четверг, 10 октября 2013 г.

Հարցազրույց Պարգև Սրբազանի հետ <Ռոք երաժշտություն> թեմայով

Ռոք երաժշտություն
Հարցազրույց Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիս. Մարտիրոսյանի հետ
- Սրբազա՛ն հայր, ի՞նչ դիրքորոշում ունի Հայ Առաքելական Եկեղեցին արդի երաժշտության նկատմամբ, և այս առիթով ինչ կցանկանայիք ասել մեր երիտասարդությանը:
- Հին Հունաստանում այսպիսի մի բնութագրում կար. երաժշտության միջոցով կարելի է իշխել մարդու հոգու վրա: Հնում ընդունված էր երաժշտական հատուկ չափ, որի միջոցով սթափեցնում էին հարբած մարդուն: Եղել են դեպքեր, երբ երաժշտության միջոցով մարդկանց քնեցրել են և նրանց անգիտակից վիճակում ստիպել ցած նետվել ժայռից: Պատմությանը հայտնի են այսպիսի փաստեր: Սա խոսում է այն մասին, որ երաժշտության միջոցով կարելի է ազդել մարդու հոգեբանության վրա, զորեղ իշխանություն հաստատել նրա հոգու վրա. այսինքն՝ երաժշտությունը կարող է ազդել մարդու բարոյականի վրա՝ բարձրացնելով կամ, հակառակը, կործանելով նրան:
Եկեղեցին առաջին հերթին դրվատում և գնահատում է հոգևոր երաժշտությունը: Այն իր ողջ կազմությամբ և բաղադրիչներով ներշնչված է Սուրբ Հոգով, թելադրված է Նրա կողմից: Եկեղացական հոգևոր երաժշտությունը դրական ներգործություն է թողնում մարդու վրա՝ անմիջապես ազդելով նրա հոգու վրա: Մեր Եկեղեցին դրական վերաբերմունք ունի դասական երաժշտության հանդեպ, ժողովրդական, էստրադային, սակայն սրանք ավելի ցածր, դասակարգում ունեն: Այս երաժշտությունն ազդում է մարդու զգայական ոլորտի վրա. ոչ թե՝ հոգու, այլ՝ շնչի: Իսկ ինչ վերաբերում է արդի երաժշտական ուղղություններին և նրանց տարատեսակ ճյուղավորումներին, սրանք Եկեղեցու կողմից միանշանակ դիտվում են որպես բացասական ու վնասակար: Այն կարելի է բնորոշել որպես դիվային երաժշություն՝ երաժշություն, որը մարդուն տանում է դեպի անկում, դեպի կործանում: Բացատրեմ միտքս:
Կա մի գրքույկ, որը հրատարակել է Ժան Պոլ Ռեժինաբալը: Նա բողոքական եկեղեցու քարոզիչ էր և միաժամանակ քրեագետ: Գրքույկը նվիրված է մեզ հետաքրքրող խնդրին:
Միացյալ նահանգներում պատանիների մի խումբ ինքնասպանությամբ ավարտեց իր կյանքը: Ժան Պոլի ղեկավարությամբ քրեագետները ուսումնասիրեցին այդ ինքնասպանությունների շարժառիթներն ու պատճառները: Նրանք փորձեցին պարզել, թե արդյոք այդ ինքնասպանությունների շարքում ընդհանուր կապ կա՞: 
Հետաքննությամբ պարզվեց, որ բոլոր այդ պատանիները հանդիսանում են բարեկիրթ և հավասարակշիռ ընտանիքների զավակներ: Նրանք երբեք որևէ կապ չէին ունեցել հանցագործ աշխարհի հետ, չէին օգտագործել ոգելից խմիչքներ, նարկոտիկներ: Միակ բանը, որ ընդհանուր էր բոլորի համար, դա մոլուցքն էր ռոք երաժշտության հանդեպ: Այս ընդհանրությունը ստիպեց քրեագետներին ուսումնասիրել տվյալ երաժշտության ակունքները: Կատարվեց հետևյալ ուշագրավ փորձը. երբ հատուկ սարքավորումների վրա համապատասխան ձայնաերիզները պտտեցին հակառակ ուղղությամբ, սարքերը գրանցեցին անսովոր ազդանշաններ: Դրանք վերծանելով՝ հայտնաբերեցին ամբողջական տեքստեր: Այս բոլոր տեքստերը նվիրված էին սատանային:
