понедельник, 9 сентября 2013 г.

Պահքի օրերի փորձությունները

Pahqi oreri pordzutyuny
Քրիստոնյաների Թագավորն ու Զորավարը Քրիստոս է, Ով գնաց պատերազմելու սատանայի դեմ և հաղթեց նրան՝ քառասուն օր ու քառասուն գիշեր պահելով: Դրա համար մենք պարտավոր ենք գնալ Քրիստոսի հետ և պահքով հաղթել սատանային՝ հաղթահարելով նրա փորձությունները:
Պետք է իմանալ, որ սատանան առավել փորձում է հավատացյալներին, քան անհավատներին: Սա հաստատում են Հին ու Նոր Կտակարանները: Քանի դեռ հրեաները ծառայության մեջ էին Եգիպտոսում, սակավ էին տանջվում սատանայի կողմից, իսկ երբ դուրս ելան ծառայությունից, բարկացան եգիպտացիները և որոշեցին նրանց ետ դարձնել դեպի ծառայություն, սակայն չկարողացան այդ անել ու խորտակվեցին Կարմիր ծովում:
Այսպես՝ քանի դեռ անհավատն անհավատության մեջ է, և մեղավորը՝ մեղքերի, սատանան նրանց չի նեղում, քանի որ գերի են իր ձեռքում: Սակայն երբ կամենում են հեռանալ մեղքերից, այնժամ բազում նեղություններ է բերում նրանց: Երբ մեղավորը փախչում է նրա ձեռքից և գնում դեպի ճշմարիտ հավատը, այնժամ սատանան նրան հետապնդելով ավելի է բարկանում, բայց երբ մեղավորն արտասուքով և ապաշխարությամբ քավում է իր մեղքերը, սատանան խեղդվում է արտասուքի ծովում:
Ավետարանը հաստատում է, որ քանի դեռ Քրիստոս չէր մկրտվել, սատանան Նրան չէր փորձում, բայց երբ Նա մկրտվեց և պահք պահեց, սատանան սկսեց Նրան փորձել: Այստեղից հայտնի է դառնում, որ սատանան առավել պատերազմում է հավատացյալների ու առաքինիների դեմ, քան անհավատների ու մեղավորների: Եվ հայտնի է, որ մկրտությամբ, քահանայությամբ և կամ միայնակեցությամբ շնորհներ ստանալուց հետո է, որ փորձիչն առավել է մարտնչում ստացողի հետ:
Աստված թույլ է տալիս այս ամենը, ինչպես և Քրիստոսի համար թույլ տվեց մկրտությունից հետո: Վարդապետներն ասում են, որ դա չորս պատճառով է: Նախ՝ որպեսզի մարդը չենթադրի, թե իր բարի գործերի համար ընդունեց շնորհները, այլ իմանա, որ դրանք Աստծու պարգևն են, և չհպարտանա:
Երկրորդ՝ որպեսզի նրա սերն առավել ջերմանա Քրիստոսի հանդեպ:
Երրորդ՝ որպեսզի սովորի պատերազմել թշնամու դեմ և ոչ միայն Աստծու ողորմությամբ, այլև արդարությամբ ընդունի հաղթական պսակը:
Չորրորդ՝ որպեսզի թշնամին իմանա, որ ինքը պարտվում է ոչ միայն Քրիստոսից, այլև Նրա մարմնի անդամներից, որոնք իրեն հաղթում են Քրիստոսի զորությամբ:
Հորդորակ
Արժե և մեզ գնալ դեպի ճշմարտությունը և Օրենքով ու մարգարեություններով Աստծու վկայած սուրբ ու խորհրդական այս պահքի օրերին հավատով ու պարկեշտությամբ, առանց նվազեցնելու պահել և սպասել մեր մեծ ու ճշմարիտ Քահանայապետի՝ Հիսուս Քրիստոսի մահվանը, որով ազատվելով՝ արժանանում ենք Վերին քաղաքին, որի դուռը պահքն է:
