вторник, 3 сентября 2013 г.

Օրվա ընթերցվածքը Սեպտեմբեր 4 Պահք

Բ Կորնթացիներ 3:4-17

4 Այսպիսի մի վստահութիւն ունենք առ Աստուած՝ Քրիստոսի միջոցով. 5 մենք անձամբ մեզնից որեւէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողութիւնը, 6 որը եւ կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտօնեաներ լինելու՝ ոչ թէ գրով, այլ հոգով, քանի որ օրէնքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում։ 7 Արդ, եթէ քարեղէն տախտակների վրայ գրով դրոշմուած մահուան ծառայող օրէնքը տրուեց այնպիսի փառքով, որ իսրայէլացիները չկարողացան նայել Մովսէսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ վաղանցուկ էր, 8 որչա՜փ եւս առաւել հոգու ծառայութիւնը փառքով կը լինի. 9 արդարեւ, եթէ օրէնքը, որ դատապարտելու պաշտօնն ունէր, փառաւոր էր, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի հոգին, որ արդարացնելու պաշտօն ունի. 10 քանի որ այն, որ փառաւոր էր, անփառունակ դարձաւ նրա՛ առաջ, որի փառքը գերազանց էր. 11 որովհետեւ, եթէ, ինչ որ վաղանցուկ էր, տրուեց փառքով, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի այն, որ գալու էր։ 12 Եւ արդ, քանի որ այսպիսի յոյս ունենք, մեծ համարձակութիւն ենք ունենում մեր վարմունքի մէջ. 13 եւ ոչ Մովսէսի նման, որ քող էր գցում իր երեսին, որպէսզի իսրայէլացիները չտեսնեն այն փառքը, որ վաղանցուկ էր։ 14 Բայց նրանց միտքը կուրացաւ. քանի որ մինչեւ այսօր նոյն քողը ձգուած մնում է Հին Կտակարանի ընթերցուածների վրայ եւ չի վերանում, որովհետեւ Քրիստոսի միջոցով է վերացուելու։ 15 Եւ մինչեւ այսօր, երբ Մովսէս են կարդում, նոյն վարագոյրը մնում է նրանց սրտերի վրայ։ 16 Իսկ երբ դառնան Տիրոջը, ապա վարագոյրը կը վերացուի, 17 որովհետեւ Տէրն ինքը Հոգին է. ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է։

Մարկոս 6:45-56

45 Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր։ 46 Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու։ 47 Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ։ 48 Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ։ 49 Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին, 50 որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին։ Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցէք»։ 51 Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց։ Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, 52 քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը։
53 Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան։ 54 Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն եւեթ նրան ճանաչեցին։ 55 Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է։ 56 Եւ ուր որ մտնում էր՝ գիւղեր, քաղաքներ թէ ագարակներ, հրապարակներում դնում էին ախտերով տառապողներին եւ աղաչում նրան, որ գոնէ իր զգեստի քղանցքներին դիպչեն։ Եւ ովքեր մի անգամ դիպան, բժշկուեցին։

0 коммент.:

Отправить комментарий