вторник, 10 сентября 2013 г.

«Հայաստանի չծնվող մայրերը»

Bargart eps1
Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սեռով պայմանավորված պտղի արհեստական ընդհատման խնդիրը Վերջին շրջանում Հայաստանում ակնառու են դարձել մի շարք կենսաբարոյագիտական խնդիրներ, որոնք դեռևս ամբողջությամբ գիտակցված չեն, սակայն հետևողականորեն արմատավորվում են մեր հանրության կյանքում: Բազմաթիվ խնդիրների շարքին արդեն իսկ որոշակիորեն վտանգավորության աստիճանի է հասել հղիության արհեստական ընդհատումը (աբորտ), և դրա սարսափելի տեսակը` պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումը (սելեկտիվ աբորտ)՝ իր անդառնալի ծանր հետևանքներով մեր ժողովրդի և երկրի համար:
Խնդիրը բազմաշերտ և ընդգրկուն է` ներառելով աղջիկների նկատմամբ տղա երեխաների ունեցած գերապատվության թյուր մտածողությունը, բժիշկ-հիվանդ հարաբերության կոռուպցիոն ռիսկերը, առողջապահական զարգացած տեխնոլոգիաների սխալ և անվերահսկելի կիրառումը, մարդկային իրավունքի բացարձակեցումն ու պատասխանատվության անտեսումը, կանանց իրավունքի խախտումը և խտրականության դրսևորումը, աստվածաբանական, մարդաբանական, բարոյագիտական, ժողովրդագրական, իրավական եզրաշերտը և վերջապես երկրի անվտանգության ռազմավարական գերագույն նշանակությունը:
Այս երևույթը հետևանքն է նաև այսօրվա «աշխարհիկ մարդ» ստեղծելու և «աստվածասպան» լինելու ձևավորվող արժեհամակարգի, որտեղ մարդու արժանապատվությունը ամբողջությամբ մերժված է՝ ձգտելով նրան հոգեմտավոր էակից վերածել տնտեսական էակի:
Ներքոբերյալ ուսումնասիրությունը հիմնված է 1991թ.-ից մինչև 2010-ը ՀՀ մարդահամարի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների, «Ժողովրդագրության և առողջապահության հետազոտական» (ԺԱՀ) կենտրոնի, (2005, 2010), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA 2011) և զանազան այլ միջազգային, տեղական կազմակերպությունների, գիտական ուսումնասիրությունների, պարբերականների և լրատվական աղբյուրների վրա: Ըստ համաշխարհային մի շարք կազմակերպությունների` աշխարհում օրական տեղի է ունենում 126.000, իսկ տարեկան 43.8 միլիոն հղիության արհեստական ընդհատում՝ 78% զարգացած կամ զարգացող, իսկ 22%՝ ոչ զարգացած երկրներում:
Համաձայն Հայաստանում «Ժողովրդագրության և առողջապահության հետազոտական» (ԺԱՀ) կենտրոնի (2005), նախկին խորհրդային հանրապետությունների նման Հայաստանում ևս պտղի արհեստական ընդհատումը (աբորտ) հիմնական ձևն ու միջոցն էր ծննդյան վերահսկողության առումով: Այն օրինականացվել է 1920թ.-ին, ապա արգելվել 1936թ.-ին, ապա վերստին օրինականացվել 1955թ.-ին: Խորհրդային միության անկումից հետո` 2002թ.-ին, ՀՀ Ազգային ժողովն օրենք է ընդունել «Վերարտադրողական առողջության և Վերարտադրողական իրավունքի մասին», որով օրինականացրել է պտղի արհեստական ընդհատումը՝ թույլատրելի սահման դնելով պտղի մինչև 12 շաբաթական հասունությունը: Այսօր աշխարհում օրական 500 կին է մահանում արհեստական ընդհատումից: Համեմատելով Հայաստանի հետ, ԺԱՀ-ի տվյալներով 2000 թ.-ին մայրական մահացածության աստիճանը 10-20% է, որը սակայն 2005-ին կազմել է 5%:
