четверг, 12 сентября 2013 г.

«Եպիսկոպոսաց ժողովը չեմ վարանի պատմական կոչել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռում տեղի կունենա եպիսկոպոսների ժողով: Կխնդրեի մի փոքր բացեիք փակագծերը, ասում են աննախադեպ ժողով է, ինչու՞մ է այդ աննախադեպությունը:
- Առաջիկա սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եպիսկոպոսաց ժողով: Սա իրապես աննախադեպ մի ժողով է, քանի որ դարեր շարունակ տարբեր պատմական հանգամանքների բերումով այսպիսի ժողով չի գումարվել: Եղել են տեղական եպիսկոպոսաց ժողովներ, սակայն ըստ էության սա առաջին ժողովն է, որտեղ ներկա է լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ողջ եպիսկոպոսաց դասը:
Եպիսկոպոսաց ժողովի իրավասությունն է որոշումներ կայացնել դավանաբանական, ծիսական, եկեղեցագիտական, կանոնական, բարոյական, միջեկեղեցական հարցերով` հիմնված Սուրբ Գրքի, եկեղեցական ժողովների, Եկեղեցու ուղղափառ հայրերի ուսուցումների և Սրբազան Ավանդության վրա: Իսկապես ուրախալի է, որ տարիների աշխատանքից հետո հնարավոր դարձավ կազմակերպել այս պատկառելի ժողովի գումարումը Մայր Աթոռում, որն իր աշխատանքով ժամանակի մեջ պիտի պատասխաններ տա Հայ Եկեղեցու զավակներին հուզող տարբեր խնդիրներին ու հայ հավատացյալի առջև ծառացած մարտահրավերներին: Վստահ ենք, որ այսուհետ եպիսկոպոսաց ժողովի կանոնավոր գումարման շնորհիվ լուրջ առաջընթաց կապահովվի Եկեղեցու կյանքում:
Ովքե՞ր են ժողովի մասնակիցները: Ի՞նչ բարձրաստիճան, հեղինակավոր հյուրերի ենք սպասում, ո՞ր երկրներից:
- Ժողովին մասնակցելու են Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսները, այսինքն` Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ողջ եպիսկոպոսաց դասը: Այս օրերին Հայ Եկեղեցու կյանքում կարևոր այս իրադարձության առիթով ամենքը պիտի ժամանեն իրենց ծառայության վայրերից` աշխարհասփյուռ թեմերից և համայնքներից, կառույցներից ու հաստատություններից (անգամ հանգստի կոչված եկեղեցականները)`իրենց ավանդը բերելու օրակարգում ներառված հարցերի լուծման գործում:
Ի՞նչ թեմաներ են ընդգրկված օրակարգում:
- Ժողովը գումարվել է հստակ օրակարգով: Երկու հիմնական նյութեր են քննության առնվելու, որոնց վերաբերյալ նախապես հսկայական, տարիների աշխատանքն է կատարվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված հանձնախմբերի կողմից: Նախ քննարկվելու է Ս. Մկրտության խորհրդի միասնական մեկ բնագիրը, որպեսզի բոլոր հայոց եկեղեցիներում աշխարհով մեկ ապահովվի ծեսի միօրինակությունը, ինչպես նաև այս առիթով մշակված կանոնական ուղեցույցը հոգևորականների համար և նախամկրտական ուսուցողական ձեռնարկը մկրտության պատրաստվողների և կնքահայրերի համար: Հետագային եպիսկոպոսաց ժողովները քննության պիտի առնեն նաև այլ խորհրդակատարություններն ու ծիսակարգերը:
Քննարկման երկրորդ նյութը Հայոց Եկեղեցու Սրբադասման կարգի վերականգնման հարցն է: Գիտեք, որ 15-րդ դարից ի վեր Հայ Եկեղեցում սրբադասում տեղի չի ունեցել և Եկեղեցու առջև այսօր ծառացած է սրբադասման պատմական կարգի վերականգնման խնդիրը: Այս խնդրի շրջագծում դիտարկվելու է նաև Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հնարավոր սրբադասման հարցը: Ժողովն անդրադարձ է կատարելու և վեր հանելու հարցեր, որոնք այսօր ծառացած են մեր Եկեղեցու առջև որպես մարտահրավերներ: Վերջինների քննարկման արդյունքում ժողովի դիվանը կհստակեցնի հաջորդ ժողովի օրակարգը և անելիքները:
Ինչո՞վ է պայմանավորված ժողովի անցկացման ժամկետի ընտրությունը:
- Ժողովը, ինչպես նշեցի, երկար ժամանակ նախապատրաստվել է Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռների համընդհանուր ջանքերով: Հոգևորական և աշխարհական կարող անձերի ներգրավմամբ իրականացվել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները, և այժմ այլևս հասել է պահը, որպեսզի այդ աշխատանքների շարունակականության համար իր իրավասությամբ եպիսկոպոսաց ժողովը կայացնի որոշումներ:
- Արդյոք ժողովի անցկացումը պայմանավորվա՞ծ է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցով:
- Չեմ վարանի այդ առումով ժողովը պատմական կոչելուց: Ժողովը պայմանավորված է Եկեղեցու վարչա-կազմակերպական, հոգևոր-եկեղեցական, ծիսական կյանքի կանոնակարգման, վերակազմակերպման ու բարեփոխման հրամայականով և առկա ժամանակակից մարտահրավերներին պատասխաններ տալու անհրաժեշտությամբ: Ձեր հիշատակած կարևոր այդ տարեթիվը ևս իր անդրադարձը պիտի ունենա և այդ մասին է խոսում այն հանգամանքը, որ ժողովի օրակարգում է դրված Եկեղեցու Սրբադասման կարգի վերականգնման հարցը:

0 коммент.:

Отправить комментарий