вторник, 3 сентября 2013 г.

Ուխտագնացություն Վիրահայոց թեմ (04.09.2013)



Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության <Նարեկացի> երիտասարդաց միությունը տարիներ շարունակ իրականացնում է ծրագրեր` երիտասարդներին Մայր Եկեղեցու գմբեթի տակ համախմբելու նպատակով: Այս նպատակին են ծառայում նաև համագործակցությունները թե տեղի ՀԿ-ների, թե այլ թեմերի եկեղեցասեր երիտասարդաց միությունների հետ: Օրերս, հայաստանյան թեմերից դուրս նոր համագործակցության փնտրտուքով և երկրից դուրս հայկական այլ սրբավայրերին ծանոթանալու մեծ ցանկությամբ, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և առաջնոչդությամբ Սբ աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի, <Նարեկացի> երիտասարդաց միության անդամները եղան Վիրահայոց թեմում:
Եռօրյա ուխտագնացությունը կայացավ Վանաձորի <Բիբլոս> բանկի կառավարիչ Քրիստ Մարությանի, ինչպես նաև Դավիթ Խաչատրյանի (<Անելիք> բանկ), Դավիթ Էվոյանի (<ՎՏՄ> բանկ), Արման Եգանյանի (<ՎՏՄ> բանկ), Վարդան Սարդարյանի (<Ամերիա> բանկ), Արմեն Սիմոնյանի (<Հայբիզնես> բանկ), Վարդան Շաքարյանի (<Արարատ> բանկ), Վանաձորի ավտոկայանի տնօրեն Սահակ Ռուբենյանի և Վանաձորի ավագանու անդամ Գևորգ Շահինյանի աջակցությամբ: Վերջիններիս օգնությամբ և բարի կամքի դրսևորմամբ երիտասարդներ հոգացին տրանսպորտային ծախսերը և երեք օր պտույտ կատարեցին Թբիլիսի քաղաքի գրեթե բոլոր սրբավայրերով: Քանզի աջակիցները, իրենք իսկ, լինելով եկեղեցանվեր անձինք, կողմնակից են Վանաձոր քաղաքում եկեղեցասեր երիտասարդների ակտիվ գործունեությանն ու սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների հետ երիտասարդների կապին ու շփմանը:
Համագործակցությունը Վիրահայոց թեմի երիտաասրդների հետ, սակայն, խիստ տարբերվում էր նախկինում իրականացված այլ շփումներից ու ահնդիպումներից, և արդյունքում խոստումնալից էր թե տեղի երիտասարդների և թե գուգարաց թեմի երիտասարդաց միության համար: Ուխտագնացությունը Վիրահայոց թեմ նախևառաջ կրում էր ճանաչողական բնույթ` տեսնելու, ծանոթանալու տեղի հայկական եկեղեցիներին, սրբություններին, թեմի հոգևոր և մշակութային կյանքին, հաղորդակցվելու թեմի երիտասարդաց միության անդամների հետ: Երիտասարդները մասնակցեցին Սբ Պատարագի միասնական աղոթքին Սբ Էջմիածին եկեղեցում, ապա հանդիպեցին Վիրահայոց թեմիա առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ, ով երիտասարդներին պատմեց թեմի հոգևոր կայնքի, վիրահայերի կենսակերպի, տեղի հայկական եկեղեցիների կարգավիճակի մասին: Սրբազան հայրը շեշտեց, որ երիտասարդությունը իրապես հզոր ուժ է Մայր Եկեղեցու համար և հորդորեց մշտապես լինել և մնալ եկեղեցու կողքին` հեռու կեղծ և սին այն բոլոր արժեքներից, որ մեզանում սկսել է համատարածվել:
Երիտասարդները եղան Թբիլիսիի բոլոր եկեղեցիներում, Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում, ինչպես նաև Վրաստանի հոգևոր կենտրոն Մսխեթայում, հանդիպեցին նաև Վիրահայոց թեմի մշակույթի, կրթության և երիտասարդության <Հայարտուն> կենտրոնի տնօրեն Լևոն Չիտիլյանի հետ, ծանոթացան կենտրոնի երիտասարդների հետ, որով և սկիզբ դրվեց թեմի երիտասարդական թևի հետ համագործակցությանը:
Երիտասարդաց միության անդամների համար էական էր նաև լինել և տեսնել Թբիլիսի քաղաքի հին հայկական տիկնիկների տունը, որի հիմնադիր Գարի Դավթյանի մահից հետո մշակութային օջախի շունչը պահում է արդեն նրա կինը` տիկին Ժաննան: Վերջինս հյուրընկալեց երիտասարդներին փոքրիկ Հայաստան հիշեցնող թանգարան-տանը և ներկայացրեց փոքրիկ համարներ հոգի առած տիկնիկների կերպարներով:
Երիտասարդները վերադարձան Վիրահայոց թեմից մեծ տպավորություններով, արդեն հաջորդ հանդիպման` համատեղ միջոցառում և ծրագիր իրականացնելու մտադրությամբ և փոխադարձ այցեր կազմակերպելու ծրագրով:

0 коммент.:

Отправить комментарий