Այսուհանդերձ, այս ցուցանիշը չափազանց բարձր է մոտ 3.000.000 բնակչություն ունեցող Հայաստանի նման երկրի համար, որտեղ հղիության արհեստական ընդհատումները կազմում են 45% (45% 2-3 անգամ, 11% 4-5, 8% 6 և ավելի): Վերջին քսան տարում մի շարք երկրներում՝ Չինաստան, Հնդկաստան և Հարավային Կորեա, հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց 104-106 տղաների ծննդյան կենսաբանական մակարդակի համեմատ՝ նորածինների սեռերի հարաբերակցության մեջ տղաների ծնունդների աստիճանական աճն առաջին հերթին սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետևանք է։
Հայաստանում այն շոշափելիորեն աճել է անկախության ձեռք բերումից անմիջապես հետո և այժմ էլ շարունակում է մնալ շատ բարձր աստիճանի վրա՝ յուրաքանչյուր 100 նորածին աղջկա դիմաց 114-115 նորածին տղա հարաբերությամբ։ Այս հարաբերակցությունը աշխարհում դիտարկված ամենաբարձր ցուցանիշներից մեկն է. այն զիջում է միայն Չինաստանին (118) և Ադրբեջանին (116): Հայաստանում ծնելիության կտրուկ անկում է գրանցվել 1980-ականների վերջերից, երբ միջին ծնելիությունը 2,5 երեխա էր: Ընտանիքի մեծությունը շեշտակիորեն կրճատվել է 2002-ին՝ հասնելով նվազագույն մակարդակի՝ 1,2 երեխայի: 2000թ.-ին նորածինների սեռերի հարաբերակցությունը հասել է 120-ի (բացառիկ բարձր ցուցանիշ), այսինքն` այն Հայաստանում հասել էր իր բարձրակետին։
Ինչպես 2010-ին, այնպես էլ 2011-ին այն եղել է կայուն՝ կազմելով 114-115 տղա յուրաքանչյուր 100 աղջկա համեմատ: Հարկ է նշել, որ երրորդ երեխայի և տղա չունեցող ծնողների շրջանում նորածինների սեռերի հարաբերակցությունը 2000-ին հասնում է 150 տղայի՝ յուրաքանչյուր 100 աղջկա համեմատ։ Ցավալիորեն այս չափազանց բարձր հարաբերակցության մակարդակը, ըստ էության, աճել է 2001-2010թթ., երրորդ ծննդաբերության դեպքում հասնելով միջինը 173-ի։
Արական սեռի նորածինների գերակշռության այս մակարդակն աշխարհի որևէ այլ երկրում զուգահեռը չունի։
Ծնողները ոչ միայն սեռային նկատառումներով և տղա երեխա չունենալու պատճառով են որոշում երրորդ երեխան ունենալ, այլև հիմնականում հրաժարվում են «ոչ ցանկալի» աղջիկ երեխա ունենալուց։ Այս ընթացքով 2020 թ.-ից սկսյալ չափահասների շրջանում զգալիորեն կգերակշռի տղամարդկանց թիվը: Եթե այն մնա ներկայիս վիճակում (ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեկան 1400 աղջիկ երեխաներ չեն ծնվում այս պատճառով), ապա 2040թ. կհասնի 30.000-ի: Սեռերի այս անհամամասնությունը կարող է լրացուցիչ դրդապատճառ հանդիսանալ տղամարդկանց արտագաղթի համար, միաժամանակ հանգեցնելով ամուսնության հետաձգման և ամուրիության մակարդակի աճին Հայաստանում մնացող տղամարդկանց շրջանում: Այս մտահոգությունը արծարծված է նույնիսկ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որտեղ խստագույնս դատապարտվել է նման վարքագիծը Հայաստանում և տարածաշրջանում (Վրաստան, Ադրբեջան և Ալբանիա)՝ 2012թ., 1829 բանաձևով:
Բ) ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ և ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Հակառակ խնդրի ոչ զանգվածային բարձրաձայնմանը և նվազ հասարակական հնչեղությանը, այն առկա է և անհրաժեշտ է հրատապ կերպով անդրադառնալ, համապատասխան մոտեցումներ ցուցաբերել հասարակության բոլոր շերտերի ներգրավմամբ` դիտարկելով հետևյալ տեսանկյուններից.
