среда, 4 сентября 2013 г.

Հնարավո՞ր է ամուսնանալ սիրելով



Բոլորի ձգտումն է ամուսնանալ սիրելով: Իհարկե, սա բնական է և սրան մենք փորձում ենք հավատալ, ու այդ հավատքով կատարում ընտրություն: Սակայն մեկ բան է թե ինչ ենք ուզում մենք և այլ բան իրականությունը: Իսկ իրականությունն այն է որ հնարավոր չէ ամուսնանալ սիրելով, ավելին, ոչ մի մարդ չի ամուսնանում կամ չի ամուսնացել սիրելով: Միտքս հստակեցնելու համար նախ փորձենք զատել իրարից երկու հասկացություններ` սեր և սիրահարվածություն: Սիրահարվածությունը զգացմունք է իսկ սերը հոգևիճակ: Բոլորն էլ սիրահարվել, կամ սիրահարվում են, բայց ոչ բոլոր դեպքերում է այդ սիրահարվածությունը վերածվում սիրո: Ոչ միայն այսքանը. այս երկու հասկացությունների մեջ կա նաև որակական տարբերություն: Սիրահարվածությունն առիթ է էգոիզմի դրսևորման. մարդը նայում է հակառակ սեռի ներկայացուցչին և ընտրում <<ամենագեղեցիկին>>, <<ամենալավին>> և ասում. <<ուզում եմ որ սա իմը լինի>>, եթե մի բան պետք է ունենալ, ապա ամենալավը: Մի՞թե այս զգացումը կարող է ընտանիքի հիմք լինել, ոչ: Քանի որ այդ <<ամենալավը>> փոփոխական է. կինդ երտասարդ հասակում <<ամենագեղեցիկն>> է, բայց երբ հասակը մի քիչ աճեց, ավելի գեղեցիկները կգտնվեն: Մարդն ի՞նչ չափանիշներով է սիրահարվում. գեղեցկության, խելացիության, սիրահարվում են ինչ որ բանիիսկ այդ ինչ որ բանը փոփոխական է: Գալով սիրուն, այստեղ ամեն բան ճիշտ հակառակն է: Սերը հավիտենական է, անփոփոխ: Եթե սիրահարվում ես ինչ որ բանի, ապա սիում ես անկախ ամեն բնաից ու հանգամանքից, առանց որևէ բանի: Օրինակ` կարող ես ասել թե ինչո՜ւ ես սիրում մայրիկիդ, եղբորդ, հայրիկիդ, երեխայիդ, սիրում ենք անկախ ամեն ինչից, որովհետև իմ մայրիկն է, իմ երեխան էիմն է:

Մի առիթով լսեցի արաբերեն լեզվով երկխոսություն և հիացա այդ լեզվի գեղեցկությամբ: Փորձեցի հասկանալ, թե արդյո՞ք հայերենն էլ այդքան գեղեցիկ հնչողություն ունի, փորձեցի ու ոչինչ չստացվեց: Հասկացա որ ես հայերենի հնչյունները չեմ լսում, այլ հասկանում եմ միտքը, քանի որ դա իմն է: Բառացիորեն նույն բանը տեղի է ունենում ամուսնության մեջ, մտերիմ մարդկանց մենք չենք գնահատում արտաքին գեղեցկությամբ, այլ` ներքին բովանդակությամբ, երբ դադարում ենք մարդու արտաքինը նկատել: Սա է սերը:

Իրական սիրո պահանջներից է նաև ինքնազոհաբերումը: Օրինակ` մի մարդ սիրո առաջարկ է արել և մերժվել է ու արդյունքում տառապում է: Սա ինքնազոհաբերությո՞ւն է. իհարկե ոչ: Սա ավելի ինքնասպանություն է, որից ոչ մեկին լավ չի լինում: Ընդունված երևույթ է, երբ անպատասխան սիրահարվածության արդյունքում մարդը տառապում է և ի գին ամեն ինչի փորձում է իր սերը փաստել դիմացինին, ցույց տալով, թե ինչքան է տառապում հանուն <<սիրո>>: Իրական զոհաբերությունը հանուն դիմացինի ու նրա նկատմամբ ունեցած սիրո պատրաստակամությունն է պայքարելու չարիքի ու մեղքի դեմ:

Շատ զույգեր ապրում են միասին սովորության համաձայն, կապվածություն կա և չեն պատկերացնում իրենց կյանք առանց մեկը մյուսի: Սակայն իրական սերն առավել է քան պարզ կապվածությունը: Մեկ բան է երբ երկու ծառ աճում են իրար կողք կողքի. եթե մեկը արմատախիլ լինի մյուսը չի վնասվի, սակայն այլ բան է երբ այդ երկու ծառերն աճում են իրար միացած, այս դեպքում իրարից բաժանել հնարավոր չէ: Սիրո իրական խոստովանությունն այն է, երբ այն ավարտվում, կամ ավելի ճիշտ իր շարունակությունն է գտնում ամուսնության մեջ: Այնինչ մենք այսօր այնքան հեշտությամբ ենք շռայլում այս խոսքերը <<ես քեզ սիրում եմ>>, ու սպասում ենք արագ պատասխանի` <<ես էլ քեզ եմ սիրում>>: Այսքանով ավարտվում է մեր սիրո պատկերացումներն ու սիրո խոստովանությունը: Իրական սերը խոստովանության կարիք չի զգում: Սիրո խոստովանությունը ավելի սիրահարվածության տոն է քան սիրո ու մարդիկ խոստովանում են մի բան որը դեռ չկա: Հենց ձևակերպումը ՙես սիրում եմ քեզ ՚ ցույց է տալիս, որ այդտեղ դեռ սեր չի կարող լինել, քանի որ այնտեղ որտեղ կան <<ես>>ը, <<քեզ>>ը, այդտեղ սեր չի կարող լինել, սերը լինում է երբ ասում ենք <<ՄԵՆՔ>>:

Տ. Եսայի քհն. Արթենյան

0 коммент.:

Отправить комментарий