պատասխանեց Տեր Ատոմ քահան Ասատրյանը

0 коммент.:

Отправить комментарий