четверг, 12 сентября 2013 г.

Մայր Աթոռը բացում է փակագծերը. ո՞ր դեպքում են եկեղեցականները կարգալույծ հռչակվում


Ժամանակ առ ժամանակ եկեղեցական թեմատիկայով նյութեր պատրաստող և հրապարակող լրագրողները, հատկապես, երբ առիթ են ունենում քննադատելու, հաճախ են ներկայումս գործող կաթողիկոսի անվան հետ կապում մեծ թվով եկեղեցականների կարգալուծության (քաղաքացիական բառապաշարով` աշխատանքից հեռացման, անվերադարձ պաշտոնազրկման) փաստը անհասկանալի պատճառներով փարձ անելով այն ուղիղ համեմատության մեջ դնել իրականացվող մեծածավալ եկեղեցաշինության հետ, մինչդեռ ....

Պարզվում է, որ կարգալուծության համար Մայր Աթոռն ունի իր հստակ չափանիշները և առաջնորդվում է դրանցով: Ավելին կարգալուծությունների թիվն այնքան էլ մեծ չէ, եթե դիտարկվում է այդ չափանիշների համատեքստի մեջ: Մայր Աթոռը նաև սկսել է հրապարակել հստակ վիճակագրություն ներկայիս կաթողիկոսի կողմից ձեռնադրված (եկեղեցական դարձած) եկեղեցականների վերաբերյալ:

Եվ այսպես. ըստ առկա տվյալների` Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության մինչ այս պահն ընկած հատվածում ձեռնադրվել են 303 եկեղեցականներ: Ամենայն Հայոց Կաթողիկոսության իրավասության ներքո գործող եկեղեցականների ընդհանուր թիվը 576 է, որոնցից' 29 արքեպիսկոպոս, 27 եպիսկոպոս, 41 վարդապետ, 53 աբեղա, 426 քահանա: Վերջիններս ծառայում են հայաստանյան և սփյուռքի թեմերում: Հարյուրից ավելի հոգևորականներ ծառայում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր բաժիններում, հայոց բանակում, դասավանդում են Մայր Աթոռի հոգևոր կրթօջախներում: Տ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի և Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանն ու Քահանայից լսարանի ուսանողության թիվն այս պահին 247 է:

Կարգալուծությունների մասով`

Ասպարեզը թողած եկեղեցականների թիվը 56-ն է: Հիշյալ եկեղեցականները ծառայությունը թողել են տարբեր պատճառներով: Դրանք կարելի է տարբերակել. ա) կամավոր հրաժարվածներ, ովքեր ծառայությունը թողել են սեփական դիմումի համաձայն: Նրանց թիվը 24 է,

բ) ծառայությունը ինքնակամ լքածներ, ովքեր առանց խնդրագրի ներկայացման անձնական նախաձեռնությամբ փաստացի հրաժարվել են ծառայությունից: Նրանց թիվը 10 է,

գ) եկեղեցականներ, ովքեր ազատվել են հոգևորականին անհարիր կանոնազանց ընթացքի համար: Նման անձերի թիվը 22-ն է:

Միաժամանակ առկա է նաև հստակ կանոնակարգ և ընթացակարգ կարգալուծության հետ կապված: Իր դիմումի համաձայն ծառայությունից հրաժարվելու կամ իրեն վստահված համայնքը փաստացի լքելու դեպքերում կարգալուծության որոշումը ուղղակիորեն կատարվում է կաթողիկոսի կողմից, երբ այլևս սպառված են լինում բոլոր միջոցները: Իսկ հոգևորականին անհարիր վարքի դրսևորման և այլ հակականոնական ընթացքների պարագային կաթողիկոսի հրահանգով հարցը քննության է դրվում հինգ եպիսկոպոսներից կազմված Կարգապահական հանձնախմբում, որի գործառույթն է քննել եկեղեցականների կարգազանցության օրինազանցության ցանկացած դրսևորում, ուսումնասիրել դրա պատճառներն ու հետևանքները: Խնդրի համակողմանի ուսումնասիրությունից հետո եզրակացությունը ներկայացվում է կաթողիկոսին վերջնական որոշման համար:

Արման Գրիգորյան


Աղբյուր` http://operativ.am/?p=38112

0 коммент.:

Отправить комментарий