- Ներողությո՛ւն սրբազա՛ն հայր, իսկ տեքստերը հասկանալի՞ էին:
- Այո՛: Ինչպես գիտեք, մարդն ունի գիտակցություն և ենթագիտակցություն: Ինքը՝ ենթագիտակցությունը բաժանվում է երկու շերտերի՝ առաջին և երկրորդ: Ահա այս երկրորդ շերտը ի վիճակի է ընկալելու հակառակ արտասանված խոսքը: Ենթագիտակցությունը այն ընկալում և ֆիքսում է: Դիվային ուժերը, դիվային կառույցները ի օգուտ իրենց և ի վնաս մեզ օգտագործում են նաև մարդու այս կարողությունը: Քրեագատների ուսումնասիրությունը բերեց այն եզրահանգման, որ պետք է ստուգել զանազան ռոք խմբերի երգերի բովանդակությունը՝ համաձայն վերը նկարագրված փորձի:
ԱՄՆ-ի մի շարք նահանգներում մոտ 8-9 տարի է, որ օրենք է գործում, ըստ որի ենթագիտակցական ազդանշաններ կրող երգեր, երաժշտություն տարածող խմբերը պատժվում են: Բերեմ օրինակ:
«Լեդ զեփփելին» խումբը ունի մի երգ, որը կոչվում է «Աստիճաններ դեպի երկինք»: Սրա հակառակ տեքստը ամբողջությամբ մոգական բնույթ ունի՝ նվիրված սատանային: Ես չեմ ուզում արտաբերել դրա բովանդակությունը: Նույնիսկ նմանօրինակ խմբերի երգերի անուններն իսկ դիվային են, օրինակ, «Սրճագույն շաքար», սա նշանակում է կոկային: Երգը մարդու մեջ սերմանում է ձգտում դեպի այս թմրեցնող նյութը: Կամ՝ «Արծաթե տիկին». սրա նպատակը նույնպես թմրեցուցիչներն են այս անգամ արդեն՝ ներարկվող: Մեկ այլ երգի անվանում՝ «Պարենք պարոն սատանայի հետ»:
Բիթլներն ունեն երգ, որը կոչվում է «Մենք գնում ենք դեպի արևմուտք», իսկ ինչպես հայտնի է այստեղ, արևմուտքում է սատանայական ոլորտը: Այդ պատճառով էլ երբ մենք եկեղեցում հրաժարվում ենք սատանայից, նայում ենք դեպի արևմուտք: Եվ տեսեք թե ինչ է ստացվում. մարդիկ, լսելով այդ երգերը և ներշնչվելով դրանց իրական բովանդակությամբ, ակամա մասնակից են դառնում սատանայական ծեսի, գործիք դառնում սատանայի ճիրաններում: Կատարվում է յուրահատուկ հարձակում մարդու ենթագիտակցության վրա և տվյալ մարդը դառնում է դոնոր սատանայի համար: Մարդու ներքին ենթագիտակցական դաշտը աշխատում է ի նպաստ դիվային ուժերի:
Հակառակ տեքստով օժտված երգը ընթանում է բավական գրավիչ գործիքավորմամբ: Այդ երգը տպավորվում է մարդու հիշողության մեջ, և նա օրվա ընթացքում հատվածներ է վերհիշում տվյալ երգից: Նա բացարձակապես չի ենթադրում, որ դրա ետևում թաքնված է մի հրեշավոր, դիվային կոդ:
Հայտնի է, որ ռոք երաժշտության և նրա տարատեսակների աստղերի մեծամասնությունը պաշտոնապես սատանայի եկեղեցու անդամ են՝ փաստ, որ նրանք չեն էլ թաքցնում:
- Ներողությո՛ւն, սրբազա՛ն հայր, այդ կապը գիտակցվա՞ծ է եղել:
- Այո, և այդ ռոք աստղերը երբեմն խոստովանում են, որ այդ երգերի երաժշտությունը և տեքստը իրենց շատ հեշտությամբ է տրվում, այսինքն՝ սա նույնպես կատարվում է սատանայական ներգործությամբ:
Այսպիսով, երաժշտության այս բնագավառը ծառայում է որպես հարձակման միջոց մարդու, մարդկության գիտակցության վրա:
