понедельник, 9 сентября 2013 г.

Վարդան Այգեկցի- «ԲԺԻՇԿ» ԳՈՐՏԸ /առակ/

Եզան մեծությամբ մի գորտ մեր աշխարհն է գալիս Պարսից երկրից, որ մոտ է Բաբելոնին։ Նա բարձրանում է մի լեռան վրա, ուժեղ ձայնով գոչում է ու ասում.
— Տեղյակ եմ Արկլիպի բժշկական դեղերին, Արիստոտելին, Պիղատոնին և Դիմոնիդայի զավակին, Բագրատին և մյուս հայրապետների չտեսնված արվեստներին։ Եկեք ինձ մոտ, և ես կապաքինեմ բոլոր ցավատերերին ու քոսոտներին, ուռուցքավորներին և անդամալույծներին, կույրերին ու կաղերին, երակների քննությամբ մեկ օրվա մեռածներին հարություն կտամ։
Լսելով այս, արարածներն շտապեցին ելնել լեռն ի վեր նրան տեսնելու։ Քանի որ հաճելի էր նրա խոսքը, և ուզում էին բժշկվել, պատկերացնում էին, թե նա չափազանց գեղեցիկ կլինի։ Եվ երբ մեծ չարչարանքներով ելան լեռան կատարը ու տեսան, որ նա սաստիկ բորոտ է, քոսոտ, տձև ու կույր, ամբողջովին թարախակալ է ու զազրահոտ, բարկանալով ասացին.
— Ո՜վ դու չարյաց ծնունդ, ինչո՞ւ քեզ չես բուժում և ուրիշներին ես խոստանում ապաքինել։


Եվ այսպես նախատեցին և սատկեցրին նրան:

0 коммент.:

Отправить комментарий