Եվ անհնար է ավելի շուտ, քան Քրիստոսի մահն ու Նոր Ուխտի Իր Արյունը, փրկության հասնել՝ խափանելով պահքը: Այսպես վարվողները Աստծու Որդուն արհամարհում են և Նոր Ուխտի Արյունը խառնակ են համարում, իսկ ճշմարիտ պահողները սուրբ երեկոյան պիտի լսեն Քրիստոսից. ՙԱյս է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ ձեզ և շատերի համար է թափվում՝ իրենց մեղքերի թողության համար՚ (Մատթ. ԻԶ 28), որն ասվեց Խորհրդավոր ընթրիքի երեկոյին: Եվ սա այն նույն Արյունն է, որովհետև չասաց ՙհեղվեց՚, այլ ՙհեղվում է՚, այդ պատճառով էլ մարգարեն կանխատես խոսքով կնքում է, թե՝ ՙԴու արյամբ կնքված ուխտի համար պիտի արձակես Քո գերիներին իրենց անջուր գբից՚ (Զաքար. Թ 11): Մարգարեն վկայում է, որ միայն
Քրիստոսի Արյամբ կարձակվեն կապվածները, ովքեր մեղքերի մեջ են, կլուծարվեն անեծքները, կխափանվի մահը, և դրանում է պահքի լրումը:
Արդ՝ եթե նրանք ունեն այլ քահանայապետ, ում ապավինում են ու նրա մահվանը սպասում, կամ եթե նույնիսկ նկատի ունեն Քրիստոսին և ցույց են տալիս, թե նախապես կամ հետո կրկին պիտի մահանա նրանց համար, ապա պետք է ասել, որ այդպես չէ: Եվ իրոք այդպես չէ: Նաև դաժանություն է կերակրի մի փոքրիկ ցանկության պատճառով զրկվել փրկությունից:
Լսի՜ր առաքելական խրատը, թե ինչ է ասում. ՙՈւտելիքի համար Աստծու գործը մի՜ քանդիր՚ (Հռոմ. ԺԴ 20): Գրված է Աստծու Օրենքում. ՙԱյն տղամարդը կամ կինը, ով Տիրոջը նվիրվելու մեծ ուխտ է անում, պետք է հրաժարվի գինուց և ոգելից խմիչքից, նա քացախ չպետք է խմի, խաղող ու չամիչ չպետք է ուտի իր ուխտի ամբողջ ընթացքում՚ (Թվեր Զ 2-5), իսկ եթե սխալվի, ապա նրա ուխտն ընդունելի չի լինի:
Որքա՛ն ավելի գերազանց է Նորը, քան Հինը: Հայտնի է, որ եթե որևէ մեկն անզգուշորեն կենցաղավարի սուրբ պահքի օրերին, գինով և ցանկալի կերակուրներով հանդերձ, մինչև Տիրոջ մահվան և հարության օրը, ապա այդպիսին անվարձ կմնա և պատժի տակ կլինի, եթե լիապես չկատարի իր ուխտը՝ ըստ Տիրոջ խոսքի, ինչպես որկրամոլները, ովքեր հանդգնելով վաճառում են աստվածային շնորհը՝ ինչքերն ավելի պատվելով, քան Աստծուն: Թող ոչ ոք չսխալվի. Աստված չի խաբվում, և հավատն էլ գնով չի վաճառվում:
Կան և այնպիսիներ, ինչպես, օրինակ՝ հարուստն աղքատ Ղազարոսի առակում, ովքեր ունեն Մովսեսին ու մարգարեներին, սակայն չեն կամենում լսել նրանց (տե՜ս Ղուկ. ԺԶ 29), որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին: Արդ՝ նրանց միայն ամենակարող Քրիստոս կարող է ուղղել, իսկ մեզ համար այս է զարմանալի, թե ինչպես աստվածատուր Օրենքը պատկերվեց պահքի օրերի թվի չափով, որը պետք է պահել զգուշությամբ՝ առանց պաշտոն ու պատիվ մատուցելու որովայնին և առանց արհամարհելու Աստծու պատիվն ու պատվիրանները, որը զանց առնելու դեպքում, ըստ Օրենքի, Աստծուն ենք արհամարհում: Հետևաբար որկրամոլների համար ասվածը նրանց էլ է վերաբերում. ՙՆրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը՚ (Փիլիպ. Գ 19), ովքեր չլսեցին Պողոսի խրատները, թե՝ ՙԼավ է շնորհներով ամրացնել սիրտը և ոչ թե կերակրով՚ (Եբր. ԺԳ 9): Որոնց համար ասում է նաև. ՙԼալով եմ ասում, որ շատերն ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչին՚ (Փիլիպ. Գ 18), այդպիսիները չեն կարող վերցնել Քրիստոսի խաչը՝ ըստ Փրկչի պայմանի, և հետևել Նրան. ՙԵթե մեկը կամենում է Ինձ հետևել, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ ետևից՚ (Մատթ. ԺԶ 24), այլ հետևում են հրեական անաստված վարդապետությանը, որով կորան Հեղիի որդիները, և Իսրայելն էլ մատնեցին կործանման, իսկ Տապանակը՝ գերության (տե՜ս Ա Թագ. Դ 17): Այդպիսիներն ամեն ինչ ծառայեցնում են որովայնի պետքերին և Սուրբ Գրքից վկայություններ են փնտրում իրենց ծույլ ու մեղկ վարքը արդարացնելու համար և չեն դադարում տարուբերվելուց՝ իրենց ու իրենց հետևորդների անձերին կորուստ պատճառելով:
Բայց դու, որ Քրիստոսի աշակերտն ես և սիրողը Ճշմարտության, եկ հնից նորի՜ն փոխվիր և տե՜ս սուրբ առաքյալների և վարդապետների ավանդածը, որոնց կյանքն ամբողջովին պահք է եղել, և որոնց գլխավորը՝ Պետրոսը, լոռով՝ խոնավ տեղերում աճող խոտաբույսով էր հոգում իր կարիքները: Իսկ Պողոսն իր մասին ասում է. ՙԲազում անգամ եղա առանց մի պատառ հացի՚ (Բ Կորնթ. ԺԱ 27): Եվ սա ոչ թե ավելորդ կերակրի մասին է ասում, որից ամբողջովին հրաժարվել էր, այլ կարևոր և հարկավոր, որի մասին մեկ այլ դեպքում ևս վկայում է. ՙԱյս տասնչորսերորդ օրն է, որ դուք, քաղցած, սպասումով եք անցկացնում և դեռ ոչինչ չեք կերել՚ (Գործք. ԻԷ 33): Արդ՝ երանելի առաքյալները միաբերան այս պահքը քարոզեցին, որը Մովսեսն ու Եղիան էին սկզբնավորել, և այդ նույն Հոգով նաև Հովհաննեսը պահեց, և այս պահքը պահելը Փրկչով ամբողջացվեց:
Արդ՝ գիտենք մեր փրկությունը և սատանայի պարտությունը, ով հպարտանալով ելավ բարձունքը և գողի չարությամբ մեզ գերեց ու բնակեցրեց երկրի վրա՝ փոխանակ Դրախտի: Արդ՝ քանի դեռ երկրի վրա ենք ու մարմնի մեջ, հալածվում ենք խավարասեր բանսարկուի կողմից և հոգով ու մարմնով վիրավորվում մեղքերի ախտից, պետք է ամեն տարի, նույն ժամանակին, կատարենք պահքի մեր փրկության նույն խորհուրդը:
Պահենք այս քառասնօրյա պահքը, որպեսզի հրեղեն անձրևները մեզ չմաշեն, ինչպես ՙբարկության անձրևը՚, որ պիտի ողողի մոլորեցնողներին (տե՜ս Եզեկ. ԺԳ 13), ինչպես որ Նոյի ժամանակների քառասնօրյա անձրևները խորտակեցին մեղավորներին:
Չծուլանանք մենք ևս ու պահենք, որպեսզի փորձառություն ու հեզություն ձեռք բերենք և չարժանանանք անասելի բարկությանը: Նաև ծոմաջան աշխատությամբ և շարունակ ընթերցումներով զգուշավոր լինենք Ավագ շաբաթվա օրերին:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյան

Նյութի աղբյուր` http://ter-hambardzum.net/

0 коммент.:

Отправить комментарий