Բիթլզները, որ այդքան սիրված են երիտասարդության կողմից, ունեն երգ, որ կոչվում է «Հեղափոխություն N 1»: Սրանով նրանք խոստովանում են, որ կատարել են, հեղաշրջում. իրենք յուրատեսակ ձևով գրավել են երիտասարդությանը՝ օգտագործելով ենթագիտակցական ազդանշաններ: Ապա լույս աշխարհ եկավ մեկ այլ երգ՝ «Հեղափոխություն N 9», այսինքն՝ այս երաժշտական հարձակումն ավելի է հղկվել, երիտասարդ հոգիներ քամելու մեթոդն ավելի է կատարագործվել: Ռոք երաժշտության մեջ օգտագործվող ռիթմը նորություն չէ: Հնում այն օգտագործում էին դիվապաշտները: Ռիթմի գաղտնիքը այն է, որ նա ունի մարդու բարոյական արգելակները քայքայող ուժ:
Փորձեք կողքից նայել այն երիտասարդներին, որոնք պարում են այս ռիթմի տակ: Ձեզ կթվա, թե այս մարդիկ դիվահար են: Մի ինչ որ անտեսանելի ուժ ստիպում է նրանց զարմանալի ու տարօրինակ շարժումներ կատարել: Նայեք նրանց աչքերին. նրանց հայացքը փոխված է, կարծես թե թմրանյութ են օգտագործել, նրանք անգիտակից վիճակում են: Այդ պարերից հետո նրանց համակում է կատարյալ դատարկության զգացումը: Եվ այդ դատարկությունն է տանում նրանց դեպի հիասթափություն:
Ռոք երաժշտությունը մարդուն տանում է դեպի կործանում, դեպի մեծագույն մեղք՝ դեպի հիասթափություն՝ դեպի ինքնասպանություն: Մարդկության կործանման սատանայական ծրագրում այս «երաժշտությունը» կատարվում է որոշակի մեթոդի դեր, որի միջոցով սատանան մարդուն կտրում է Աստծուց, և ինքն է փորձում դառնալ մարդկության թագավոր և իշխան:
Այս երևույթի գնահատականը եկեղեցու կողմից միանշանակ է. այս երաժշտությունը շատ վնասակար և քողարկված վտանգ է պարունակում: Նաև անիմանալի է, թե տվյալ երգում, որն մատուցվում է ունկնդրին, կա՞ ենթատեքստ թե՞ ոչ:
Այս երաժշտությանը պետք է բացառիկ զգուշությամբ մոտենալ: Եվ ես թե՛ մեր ծնողներին, թե՛ մեր երիտասարդներին խորհուրդ եմ տալիս հեռու մնալ այդօրինակ զբաղմունքից:
- Սրբազա՛ն հայ՛ր այդ երաժշտությունը մեծ համարում ունի ողջ աշխարհում. ինչպե՞ս հրաժարվել դրանից, ի՞նչ անել, ո՞րն է ձեր խորհուրդը:
- Ես հասկանում եմ որ շատերի համար սա ցավոտ է հարց է: Ես գիտեմ թե ինչ ասել է՝ լինել երաժշտության երկրպագու, մանավանդ երիտասարդ հասակում: Ես ինքս երբ պատանի էի, նույնպես տարված էի այս երաժշտությամբ: Սակայն ես արտահայտում եմ Քրիստոսի եկեղեցու դիրքորոշումը:
Պետք է այս երաժշտության հետ շատ զգույշ վերաբերվել, պետք է սթափ վերաբերվել այս երևույթին: Իհարկե, շատ քչերը կհրաժարվեն դրանից, սակայն թող զգոն լինեն. չտարվեն այդ երաժշտությամբ, թող երբեմն անդրադառնան նաև դասական երաժշտությանը, ազգային երաժշտությանը, առավալ ևս՝ հոգևոր երաժշտությանը, որը բարոյական մեծ լիցք կհաղորդի իրենց. կուղղի նրանց դեպի Աստված, դեպի հայրենիք, դեպի ընտանիք:
Ինձ թվում է որ մեր երիտասարդությունը այնքան ուժ կգտնի իր մեջ, որպեսզի կամովին չտրվի այդ դիվային երևույթին:
Թող Աստված հեռու պահի նրանց այդ գայթակղությունից:
Գանձասար հաղորդաժամ 1996 թիվ (Վեմ ռադիոկայան FM )

0 коммент.:

Отправить комментарий