Ա) Աստվածաբանական
– Մեր Եկեղեցու Ուղղափառ մտածողությամբ՝ հիմնված Աստուածաշնչի և Հայրերի ուսուցումների վրա, պտղի արհեստական ընդհատումն ընդհանրապես քննվում է սուրբգրային մարդաբանության, անձ հասկացողության, մարդկային արժանապատվության, իրավունքի և պատասխանատվության և ոչ թե սոցիալական հատկանիշների կամ քաղաքական գործընթացների լույսի ներքո: Այս իմաստով առանցքային ըմբռնումն այն է, որ մարդը (կին և տղամարդ) ստեղծված է Աստուծո պատկերով և կոչված է Նրա նմանության (Ծննդ. 1:26-28) և հետևաբար բոլոր գործողությունները պետք է բխեն այս հաստատումից, այլապես մարդու արժանապատվությունը կհավասարեցվի սոսկ թվանիշի՝ լինելով աննպատակ և առանց հույսի: Պտղի բեղմնավորումը Աստծու թանկագին պարգևն է՝ արարչագործության թագն ու պսակը, անկախ սեռի պատկանելությունից, ընդգծելով մարդկային կյանքի սրբազան բնությունն ու էությունը. «Ամեն բան Նրանով եղավ, և առանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ: Նրանով էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն էր» (Հովհ. 1:3-4), «Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտեի, և արգանդից դեռ դուրս չեկած՝ ես քեզ սրբեցի» (Երեմիա 1:5): Երկրորդ եզրաշերտը՝ մայրության վեհությունն ու սրբությունն է, որն արտահայտված է Աստվածամոր միջոցով, որով նաև մեծապես արժևորվում և գնահատվում է կնոջ արժանապատվությունն ու դերը հասարակության մեջ: Այսինքն՝ կինը, իր ուրույն տեղը և հավասար դերակատարությունն ունենալով հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, չի կարող նկատվել և ընկալվել սոսկ վերարտադրողության գործիք, գործարան և միջոց: Աստվածամոր կերպարի միջոցով կինն ամբողջացնում է «Սիրո Աստվածաբանությունը» իր մայրության, անսահման սիրո, խնամքի և կարեկցանքի շնորհով: Հետևաբար, պտղի արհեստական ընդհատումը, հատկապես սեռով պայմանավորված, մեղք է և դատապարտելի հավասարապես թե՛ կամավորապես այն գործող մոր, թե՛ պարտադրող հոր կամ ընտանիքի և թե՛ զանազան պատճառներով այն իրականացնող բժշկի կողմից:
Բ) Իրավական/օրենսդրական
– Անկախ այն հանգամանքից, որ նման վարքագիծը դատապարտելի է բարոյական, բարոյագիտական, աստվածաբանական, հասարակագիտական, մարդաբանական և մարդու իրավունքի տեսանկյուններից, այն նաև հակաօրինական է և բնականաբար՝ հանցագործություն: Հայաստանում Վերարտադրողական առողջության մասին օրենքը պտղի արհեստական ընդհատման թույլատրելիությունը սահմանում է մինչև 12 շաբաթյա հղիությունը (անկախ մեր մերժելի վերաբերմունքից), մինչդեռ բժշկագիտության մեջ պտղի սեռը որոշվում է 16-24 շաբաթյա ժամանակահատվածում: Միայն այս կտրվածքով նման վարքագիծը պետք է նկատվի հանցագործություն իրականացնողների և պարտադրողների կողմից, օրենքից բխող բոլոր հետևանքներով:
Գ) Բարոյական և բարոյագիտական
