«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենքի ընդունումը հասարակության մեջ բուռն քննարկումների առիթ տվեց, մասնավորապես գործածվող «գենդեր» բառի պատճառով, որը ձեւակերպված է, որպես տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք: Ըստ օրենքի՝ գենդերային հավասարությունը կանանց եւ տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակի, հնարավորությունների ընձեռումն է ազատորեն օգտագործելու իրենց ունակությունները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Տարբեր գիտական ուսումնասիրություններում «գենդեր» բառը մեկնաբանվում է որպես սոցիալական սեռ, որը կարող է չհամընկնել անձի կենսաբանական սեռի հետ: Ըստ «Համաուկրաինական ծնողական շարժման» հրատարակած ձեռնարկի, (Տե՛ս сексуальной революции, расцвета гомосексуализма) գոյություն ունեն 5 գենդերներ՝ կանացի, տղամարդու, բիսեկսուալ, հոմոսեքսուալ, տրանսսեքսուալ, իսկ գենդերային քաղաքականության հիմնական նպատակը ավանդական ընտանիքների քայքայումն ու հոմոսեքսուալիզմի տարածումն է: Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության վերաբերյալ Միջազգային իրավական սկզբունքների համաձայն, (Տե՛ս Гендерная идентичность) գենդերային ինքնությունը այս կամ այն անձի՝ գենդերային պատկանելիության ներքին եւ անհատական հատկանիշների առանձնահատկություններն են, որը կարող է համընկնել կամ չհամընկնել ծննդյան, բնատուր սեռի հետ՝ ներառելով սեփական մարմնի անհատական առանձնահատկությունները: Այն կարող է ուղեկցվել բժշկական եւ այլ միջոցներով արտաքինի կամ ֆիզիոլոգիական ֆունկցիաների փոփոխմամբ, ներառյալ՝ խոսքը, հագուստը, վարքագիծը: Մինչդեռ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալությանհամաձայն, (Швейцарское агентство по развитию и сотрудничеству) «գենդեր» տերմինն օգտագործվում է՝ որոշելու համար կնոջ եւ տղամարդու՝ հասարակությունում ունեցած սոցիալական դերը: Գենդերային հավասարությունն այստեղ սահմանված է որպես տղամարդկանց եւ կանանց՝ սոցիալական ապահովության հնարավորություններից, արժեքներից հավասար օգտվելու հնարավորություն, դա չի նշանակում, որ կանայք եւ տղամարդիկ նույնն են, այլ այն, որ ունեն հավասար հնարավորություններ:
Ընդունված օրենքի վերաբերյալ զրուցեցինք Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի հետ:
-Սրբազա՛ն, ի՞նչ կարծիք ունեք օրենքի մասին:
-Օրենքը ոչ այնքան կնոջ եւ տղամարդու իրավահավասարությանն է վերաբերվում, որքան տարբեր սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հավասարությանը: Տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության դեմ որեւէ բան չունենք: Ավետարանն ասում է, որ հավասար են, որեւէ խտրություն չկա: Ցավոք, այսօր «գենդեր» բառը լրիվ իմաստափոխեցին եւ այն ոչ թե օգտագործվում է իր նախկին իմաստով, որը նշանակում էր «սեռ», այլ՝ սեռական կողմնորոշում ունեցողների համար: Հետեւաբար իմաստափոխված «գենդեր» բառի օգտագործումը, օրենքը անցանկալի է եւ անընդունելի, որովհետեւ դա հավասարության նշան է դնում Աստվածատուր սեռի եւԱստվածամերժ սեռի միջեւ, իսկ դրանք հավասար չեն: Փաստորեն եղել է դավադրություն, չգիտեմ, թե ով է դրա հեղինակը, մարդկանց «գենդեր» բառով ապակողմնորոշելով՝ կանգնեցրել են մի իրողության առջեւ, որ կարծես թե որեւէ վատ բան չկա: Մեզ մատուցել են օրենք, որը բացարձակ մեր օրակարգում չկա: Այդ օրենքն անընդունելի է:
-Օրենքի կիրառումն ինչի՞ կհանգեցնի:
-Օրենքը չի կարող կիրառվել, մեր հասարակությունը, բարեբախտաբար, պատրաստ չէ նման օրենքի, մենք չենք կարող թույլ տալ, որ, ասենք, մանկապարտեզի դաստիարակը կամ դպրոցի ուսուցիչը ազատորեն լինի սեռական այլ կողմնորոշման անձ: Սրանք այն ասպարեզներն են, որ անհնարին է նման բան հանդուրժելը: Այլապես սեռական այլ կողմնորոշում ունեցող անձինք միշտ եղել են, կան եւ կլինեն, բայց դա չի նշանակում, որ նրանց պետք է տալ այն նույն իրավունքները, ինչ-որ ունի իր սեռը բնականորեն արտահայտող անձը: Որքան ուզում է դրսից քննադատեն, մեր ավանդական կեցվածքը պետք է մնա, քանի որ դա հիմնված է Սուրբ գրքի եւ Ավետարանի վրա:
-Օրենքում գենդերային հավասարությունը սահմանված է որպես կնոջ եւ տղամարդու՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հավասար պայմաններում գործունեություն ծավալելու հնարավորություն:
-Սկզբում դա այդպես էր, բայց հիմա այդպես չի հասկացվում: «Գենդերային հավասարություն» ասվածը նախապես նշանակում էր՝ սեռերի համարժեք, ներդաշնակ համագործակցություն: Բայց այսօր դրա անվան տակ մեզ մատուցում են ուրիշ բան: Ամեն ինչ չէ, որ կինը կամ տղամարդը կարող են անել: Կան ոլորտներ, որոնք կմնան զուտ կանացի կամ տղամարդկային: Ավետարանում ամրագրված է, որ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձինք Աստծո առջեւ պիղծ են:
-Արդյո՞ք Հայաստանում նման օրենքի ընդունման անհրաժեշտություն կար:
-Անշուշտ, չկար եւ դրսից ներմուծված է, մերոնք էլ լուրջ չեն մոտեցել, մտածել են, թե հերթական բանն է, կստորագրենք, կանցնի, ի՞նչ է եղել որ, բայց հետեւանքների մասին չեն մտածել: Օրենքի ընդունումն անլրջության արդյունք է:
Զրուցեց Անահիտ Սիմոնյանը
0 коммент.:
Отправить комментарий