понедельник, 9 сентября 2013 г.

«Հայ ավետարանչական ընկերակցության» ԼՂՀ ներկայացուցիչը քաղաքացուն աշխատանքային 4 գրքույկ է տվել

Avetaranchakanner
Tert.am-ի տրամադրության տակ են «Հայ ավետարանչական ընկերակցության» նախկին աշխատակից Լեոնիդ Հովսեփյանի աշխատանքային 4 գրքույկները, որոնց մասին հայտնի է դարձել նրան աշխատանքից ազատելուց հետո:
«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը, ով երկար տարիներ զբաղվել է Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների տարբեր, այդ թվում՝ բարեգործական ծրագրերի ուսումնասիրությամբ, նշեց, որ տվյալներ ունի, որ կազմակերպությունը այլ քաղաքացիների ևս նման գրքույկներ է բաժանել:
Ըստ Ալեքսանդր Ամարյանի՝ որոշ քաղաքացիների համար գումարները փոխանցում են պլաստիկ քարտերից, որոնք, սակայն, գտնվում են փոխանցողների ձեռքում:
Tert.am-ի հետ զրույցում «Հայ ավետարանական եկեղեցի» կազմակերպության ներկայացուցիչ, վերապատվելի Արմեն Մելիքյանը ոչ միայն չհերքեց, այլև որոշ մանրամասներ ներկայացրեց՝ ասելով, որ Լեոնիդին ազատել է ԼՂՀ ներկայացուցիչ Արսեն Մանասյանը :
«Երբ մենք ուզեցինք ազատման պատճառը, նախ ասացին, որ կրճատել են, հետո, երբ բանը հասավ փաստաթղթայինին, իրենք սկզբում տրամադրեցին գրքույկ, որտեղ գրված էր՝ «ազատել աշխատանքից այլ քաղաք տեղափոխվելու համար»: Երբ հարցրեցի՝ հիմք ունե՞ք, մարդը դիմումը գրել ա, Դուք իրավունք չունեք, ասացին՝ իրավունք ունենք գործի չգալու պատճառով ազատել»,- ասաց նա։
Վերապատվելին հավելեց, որ անգամ դիմել են ԼՂՀ դատախազություն՝ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու համար, սակայն քրգործի հարուցումը մերժվել է:
Ինչ վերաբերում է 4 գրքույկների առկայությանը, ապա վերապատվելին ասաց. «Նույն հարցը իրենք են տվել (Արսեն Մանասյանը-Tert.am), թե որտեղի՞ց եք հայթայթել: Մի՞թե մարդու ստորագրությունով, կազմակերպության կնիքով աշխատանքային 4 գրքույկ կարող է լինել»:
Նշենք, որ «Հայ ավետարանական եկեղեցին» և « Հայ ավետարանչական ընկերակցությունը» քույր կազմակերպություններ են:
Նշենք, որ «Հայ առաքելական եկեղեցու» անդամները պնդում են, որ ավետարանական եկեղեցին Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ քույր եկեղեցի է՝ Հայ առաքելական եկեղեցուց զատվել է 1846թ.-ին:
Ալեքսանդր Ամարյանն ի պատասխան արձանագրեց. «Ավանդական եկեղեցուց, դավանաբանությունից մի փոքր շեղում ունեցողը աղանդ է: «Հայ ավետարանական եկեղեցին» դուրս է եկել մեր առաքելական եկեղեցուց: Նա արդեն դարձել է աղանդ, չի կարող մի եկեղեցուց դուրս եկածը աղանդ չհամարվել»։
Ըստ Ալեքսանդր Ամարյանի՝ այս կրոնական կազմակերպության որոշ քահանաներ վերամկրտում են Հայ առաքելական եկեղեցու ավազանում օծված քրիստոնյաներին:
Ալեքսանդր Ամարյանն այն կարծիքին է, որ Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները պետք է մտնեն հարկային դաշտ: Հիշեցնենք, որ «Բարեգործության մասին» օրենքով՝ մեր երկրում գործող բարեգործական կազմակերպությունները ազատված են հարկվելուց և նրանց ներմուծած ապրանքները չեն մաքսազերծվում :
«Երբ որ բերվեց հարկային դաշտ, հավատացե՛ք, աղանդավորների թիվը միանգամից կկրճատվի, որովհետև աղանդը հիմնականում ստեղծվում է բիզնեսի համար : Պետք չի իրենց դեմ պայքարել, սրանից հետո կմնա իսկական «հոգևորը»,- ասաց նա։
Ի պատասխան հարցի, թե կրոնական կազմակերպությունների շարքային անդամները ևս բիզնեսի համա՞ր են ներգրավվում, ասաց, որ նրանք միայն կթվող կովի դերում են:
«Իրենց ժողովներին էնքան գումարներ են տրամադրում։ Սրա նպատակը միայն պոկելն է, ոչ թե տալը: Կարող է մի հարյուր դոլար տան՝ տեղը հազար պոկելով»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը՝ հստակեցնելով, որ տասանորդի օրենքը գործում է բոլոր աղանդներում:
Հիշեցնենք, որ տասանորդը անձի եկամտի տասը տոկոսն է:
Նշենք, որ այսօր Հայաստանում պետական գրանցում ունի 65 կրոնական կազմակերպություն: Դրանց թվում են այնպիսի անվանումներ ունեցող կազմակերպություններ , ինչպիսիք են՝ «Աստծո եկեղեցի», «Օծյալ սերունդ», «Երևանի հայ ավետարանական-մկրտական քրիստոնյաների «Բեթել» եկեղեցի», «Երևանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցի», «Հայ եղբայրության եկեղեցի, «Անարատ հղիության հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի», «Երևանի Հայ ավետարանական-մկրտական քրիստոնյաների եկեղեցի», «Երևանի Էրեբունու համայնքի հոգեգալստականների կրոնական կազմակերպություն», «Նոր սերունդ եկեղեցի», «Կյանքի խոսք» և այլ կրոնական կազմակերպություններ:
ՀԿ-ի ներկայացուցչի գնահատմամբ դրսից ստացվող օգնությունների մի մասը, որպես կանոն, վաճառվում է, և հիմա Կոտայքի մարզի դատարանում նման դատավարություն է ընթանում:
«Դատական պրոցես էլ ա գնում, գումարի բռնագանձման պահանջով են մտել և ումից պահանջվում է գումարը, հայտարարեց (այս կազմակերպության ներկայացուցիչը Tert.am ), որ դրանք բարեգործական ծրագրի ապրանքի իրացման գումարներն են»,- ասաց Ամարյանը։
Ըստ Ալեքսանդր Ամարյանի՝ բոլոր կրոնական կազմակերպությունները տարեկան կտրվածքով մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող օգնություններ են ստանում, և օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխարհագրությունը խիստ լայն է՝ ներառյալ Թուրքիան:


0 коммент.:

Отправить комментарий