– Այսպիսի վարքագծի զարգացմանը նպաստել են նաև կենսագիտական բժշկական զարգացած տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում, որոնք կիրառվում են սխալ նպատակով: Ըստ վիճակագրության՝ տղաների և աղջիկների հարաբերակցության այսպիսի մեծ անհամամասնությունը նկատելի է հատկապես 1990-ականներին, երբ հասանելի դարձան զարգացած տեխնոլոգիաները: Այս առումով անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել` կանխելու այս սխալ գործելակերպը՝ տեխնոլոգիաները ծառայեցնելով ոչ թե պտղի սեռն ու նրա ճակատագիրը որոշելուն, այլ որպես սոսկ հղիության բժշկական քննության միջոց: Դ) Հասարակական – Ըստ ՀՀ Պետական Վիճակագրական Ծառայության հաղորդման` 2011 թ. ծնվել է 43.000 երեխա՝ 23.000 տղա և 20.000 աղջիկ: Մասնագետներն ահազանգում են, որ այսպիսի տարբերությունը պայմանավորված է պտղի աղջիկ սեռի արհեստական ընդհատմամբ: Հստակ է, որ այս ընթացքը ժողովրդագրական փոփոխության և անհավասարակշռության իրավիճակ է ստեղծելու: Առանց արմատական և վճռական գործողությունների և միջոցների ներդրման ՀՀ-ն կկանգնի կանանց սակավության լուրջ խնդրի առջև: Հետևաբար, բոլոր շահագրգիռ կողմերը պետք է համախմբեն ուժերը` օրենքի, կրթության և քարոզչական զանազան միջոցներով կանխելու այս խտրական վերաբերմունքը:
Ե) Կրթություն/Քարոզչություն/Տեղեկացվածություն
– Մեր առողջապահական համակարգում այս խնդրի առնչությամբ զգալի է կրթական և քարոզչական նյութերի բացակայությունը, լավագույն դեպքում դրանք պատահական և չհամակարգված ձևով են: Հետևաբար անհրաժեշտ է նախաձեռնել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կբարձրացնեն տեղեկացվածության մակարդակը և կլուսաբանեն այս վարքագծի անդառնալի և աղետալի հետևանքները: Ծրագրերը պետք է տարածվեն ԶԼՄ-ների կողմից հանրային ուշադրությունը գրավելու և քննարկումներ ծավալելու ուղղությամբ: Այս առումով պետք է նաև երկարաժամկետ ռազմավարություն մշակել և կիրառել հասարակական բոլոր շերտերի՝ հոգևոր, առողջապահական, հասարակական, քաղաքացիական, քաղաքական խմբերի ներգրավմամբ և համագործակցությամբ: Հատկապես անհրաժեշտ է ստեղծել ազգային հայեցակարգ լուծումներ առաջադրելու, մասնավորաբար կնոջ դերի բարձրացման և արժևորման, սեռային խտրականության վերացման նպատակով` նկատի ունենալով մեր ժողովրդին բնորոշ բարոյահոգեբանական ընկալումները, ընտանեկան արժեքները, շահերը, չափանիշներն ու ըմբռնումները:
Գ) ԱՄՓՈՓՈՒՄ
Ակնհայտ է, որ Հայաստանում պտղի ընդհատում-սպանությունը (և դրա վատագույն տեսակը) լայն կիրառություն է ստացել, որն իրականացվում է մարդու իրավունքի և ինքնիշխանության պաստառի ներքո: Զարմանալիորեն, այս առումով մեծ տարբերություն գոյություն չունի քաղաքային և գյուղական շրջանների, հարուստ կամ աղքատ խավերի, կրթություն կամ թերի կրթություն ունեցողների միջև: Հետևաբար խնդիրը պայմանավորված չէ սոսկ սոցիալ-տնտեսական պայմաններով, այլ առկա բարոյահոգեբանական մտածողությամբ: Սա ահազանգող իրավիճակ է, որը կարիք ունի լրջագույն մոտեցման, մի նոր տեսակի «ցեղասպանություն» կամ ավելի ճիշտ՝ «սեռասպանություն», որը սպառնում է մեր երկրին և նրա ապագային:

0 коммент.:

Отправить комментарий