вторник, 10 сентября 2013 г.

«Մեզ պետք չէ այսպիսի ժողովրդավարություն»

«Մեզ պետք չէ այսպիսի ժողովրդավարություն»

Հարցազրույց Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ - Համաշխարհային մակարդակով տեղի է ունենում կրոնական գործոնի ակտիվացում: Կրոնական գործոնն այսօր չարաշահվում է նաեւ Մերձավոր Արեւելքում ընթացող քաղաքական եւ ռազմական գործընթացներում: Այդ առումով ինչպիսի՞ն է վիճակը մեր տարածաշրջանում: - Կրոնն իսկապես չարաշահվում է այս խնդիրներում: Մյուս կողմից՝ բոլոր կրոնական առաջնորդներն էլ դեմ են հանդես գալիս այս երեւույթին: Մերձավոր Արեւելքի բոլոր հոգեւոր պետերը,   ավանդական կրոնական ուղղությունների առաջնորդները, որոնց թվում Հայ առաքելական եկեղեցին, ակտիվորեն եւ ամենագործուն կերպով ներգրավված են ընթացող երկխոսություններին, իրականացնում են զանազան միջոցառումներ եւ մարդասիրական ծրագրեր՝ նպաստելու խնդիրների կարգավորմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Սակայն ներկայումս  ռազմական նոր գործողությունների իրականացման եւ դրա աշխարհագրության ընդլայնման սպառնալիքը նոր լարվածություն է առաջացնում նաեւ միջկրոնական եւ միջէթնիկ հարաբերություններում: Պողոս առաքյալը նշում է, որ «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կորնթ. 14.33): Մեր տարածաշրջանն ավելի բարվոք վիճակում է՝ չհաշված որոշ արմատական խմբերի կողմից նման փորձերի հրահրման դեպքերին, որոնց մասին հնչեցվում է նաեւ մամուլում:  Այստեղ կարեւոր դերակատարներ են Հայ եւ Ռուս ուղղափառ եկեղեցիները, Կովկասի մահմեդականների վարչությունը: Համագործակցությունն ընթանում է  հատկապես խաղաղասիրական ծրագրերի շուրջ: Արցախյան պատերազմի ամենադժվար պահերին Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր պետերը Ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ հռչակեցին, որ կոնֆլիկտը կրոնական արմատներ չունի: Հետագայում այս հանդիպումների ձեւաչափը պահպանվեց եւ զարգացավ: Այս ամենի արդյունքում հնարավոր եղավ կազմակերպել Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Բաքու 2010թ. եւ Ադրբեջանի Շեյխի այցը Հայաստան՝ 2011թ.: Հոգեւոր պետերը, որոնց նաեւ մի շարք դեպքերում միացել է Վրաց պատրիարքը, կարողացել են հայտարարություններ անել, որոնց նպատակը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելն է:  Ժամանակին նույնիսկ երկուստեք բարձրաձայնվել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը  եւ  Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպեն շփման գծում: Լիահույս ենք, որ վերջինս ընդառաջ Ամենայն հայոց կաթողիկոսի նամակի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդության՝ ջանքեր կգործադրի գերությունից ազատելու եւ հայրենիք վերադարձնելու հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: - Հայաստանում գործում են Հայ առաքելական եկեղեցին, Կաթոլիկ եկեղեցին եւ կրոնական այլ կազմակերպություններ: Դուք նշեցիք Ռուս ուղղափառ եկեղեցու եւ այլ կրոնների հետ ձեր հարաբերությունների եւ համագործակցության մասին: Ինչպիսի՞ն են  հարաբերությունները  Հայաստանի կրոնական կազմակերպությունների հետ: - Հայ առաքելական եկեղեցին մշտապես աչքի է ընկել իր էկումենիկ լայնախոհությամբ: Սրա վառ ապացույցն է Մայր աթոռի ընդգրկածությունը միջեկեղեցական տարբեր կառույցների ու կազմակերպությունների գործունեությանը, ընթացող աստվածաբանական երկխոսություններին միջազգային տարբեր մակարդակներում: Մենք  նաեւ մեծ հարգանք ենք տածում Հայաստանում գործող այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ: Կարելին ենք անում համագործակցելու ազգային փոքրամասնությունները ներկայացնող կրոնական կազմակերպությունների հետ: Եղբայրական սերտ եւ ջերմ հարաբերություններ ունենք Կաթոլիկ եկեղեցու հետ: Էջմիածնի հովանու ներքո եւ օրհնությամբ գործում են մի շարք կազմակերպություններ, որոնց անդամակցում են Հայ առաքելական, Կաթոլիկ եւ Ավետարանական եկեղեցիները: Սակայն ցավով եմ նշում, որ Ավետարանական եկեղեցու եւ մի շարք այլ հարանվանությունների հետ կան խնդիրներ, որի պատճառն իրենց աղանդակերպ գործունեությունն է: Ինձ համար անազնիվ եւ նույնիսկ ոչ քրիստոնեական են այն կազմակերպությունների նպատակները, որոնք նոր անդամներ են շահում նյութական միջոցների կիրառմամբ, սոցիալական գործոնի շահարկմամբ: Սա ոչ այլ ինչ է՝ քան հոգեորսություն: Էկումենիկ երկխոսությունների ընթացքում  ընդունվել են մի շարք փաստաթղթեր, որոնք խստորեն դատապարտում են հոգեորսությունը: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը չի ընդունում այն եկեղեցիներին ու հարանվանություններին,  որոնք զբաղվում են հոգեորսությամբ: Հայ եկեղեցին գործում է աշխարհի տաբեր ծագերում եւ իր զավակների շրջանակից դուրս այլոց մեջ քարոզչությամբ չի զբաղվում, քանզի մի եկեղեցու անդամների հաշվին իր եկեղեցու անդամների թվի շատացումը խորթ է Հայ եկեղեցու առաքելությանը: Ընդհակառակը, մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր անձ հավատարիմ մնա իր Մայր եկեղեցուն՝ եկեղեցիների բազմազանությունը դիտելով մեր բոլորիս համընդհանուր հարստություն: - ԱՄՆ պետդեպարտամենտն ամեն տարի զեկույցներ է հրապարակում կրոնական ազատության մասին: Վերջերս էր, որ ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի  «Կրոնի ազատությունը՝ մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով Երեւանում կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ըստ մամուլում հրապարակված տվյալների, նշել էր, որ «կրոնական կազմակերպությունները պետք է քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենան: Բացի այդ, երկրում բազմաթիվ այլ խնդիրներ կան՝ կապված կրոնների հետ»: Ի՞նչ կարծիք կարող եք հայտնել այս մասին: - Ես առիթներ ունեցել եմ խոսելու պարոն դեսպանի հետ այս թեմաների շուրջ: Հոկտեմբերի 18-19-ին էլ ենք նման կոնֆերանս անցկացնելու Մայր աթոռում: Ինձ համար գոյություն ունի միայն մեկ ճշմարտություն. որքան էլ որ գեղեցիկ լինեն օրենքներն ու բանաձեւերը, միջազգային, թե ազգային, եթե եղբայրության ոգին եւ համագործակցությունը չգործի եկեղեցիների ու հարանվանությունների միջեւ, այս օրենքներն ու կարգավորումներն առ ոչինչ են: Կարող եք ինձ ցույց տալ գոնե մի փաստ, երբ  Հայաստանում արգելվել է քարոզչությունը: Ոչ միայն քարոզչության արգելք  չկա, այլեւ կրոնական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ այնքան են վստահացել, որ հարձակվում են հոգեւորականի դեմ: Եթե այսպիսին է մեր բարեկամների պատկերացրած ժողովրդավարությունն ու խղճի ազատությունը, մեզ պետք չէ այսպիսի ժողովրդավարություն: Հայ եկեղեցուն խորթ է ծայրահեղականությունը: Եթե մեկը իր համոզումից  ելնելով փոխում է իր դավանանքը, դա իր գործն է: Սակայն անընդունելի է եւ դատապարտելի, որ բողոքական մի շարք միսիոներներ, ցույց տալով իրենց հավատքի թվացյալ առավելությունները, փորձում են դրամի, նյութական գայթակղությունների միջոցով քրիստոնեություն քարոզել 5-րդ դարի պատմիչ Եղիշեի խոսքերով՝ այն իր մաշկի գույնը դարձրած ժողովրդին: Նման կարգի հայտարարությունները հակառակ ազդեցությունն են ունենում եւ ստիպում են մեզ հրաժարվել մեր էկումենիկ լայնախոհությունից, եւ, ավելի  ու ավելի պաշտպանական դիրք ընդունելով, պայքարել հանուն մեր իրավունքների ու ազգային արժեքների պաշտպանության: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ «Առավոտ» օրաթերթ ԶԼՄ-ները կարող են մեջբերել Aravot.am-ի նյութերը` մեջբերվող նյութի հիպերհղումով: Հիպերհղումը պետք է տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում: Բաժիններ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ Խորագրեր՝ ՀՈՎԱԿԻՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ Մեկնաբանություններ (0) Պատասխանել Անուն (պարտադիր) Էլ-փոստ (չի հրապարակվի) (պարտադիր) Կայք էջ Հեղինակ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ Լրագրող  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/10/384021/ 

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

0 коммент.:

Отправить комментарий