суббота, 14 сентября 2013 г.

Բամբասանքի սարդոստայնում


Բամբասանք` անմեղ, առօրյա, կենցաղային զրույց. ահա այսպիսի բնորոշում կարող են տալ շատ մարդիկ մի երևույթի, որն անգամ ազգային առանձնահատկություններ ունի և կարծես յուրօրինակ «համեմունք» է դարձել մարդկային հարաբերություններում: Սակայն բավական է մի փոքր քննել այս երևույթը, թե ինչպե՞ս է այն դրսևորվում, ի՞նչ է ենթադրում կամ ի՞նչ նպատակ է հետապնդում, ապա կտեսնենք բոլոր այն վտանգները, որոնք կանգնած են բամբասանքի ստվերում:
Դժվար չէ նկատել, որ բամբասանքը երբեք հրապարակային չի լինում, փաստեր ու ապացույցներ իր մեջ չի պարունակում: Այն երկու կամ մի քանի անձանց միջև թաքուն զրույց է, այն երրորդի մասին, ով բացակա է, ով չի կարող հաստատել կամ հերքել այդ տեղեկատվությունը: Այն արագ տարածվելու ու վարակելու հատկություն ունի. մեկը մի բան է ասում, մեկ ուրիշ բան՝ մյուսը և այդպես շարունակ: Դա է հուշում նաև բառի կազմությունը. նրա «բամբաս» հիմքի գրաբարյան «բամ»-ը նշանակում է «ասում եմ», և «բաս»-ը՝ «ասում ես» (Տե՛ս Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հտ. Ա, Ե. 1971, էջ 385):

Արդյո՞ք բամբասանքի  թաքուն լինելը նշանակում է, որ այն մեղսավոր է…
Եթե այն անվնաս ու սովորական երևույթ է, ինչո՞ւ է այն պատված «խորհրդավորության շղարշով», ի՞նչն է մեզ խանգարում մեր զրույցի «հերոսի» հետ առերես խոսելու կամ նրա ներկայությամբ զրուցելու թվացյալ ճշմարտության մասին: Ի վերջո  մենք երբեք չենք բամբասում այն մարդկանցից, ում սիրում ենք, վստահում, երբեք չենք թաքցնում մի բան, որը բարի ու ճշմարիտ է, գովասանքի ու դրվատանքի արժանի:

Ի՞նչն է դրդում մեզ բամբասել...
«Նախանձը, ատելությունը, չարությունը, ոչինչ չանել ու ամեն ինչ ունենալու ցանկությունը և մի շարք այլ տարաբնույթ պատճառներ, որոնք կարող ենք որակավորել որպես բարոյականության անկում, կարող են բամբասանքի դրդապատճառ լինել»,- ասում է Տեր Եսայի քհն. Արթենյանը և հավելում, որ վերջինիցս զերծ մնալու ուղին` սեփական կյանքով լիարժեք ապրելու ցանկությունն է և այդ գործում իրեն տրված բոլոր հնարավորությունները ներդնելու ձգտումը:

«Եղբայրնե՛ր, մի՛ բամբասեք միմյանց: Ով բամբասում է իր եղբորը կամ դատում է նրան, նա բամբասում է Օրենքը կամ դատում է Օրենքը: Իսկ եթե Օրենքն ես դատում, նշանակում է, թե Օրենքը գործադրող չես, այլ նրա դատավորը» (Հակոբոս 4.11): Աստվածաշնչյան այս խոսքերը հուշում են մեզ, որ բամբասանքի հետևում կանգնած է մեծամտությունը, որը մեզ իրավունք է վերապահում դատել դիմացինի արարքները, գնահատական տալ, հաճախ նաև զրպարտել: Մենք քար ենք նետում մեր մերձավորի վրա՝ մոռանալով Քրիստոսի պատգամը. «Ձեր միջից անմեղն ի՛նքը թող առաջին քարը գցի նրա վրա» (Հովհաննես 8.7):
«Ոչ մի տգեղ խոսք թող չելնի ձեր բերանից: Խոսեցե՛ք միայն այն, ինչ-որ պետք է, ինչ-որ բարի է` ուրիշների հավատն ամրապնդելու համար, որպեսզի լսողները լցվեն Աստծո շնորհով» (Եփեսացիներ 4.29):

Իսկապես, ինչո՞ւ բամբասել, եթե կարելի է կարեկցել, ցավել, ուրախանալ, օրհնել. չէ՞ որ այն չի կառուցում, այլ քանդում է հարաբերությունները, վնասում ու ցավ պատճառում մարդկանց: Այն մեծամտության ու փառասիրության մի գործիք է, որը մեզ հեռացնում է Աստծուց:

Բամբասանքը շատ գայթակղիչ կարող է լինել, ու մենք շատ անզգուշորեն կարող ենք ընկնել նրա թակարդը: Աշխատանքային միջավայրում, ընկերական շրջապատում, անգամ ընտանեկան հավաքույթներին մտերմիկ զրույցը կարող է շատ աննկատ վերածվել բամբասանքի: Եթե անգամ մենք նպատակ էլ չունենք ներգրավվելու խոսակցությանը ու խիստ դիրքորոշում ունենք այդ հարցի վերաբերյալ, «մտերմիկ» զրույցին մասնակցելու կամ սեփական կարծիքը հայտնելու ցանկությունից դրդված կամ, պարզապես, անքաղաքավարի չերևալու համար, մենք կամա թե ակամա մասնակից ենք դառնում բամբասանքի: Ի վերջո, երբ բամբասանքը թակում է մեր դուռը ու դառնում մեր առօրյա «ընկերը», նախանշան է այն բանի, որ քրիստոնեական սերը պակասել է մեր մեջ, մեր հարաբերություններում այսպես ասած «դատարկություն» է առաջացել: Ինչ-որ բան մեզ մոտ սկսել է վատ ստացվել, ու դա տեսնելու և շտկելու փոխարեն մենք փախչում ենք դրանից՝ մատնացույց անելով ուրիշների սխալներն ու թերությունները, թերագնահատելով ու չարախոսելով նրանց հաջողությունները... մեր կյանքը դադարել է երջանիկ  ու ինքանաբավ  լինել, ու մեր աչքը   «ծակում» է ուրիշի երջանկությունը:

Ի վերջո, մի հարց տանք ինքներս մեզ` բամբասելով, ո՞ւմ օրինակին ենք մենք հետևում` Քրիստոսի թե նրա, ով կոչվեց զրպարտիչ...
Բամբասանքից խուսափելու համար կարելի է լռել, բայց հաճախ լռությունը մարդիկ ընկալում են որպես համաձայնության նշան, և արդյո՞ք վերջինիս  ականջալուր լինելը մեզ բամբասանքի համախոհ չի դարձնում: Փորձեք փոխել զրույցի ընթացքը ու ուշադրությունը հրավիրել խոսակցության օբյեկտի դրական կողմերի վրա կամ հմտորեն խոսակցության թեման փոխեք. չէ որ այնքան հետաքրքիր թեմաներ կան, որոնց մասին կարելի է ժամերով խոսել…

Թագուհի Սեխլեյան


0 коммент.:

Отправить комментарий